Տուժող կողմը Լևոն Գուլյանի գործի վերաբերյալ

Լևոն Աշոտի Գուլյանի գործով մամուլի հրապարակումներին, ՀՀ ոստիկանության հայտարարություններին և թիվ 402 դատաբժշկական եզրակացությանը ծանոթանալուց և դրանք վերլուծելուց հետո ս.թ. հունիսի 26-ին Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ Հելսինկյան ասոցիացիան հանդես եկավ մամուլի ասուլիսով, որտեղ կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանը մասնավորապես նշում էր, որ ՙԼևոն Գուլյանին միանշանակ սպանել են ոստիկանականությունում՚: Կազմակերպության անդամները լրագրողներին ներկայացրեցին այս պնդումը հիմնավորող փաստեր: Միաժամանակ նշվեց, որ դատախազության քննիչ Հ. Չախոյանը ոտնահարում է տուժող կողմի իրավունքները. թեպետ նախաքննական մարմինը տուժողին տրամադրել է թիվ 402 դատաբժշկական եզրակացությունը, սակայն հրաժարվում է տրամադրել քրեագիտական-մանրաթելային և դատաքիմիական համալիր, դատակենսաբանակ, մատնադրոշմային փորձագիտական եզրակացությունների պատճենները, ինչը հակասում է նույն դատախազության և ՀՀ ոստիկանության` ՙթափանցիկ՚ քննություն անցկացնելու մասին նախնական խոստմանը և ցույց է տալիս, որ քննությունն ընթանում է դատախազության ապօրինություններով: Ավելին, 2006թ. հունիսի 14-ին Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների Նախարարների կոմիտեի թիվ 967 նստաշրջանի ժամանակ ընդունված ՙհանցագործություններից տուժողների աջակցման՚ բանաձևի 6.1 կետի համաձայն ՙպետությունները պետք է ապահովեն, որպեսզի տուժողները ստանան իրենց գործի վերաբերյալ տեղեկություններ` իրենց շահերի և իրավունքների պաշտպանությունն իրականացնելու համար՚: Նույն բանաձևի 6.2 կետի համաձայն ՙայս տեղեկությունը պետք է տուժողին տրամադրվի այն պահին, երբ նա այդ հարցով դիմում է իրավապահ մարմիններին՚: Այլ կերպ ասած, դատախազության կողմից մեզ փորձագիտական եզրակացությունների պատճենները չտրամադրելն անօրինական է:
Լ. Գուլյանի սպանությունից հետո Հելսինկյան ասոցիացիային դիմեցին ինչպես տուժող Լ. Գուլյանի իրավահաջորդները, այնպես էլ նույն գործի շրջանակներում ոստիկանության ապօրինություններից տուժած Հայկ Սարգսի Մելքումյանն ու Մարինե Հրանտի Գրիգորյանը: Լ. Գուլյանի իրավահաջորդները Միքայել Դանիելյանին ճանաչեցին որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ: Ստանձնելով այս պարտավորությունը` Հելսինկյան ասոցիացիայի նախագահը նախաքննական մարմնին է ներկայացրել մի խումբ միջնորդություններ.
ա/ տուժողին ներկայացնել դեպքի վայրում և դիահերձարանում արված դիակի լուսանկարների կրկնօրինակները;
բ/ վերը նշված փորձագիտական եզրակացությունների պատճենները;
գ/ տուժողին տրամադրել տեղեկանք այն մասին, թե մայիսի 9-12-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի ոստիկանական որ բաժանմունքներում որ քր. գործով և ինչ կարգավիճակով է հարցաքննվել Լ. Գուլյանը, ներկայացնել այն ծանուցագրերի պատճենները, որոնց հիման վրա Լ. Գուլյանը հրավիրվել է նշված բաժին և ՀՀ ոստիկանության ՔՀ գլխավոր վարչություն /նշենք, որ նման ծանուցագրեր իրականում չկան/;
դ/ քր. գործին կցել բոլոր այն ցուցմունքների պատճենները, որոնք հանգուցյալ Լ. Գուլյանը տվել է մայիսի 9-12-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանական տարբեր կառույցներում:
Հաշվի առնելով այն փաստը, որ թիվ 402 դատաբժշկական եզրակացությունը թերի է, հակասական, նրա հետևություններ բաժինը կարիք ունի լրացուցիչ եզրահանգումների և պարզաբանումների` կազմակերպությունն առաջարկել է տուժողի իրավահաջորդին, որպեսզի նա փորձագետին հարցաքննելու միջնորդություն անի և որպեսզի նախաքննական մարմինն այդ քննությանը մասնակից դարձնի նաև Հելսինկյան ասցիացիայի նախագահին և փորձագետին: Միջնոդությունը մեկ ամիս անց մերժվեց Հ. Չախոյանի կողմից: Տրվեց անհիմն պատճառաբանություն. ՙԼ. Գուլյանի դիակի դատաբժշկական փարձաքննության թիվ 402 եզրակացության շուրջ փորձագետ Ա. Դարբինյանին հարցաքքնելու մասին տուժողի իրավահաջորդ Ա. Գուլյանի միջնորդությունը հիմնավոր չէ, քանի որ նշված չեն, թե եզրակացության մեջ որ հարցերով բավարար չափով պարզ չեն և ինչ բացեր կան՚: Մենք համոզված էինք, որ այսպես թե այնպես քննիչն ստիպված է լինելու հարցաքննել փորձագետ Ա. Դարբինյանին, սակայն քննիչի լռությունը հուշում էր, որ այն կկատարվի առանց մեր մասնակցության և փորձ կարվի կոծկելու իրականությունը: Լ. Գուլյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Մ. Դանիելյանը նույն` Ա. Դարբինյանին հարցաքննելու միջնորդությամբ դիմել է Երևան քաղաքի դատախազության դատախազ Հրանտ Չախոյանին` պարզաբանելով Ա. Դարբինյանի կողմից տրված դատաբժշկական եզրակացության այն անորոշ կետերը, որոնք ՙմութ՚ են մնացել դատախազի համար` Աշոտ Գուլյանի միջնորդությունն ուսումնասիրելիս: Մեր ենթադրություններն այն մասին, որ Ա. Դարբինյանը կհարցաքննվի առանց մեր ներկայության, իրականություն դարձան, երբ մենք տեղեկացանք, որ դա տեղի է ունեցել 05.06.07թ.: Հ. Չախոյանը մեզ տեղեկացրեց, որ ՙ…որոշակի հարցեր պարզաբանելու նպատակով փորձագետ Ա. Դարբինյանը հարցաքննվել է: Վերջինիս հարցաքննությամբ պարզվել են որոշակի հարցեր և նրան հարցաքննելու անհրաժեշտություն նախաքննության ներկա փուլում չկա՚ (գրություն No 63200707 առ 16.08.2007թ.):
Վերջին 4 ամիսների ընթացքում ակներև դարձավ նաև, որ նախաքննական մարմինը չի ցանկանում համագործակցել և պարբերաբար ոտնահարում է տուժող կողմի իրավունքները: Գործի քննությունն սկսելուց ևեթ որդեգրած այս քաղաքականությունը դատախազ Հ. Չախոյանը շարունակեց և հաջորդ ամիսներին: Մանսավորապես մերժվեցին տուժող կողմի ներկայացված գրեթե բոլոր միջնորդագրերը: Նախ սկզբից պատճառաբանվում էր, որ Մ. Դանիելյանը չի համարվում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, թեև Մ. Դանիելյանը դեռևս 14.06.07թ. Հ. Չախոյանին պաշտոնապես ներկայացրել էր Գուլյանների կողմից իրեն տրված լիազորագիրը: Այնուհետև նախաքննական մարմնի գործունեության մեջ տեղի ունեցավ փոփոխություն և այժմ նրանք որդեգրեցին մեկ այլ քաղաքականություն, երբ ամեն կերպ փորձեցին խառնաշփոթ ստեղծել այս գործընթացի մեջ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախաքննական մարմինը գործում է օրենքից դուրս, տուժող կողմը և նրանց ներկայացուցիչը 08.08.07թ. նախ հանդես եկան հայտարարությամբ, որում մասնավորապես նշում էին բոլոր այն ոչ օբյեկտիվ գործողությունները, որոնց դիմում է նախաքննական մարմինը: Սակայն այս հայտարարությունն էլ մնաց անպատասխան: Ելնելով այս հանգամանքից` Ջ. Գուլյանը, Ա. Գուլյանը, ինչպես նաև նրանց ներկայացուցիչ Մ. Դանիելյանը 29.08.2007 թ. հանդես եկան Երևանի դատախազությանը և դատախազ Հ. Չախոյանին բացարկ հայտնելու միջնորդույամբ` պահանջելով քր. գործը տեղափոխել ՀՀ գլխավոր դատախազության վարույթ.
ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին
Թիվ 63200707 քր. գործով տուժողի ներկայացուցիչներ
Աշոտ Գուլյանից, Ջեմմա Գուլյանից,
տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Միքայել Դանիելյանից

Մ Ի Ջ Ն Ո Ր Դ Ա Գ Ի Ր

Շուրջ երեք ու կես ամիս է, ինչ Երևան քաղաքի դատախազությունում քննվում է մայիսի 12-ին ՀՀ ոստիկանության ՔՀ գլխավոր վարչությունում 12.05.2007թ. սպանված Լևոն Գուլյանի գործը: Ըստ մեզ, առաջին իսկ օրվանից խախտվել է օրենքը. դատախազ, գործով քննիչ Հրանտ Չախոյանը գործ է հարուցել ոչ թե քր. օր-ի 104 հոդվածի (դիտավորյալ սպանություն) հատկանիշներով, այլ 110 հոդվածի 1-ին մասով` հիմք ընդունելով Լ. Գուլյանի փախուստի վերաբերյալ ոստիկանների մերկապարանոց հայտարարությունը: Այս նույն համատեքստում պետք է դիտել նաև քննիչի կողմից բերված այն ՙփաստը՚, թե իբր Լ. Գուլյանը ՔՀ գլխավոր վարչություն է հրավիրվել ՙօպերատիվ հարցազրուցի նպատակով՚: Սա մենք դիտարկում ենք որպես քննիչի կողմից Լ. Գուլյանին ապօրինի և հանցավոր ճանապարհով գլխավոր վարչություն բերման ենթարկելու փաստի քողարկման անհաջող փորձ:
Այստեղից էլ հենց սկսվում է դատախազ, գործով քննիչ Հ. Չախոյանի անօրինականությունների շղթան, այսպես.
1. Տուժող կողմի ներկայացուցիչ Միքայել Դանիելյանը 14.06.2007թ ուղարկել է թվով 5, 27.06.2007թ, 02.08.2007թ և 07.08.2007 մի շարք այլ միջնորդագրեր, որոնց, սակայն, Հ. Չախոյանը մինչ օրս բացի մեկից, պատասխանի չի արժանացրել` նշելով, թե Մ. Դանիելյանը իր կողմից տուժողի ներկայացուցիչ չի ճանաչվել, և դա այն դեպքում, երբ առաջին իսկ միջնորդություններին կից Մ. Դանիելյանը ներկայացրել է իր` տուժողի ներկայացուցչի լիազորագիրը: Այս փաստը մենք դիտում ենք որպես Հ. Չախոյանի կողմից պաշտոնական դիրքի չարաշահում և միաժամանակ քր. գործը իրավական դաշտից թղթաբանական-բյուրոկրատական դաշտ տեղափոխելու փորձ;
2. Չնայած տուժող կողմի ներկայացուցիչներ Ա. Գուլյանի, Ջ. Գուլյանի և Մ. Դանիելյանի բազմաթիվ միջնորդություներին գործով կատարված փորձագիտական եզրակացությունների պատճենները տրամադրելու համար, բացի թիվ 402 դատաբժշկական փորձագիտական եզրակացությունից տուժող կողմին այլ փաստաթուղթ չի տրամադրվել այն պատճառաբանությամբ, թե Ա. Գուլյանը և փաստաբաններ Հ. Ղուկասյանն ու Ա. Կարախանյանը արդեն իսկ դատախազության շենքում ծանոթացել են այս եզրակացություններին: Նախ նշենք, որ տուժող կողմը այս քայլին է գնացել, քանզի Հ. Չախոյանը մերժել է տրամադրել եզրակացությունների պատճենները; երկրորդ` մեզ համար անհասկանալի է քննչական մարմնի տրամաբանությունը, ինչը ենթադրում է քր. դատ. օր-ի մի նոր, մեզ անհայտ հոդված, համաձայն որի, եթե տուժող կողմը ծանոթացել է այս կամ այն փորձագիտական եզրակացությանը, ապա նա զրկվում է դրա պատճենը ունենալու իրավունքից;
3. Չարաշահելով իր պաշտոնական դիրքը` Հ. Չախոյանը 2007թ. հուլիսի 20-ին իր մոտ է հրավիրել մայիսի 10-12-ն ընկած ժամանակահատվածում խոշտանգված, Լ. Գուլյանի սպանության փաստով հարուցված թիվ 63200707 քր. գործով վկաներ հանդիսացող Հայկ Մելքումյանին և Մարինե Գրիգորյանին և նվաստացնելով նրանց` դրդել է ցուցմունք տալ ոչ թե կատարվածի մասին, այլ Մ. Դանիելյանի դեմ առ այն, որ Հելսինկյան ասոցիացիայի նախագահը դրդել է Հ. Մելքումյանին և Մ. Գրիգորյանին իրենց նկատմանբ խոշտանգումների վերաբերյալ գրել հայտարարություն: Այնինչ, Մ. Գրիգորյանը և Հ. Մելքումյանը Հ. Չախոյանին տրված իր ցուցմունքներում նշել են, թե Հելսինկյան ասոցիացիա են եկել և հայտարություն են արել սեփական նախաձեռնությամբ, քանի որ իրենց նկատմամբ խոշտանգման վերաբերյալ նախկինում տված ցուցմունքից հետո և ոչ մի արդյունք չեն տեսել: Այսպիսով, Հ. Չախոյանը պարզորոշ ցույց է տվել իր բացասական վերաբերմունքը Մ. Գրիգորյանի, Հ. Մելքումյանի և նրանց հայտարարության հանդեպ` միաժամանակ ստիպելով, որպեսզի տուժողներն արդարանան իր առջև կատարած ՙանվայել՚ արարքի համար: Կատարվածը մենք դիտարկում ենք որպես տուժող կողմի հանդեպ շանտաժի անհաջող փորձ;
4. Տուժող կողմը բազմիցս հանդես է եկել գործով փորձագետ, 402 դատաբժշկական փորձագիտական եզրակացության հեղինակ Ա. Դարբինյանին հարցաքննելու միջնորդություններով, ինչը մերժվել է Հ. Չախոյանի կողմից այն պատճառաբանությամբ, որ ՙ…որոշակի հարցեր պարզաբանելու նպատակով փորձագետ Ա. Դարբինյանը հարցաքննվել է: Վերջինիս հարցաքննությամբ պարզվել են որոշակի հարցեր և նրան հարցաքննելու անհրաժեշտություն նախաքննության ներկա փուլում չկա՚ (գրություն No 63200707 առ 16.08.2007թ.):
Մինչդեռ, ծանոթանալով դատախազ Հ. Չախոյանի կողմից Ա. Դարբինյանի 05.06.2007թ. անցկացված հարցաքննության արձանագրությանը` տուժողի ներկայացուցիչ Մ. Դանիելյանը պարզեց, որ տարբեր ձևակերպումներով քննիչը տալիս է այն նույն հարցերը, ինչ թիվ 402 եզրակացության հարցերի N1, N2 և N6 կետ 2-ում և ստանում է նմանօրինակ պատասխաներ: Դրա հետ մեկտեղ քննիչը չի տալիս այն կարևորագուն հարցերը, որոնք ուղղակի պարտավոր էր տալ, քանզի հենց դրանց պատասխանները պետք է հուշեին նախաքննության հետագա ընթացքը: Օրինակ.
ա/ փորձագետը թիվ 402 եզրակացության մեջ չի պատասխանել քննիչի այն հարցին, թե ՙվնասվածքներ ստանալուց հետո որքան ժամանակ է կենդանի մնացել Լ. Գուլյանը…՚, դրանով իսկ խախտելով քր. դատ. օր-ի 85-րդ հոդվածը, սակայն Հ. Չախոյանից ՙվրիպել է՚ այս բացթողումը և փորձագետի հարցաքննության ժամանակ չի կրկնել այս հարցը;
բ/ գործով հակասություն է ծագել տուժողի իրավահաջորդ Ջեմմա Գուլյանի ցուցմունքների և եզրակացության հետևությունների կետ 13-ի միջև: Ջ. Գուլյանը նշում է, որ իր ամուսինը սպանության օրը կեսօրին մոտ` ժամը 12:30-ի սահմաններում, գալով տուն` ճաշել է, մինչդեռ թիվ 402 եզրակացության հետևությունների կետ 13-ում նշվում է. ՙԼ. Գուլյանի դիակի դատաբժշկան փորձաքննության ժամանակ նրա ստամոքսում սննդի առկայություն չի հայտնաբերվել՚: Դատախազ Հ. Չախոյանը կրկին ՙչի նկատում՚ այս աղաղակող հակասությունը, այն որ Լ. Գուլյանը չէր կարող մոտ 2 ժամվա ընթացքում իր կերածը ամբողջապես մարսել: Այս հակասությունը Հ. Չախոյանը նույնպես չի հարթում:
Այս փաստերը թույլ են տալիս մեզ ասել, որ Հ. Չախոյանը ակնհայտորեն չարաշահել է իր պաշտոնական դիրքը և փորձել է ստեղծել փորձագետի հարցաքննության պատրանքն ընդամենը մեկ` տուժող կողմին փորձագետին հարցաքննելու իրավունքից ապօրինաբար զրկելու նպատակով: Եվ սա այն դեպքում, երբ ողջ նախաքննությունը կառուցված է փորձագետ Ա. Դարբինյանի թերի, հակասական և շատ հաճախ մերկապարանոց եզրակացության վրա:
Ելնելով վերոհիշյալից` մենք գտնում ենք, որ մինչ օրս թիվ 63200707 քր. գործով կատարվել և կատարվում է միտումնավոր և միակողմանի նախաքննություն, բացարկ ենք հայտնում Երևանի դատախազությանը և դատախազ Հ. Չախոյանին և միջնորդում ենք քր. գործը տեղափոխել ՀՀ դատախազության վարույթ:

Տուժողի իրավահաջորդներ` Աշոտ Գուլյան
Ջեմմա Գուլյան
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ` Միքայել Դանիելյան

Լևոն Գուլյանի գործը շարունակում է մնալ Հելսինկյան ասոցիացիայի ուշադրության կենտրոնում, և Կազմակերպությունն ամեն ինչ կանի, որպեսզի բացահայտվեն սույն հանցագործության իրական մեղավորները` ՀՀ քաղաքացուն ապագայում նմանատիպ ողբերգություններից զերծ պահելու համար:


Թարմացված է 04.09.2007

  • Created on .
  • Hits: 2743
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

This web-site creation was made possible by the support of Counterpart International’s Civil Society and Local Government Support Program and the generous support of the American people through the United States Agency for International through “Helsinki Associaiton”. Content, views and opinions expressed herein are those of the author(s), and the responsibility of Helsinki Association and do not necessarily reflect the views of Counterpart Armenia, USAID or the United States Government.” 

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association