Կալանավոր Հրաչյա Գևորգյանը պատրաստվում է ինքնահրկիզվել, եթե իր թունավորման դեպքը չբացահայտվի

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող կալանավոր Հրաչյա Գևորգյանը երեկ փաստաբանի միջոցով տեղեկացրել է, որ  նամակ է ուղարկել ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, ՀՀվարչապետին, ՀՀ  գլխավոր դատախազին, ՀՀ  Մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ  Արդարադատության նախարարին, Նուբարաշեն ՔԿՀ պետին,որ եթե որոշակի ժամանակահատվածում իր թունավորման դեպքը չբացահայտվի, ապա ինքը կինքնահրկիզվի:

Գևորգյանի պնդմամբ՝ դեպքը բացահայտելու ձգձգումը նպատակ ունի թաքցնել իրական պատվիրատուներին և կատարողներին: Հրաչյա Գևորգյանը նաև տեղեկացրել է, որ մի քանի օր առաջ, երբ ինքը քայլելու փորձէ  կատարել, վայր է ընկել, ստացել է վնասվածքներ և ներկայումս գտնվում է  «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասում: Վերջինիս խոսքերով` ՔԿՀ-ի վարչակազմի փոփոխությունից հետո, իր նկատմամբ վերաբերմունքը դրականորեն փոխվել է:

Նշենք, որ Հրաչյա Գևորգյանի նոր  փաստաբանը Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան  Նինա Կարապետյանցն է:

Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ,երբ Հրաչյա Գևորգյանը առողջական ինչ-ինչ խնդիրների պատճառով գտնվել է  «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, Գևորգյանի պնդմամբ իրեն թունավորել են, ինչից հետո վերջինս կորցրել է խոսելու, քայլելու ունակությունը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով


© HAHR. All rights reserved.
Designed by Hakob Jaghatspanyan.

Էջի սկիզբ