Դատարանը մերժեց գլխավոր դատախազի բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բողոքը։ Դատախազը բողոք էր ներկայացրել Արայիկ Մուրադյանի գործով։

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը կարճել էր պաշտպան Արայիկ Պապիկյանի պաշտպանյալ Արայիկ Մուրադյանի նկատմամբ հարուցված քրեական գործը։ Վերջինս մեղադրվում էր սպանության փորձ կատարելու մեջ։

Թե նախաքննության, եւ թե դատաքննության ընթացքում պաշտպանական կողմը պահանջել էր արարքը վերաորակել՝ Քրեական օրենսգրքի 112՝ ծանր մարմնական վնասվածք պատճառելը կամ 113՝ թեթեւ մարմնական վնասվածք պատճառելը, հոդվածներով։ Թեեւ գործով տուժողն էլ որեւէ բողոք չուներ, սակայն մեղադրանքի կողմը պնդել էր մեղադրանքը։ Դատավոր Լուսինե Աբգարյանը, սակայն, Արայիկ Մուրադյանի արարքը վերաորակել է ՔՕ 113 հոդվածով եւ, տուժողի բողոքի բացակայության հիմքով, քրեական հետապնդումը կարճել։

Դատախազությունը 30-oրյա ժամկետից ուշ էր ներկայացրել բողոքը՝ նշելով, որ խաթարվել է արդարադատության բուն էությունը։ Պաշտպան Արայիկ Պապիկյանը, սակայն նշում է, որ որեւէ հիմք չկա դրա վերաբերյալ։

Դատախազությունը պահանջում էր բեկանել 22.08.2018 թ դատավճիռը, Արայիկ Մուրադյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 34-105 հոդվածով նախատեսված հանցանքի կատարման համար և նշանակել պատիժ` մեկ տարի ժամկետով ազատազրկման ձևով։ Ի դեպ, շուրջ մեկ տարի Արայիկ Մուրադյանը գտնվել է կալանքի տակ։

Դատավոր Մխիթար Պապոյանը մեղադրողից հետաքրքրվեց, թե ինչու են պահանջում մեկ տարվա ազատազրկում, երբ անձը համարյա մեկ տարի անցկացրել է կալանավայրում։

Մեղադրողը դատավորի ինչպես այս, այնպես էլ մյուս հարցերին չպատասխանեց։

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավորը մերժեց բողոքը՝ ուժի մեջ թողնելով Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով


© HAHR. All rights reserved.
Designed by Hakob Jaghatspanyan.

Էջի սկիզբ