Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանն այսօր մերժեց փաստաբան Վահե Գրիգորյանի հայցն ընդդեմ Փաստաբանների պալատի։
Փաստաբան Վահե Գրիգորյանը դատարանից պահանջում էր անվավեր ճանաչել պալատի նախագահի և խորհրդի որոշումները։ Նա մեղավոր է ճանաչվել «Փաստաբանի վարքագծի կանոնագրքի» խախտման համար։ Դեռ 19.01.2018թ. Վահե Գրիգորյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ ՀՀ Փաստաբանների պալատի` խնդրելով անվավեր ճանաչել ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի 10.05.2017թ. թիվ 127-Ա/ԿԳ-17027 և խորհրդի 16.11.2017թ. թիվ ԿԳ/101-Ա որոշումները: Իսկ մեղավոր ճանաչվելու համար հիմք էր հանդիսացել փաստաբան Գեւորգ Գեւորգյանի դիմումը։
Պատմությունը սկսել էր փաստաբան Տիգրան Աթանեսյանի` ՖԲ-ում «Attorney at Law» խմբում կատարած գրառումից հետո հայցվոր Վահե Գրիգորյանի կողմից արված մեկնաբանությունից հետո։
«Ինձ թվում է, որ դու [դիմելով պրն. Տ. Աթանեսյանին] պետք է փաստաբանների դպրոցում ժամեր վերցնես դասավանդելու համար «Ինչպիսին չպետք է լինեն Փաստաբանների պալատը եւ այն ներկայացնող անձինք» թեմայով եւ, որպես ուսումնական նյութեր, ունկնդիրներին բաժանես քո գործերով եւ դիմումների հիման վրա քեզ ուղղված նամակները: Իսկ այս նամակի 2-րդ կետին նախորդող պարբերության հեղինակը, որի մտքով անցել է նման պատասխան գրել փաստաբանին, իմ կարծիքով տառապում է կրիտինիզմով՝մի հիվանդություն, որը որոշակի հորմոնային անբավարարության հետեւանքով ժամանակին շեշտակիորեն դանդաղեցրել կամ առհասարակ կասեցրել է անձի մտավորզարգացումը: Դրահամար, չեմ օգտագործի նրա նկատմամբ վիրավորական արտահայտություն՝հասկանալով, որ դա ֆիզիկական դիսֆունկցիայի հետեւանք է»,- գրված էր մեկնաբանության մեջ։
Հիշեցնենք, որ այս գործով որոշումը պետք է հապարակվեր դեռևս օգոստոսի 28-ին, սակայն դատավոր Ռուբեն Վարդազարյանը որոշել էր վերսկսել դատաքննությունը։ Դատավորը գտել է, որ լրացուցիչ ապացույցներ հետազոտելու անհրաժեշտություն կա: Վճռի հրապարակմանը թե հայցվոր եւ թե պատասխանող կողմերը ներկա չէին։
Ի դեպ, դատաքննության ողջ ընթացքում տեսանկարահանում անցկացնելն արգելվել է։
Թողնել մեկնաբանություն