Դատական մշտադիտարկման երկօրյա դասընթաց Շիրակի մարզի Գյումրի քաղաքում

Սթ մարտի 9-10-ին «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն անցկացրեց ՀՀ-ի բոլոր մարզերում նախատեսված դատական մշտադիտարկման երկօրյա դասընթացների շարքի երկրորդ հանդիպումը։ Այն տեղի ունեցավ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Ծրագրով նախատեսված 20 տեղի համար ստացվել էր 51 դիմում-հայտ։ Հաշվի առնելով մշտադիտարկման գործի կարևորությունը և երիտասարդների շրջանում ակտիվ հետաքրքրվածությունը, որոշում կայացվեց ընդունել բոլոր հայտերը։ Մասնակիցների թվում էին տեղի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ակտիվիստներ, համալսարանականներ, քոլեջի ուսանողներ, արդար դատաքննության խնդիրներով հետաքրքրված այլ անձինք։

Դասընթացի առաջին օրը դասընթացավարներ Նինա Կարապետյանցը, Արա Ղարագյոզյանը և Արման Վեզիրյանը մասնակիցներին ծանոթացրին «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակում Հելսինկյան ասոցացիայի կողմից հրատարակված «Դատական մշտադիտարկում և լուսաբանում։ Արդար դատաքննության արտաքին երաշխիքներ» խորագիրը կրող ուղեցույցի հիմնական թեմաներին՝ հընթացս կիսվելով նաև փորձով և պատասխանելով մասնակիցների  հարցերին։

Հաջորդ օրը՝ դասընթացի գործնական փուլում մասնակիցներն այցելեցին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Խմբի անդամներից մեծ մասի համար այն առաջին այցելությունն էր։ Նախնական պայմանավորվածության համաձայն՝ դատարանի աշխատակազմի ղեկավար Սուսաննա Համբարձումյանն ընդունեց խմբին, ծանոթացրեց շենքի ընդհանուր կառուցվածքին։ Մասնակիցներին թույլ տրվեց տեսնել նաև արգելափակված գոտում գտնվող՝ ամբաստանյալների պահման համար առանձնացված խցերը, դատարանի արխիվը, թանգարանը։ Տիկին Համբարձումյանը դասընթացավարների հետ միասին մասնակցեց դատական մեծ դահլիճներից մեկում մոտ մեկ ժամ տևած թեմատիկ զրույցին, որից հետո մասնակիցները տեղափոխվեցին մեկ այլ դատական դահլիճ, որտեղ ներկա լինելով ընթացող քրեական գործով դատական նիստին՝ կատարեցին իրենց առաջին մշտադիտարկման փորձը։ Ի դեպ, նրանց աչքից չէին վրիպել կարևոր մանրամասներ, որոնք քննարկվեցին հանդիպման վերջում՝ աշխատանքների ամփոփման ժամանակ։ Մասնակիցներից շատերն իրենց խոր հետաքրքրությունն արտահայտեցին գործի հանդեպ։ Քննարկվեցին հետագա համագործակցության հնարավորությունները։

Դասընթացների շարքն ընթացքի մեջ է։ Այն իրականացվում է «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և «Իրավունքի ուժ»  հասարակական կազմակերպությանհամագործակցությամբ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով


© HAHR. All rights reserved.
Designed by Hakob Jaghatspanyan.

Էջի սկիզբ