Հրաչյա Գեւորգյանի գործով նախադեպային որոշում

2017թ․ ապրիլի 5-ին «Արմավիր» ՔԿՀ-ում մահացած Հրաչյա Գեւորգյանի գործով   ՀՀ վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում է կայացրել։ Դատարանը որոշել է բավարարել տուժողի մոր՝ Նախշուն Ենգիբարյանի ներկայացուցիչներ Նինա Կարապետյանցի եւ Արայիկ Պապիկյանի բողոքները։ Դատարանը որոշել է բեկանել եւ փոփոխել  առաջին ատյանի ընդհանուր իրավասության եւ Վերաքննիչ դատարանների որոշումները՝ պարտավորեցնելով վերացնել նաեւ Նախշուն Ենգիբարյանի իրավունքների խախտումները։

Հիշեցնենք, որ դեռ 2016թ․ փետրվարի 4-ին Նախշուն Ենգիբարյանը ՀՀ գլխավոր դատախազին դիմում էր ներկայացրել այն մասին, որ որդուն՝ կալանքի տակ գտնվող Հրաչյա Գեւորգյանին, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում թունավորել են։

Այդ մասին բարձրաձայնել էր նաեւ Հրաչյա Գեւորգյանը։  Նրա խոսքերով «Դատապարտյալների հիվանդանոց»-ում գտնվելու ժամանակ  2015թ․ փետրվարին նրան բուժում իրականացնելու ընթացքում  ներարկել  էին  այնպիսի նյութ, որ նա հայտնվել էր վերակենդանացման բաժնմունքնում՝ անգիտակից վիճակում։  Կոմայից դուրս գալուց հետո կորցրել էր  խոսելու, քայլելու, կլման ունակությունը։ Հրաչյա Գեւորգյանը իր նկատմամբ դրսեւորվող անմարդկային վերաբերմունքի մասին պարբերաբար տեղեկացնում էր իր պաշտպանին՝ Նինա Կարապետյանցին։ «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ն հետեւողականորեն պայքարում էր Հրաչյա Գեւորգյանի ոտնահարված իրավունքների վերականգման համար։

Դիմումների հիման վրա հարուցվել էր քրեական գործ, սակայն հետագայում գործի վարույթը կասեցվել էր մեղադրյալ անձի հայտնի չլինելու հիմքով։ Թե՛ դատախազը, թե՛  Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության ու Վերաքննիչ դատարանները մերժել էին «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ փաստաբաններ Նինա Կարապետյանցի եւ Արայիկ Պապիկյանի բողոքները։

Իսկ ահա Վճռաբեկ դատարանն իր որոշման մեջ անդրադարձել է կյանքի իրավունքին, խոշտանգմանը եւ  քննության արդյունավետությանը՝ արձանագրելով իրավունքի խախտում։

Վճռաբեկ դատարանի որոշումից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը երկու որոշում է կայացրել՝ վերացնել քրեական գործի վարույթը կասեցնելու եւ քրեական հետապնդում չիրականացնելու որոշումները՝ Նախշուն Ենգիբարյանի իրավունքի խախտումները վերականգնելու նպատակով։

Հիշեցնենք, որ մահվանից մի քանի շաբաթ առաջ Հրաչյա Գեւորգյանը  57 օր հացադուլ էր հայտարարել, նույնիսկ կարել բերանը՝ դժգոհելով կալանավայրում իր նկատմամբ դրսեւորվող վերաբերմունքից։ Նրա մոտ ախտորոշվել էր նաեւ Պարկինսոնի հիվանդություն, սակայն խափանման միջոցը չէր փոխվել։

Հրաչյա Գևորգյանի նկատմամբ  դրսեւորված վերաբերմունքը Հելսինկյան ասոցիացիան շարունակում է  գնահատել որպես խոշտանգում և անմարդկային վերաբերմունք:

Փակցված Ֆայլեր

Ֆայլ Բեռնումներ
pdf Վճռաբեկ որոշում_Հ․ Գևորգյանի գործ 48

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով


© HAHR. All rights reserved.
Designed by Hakob Jaghatspanyan.

Էջի սկիզբ