«Սասնա ծռեր»-ը դատապարտվեցին, ապստամբելու իրավունքը հաշվի չառնվեց

     110-ից ավելի նիստ,  երեք ու կես տարուց ավելի դատաքննություն․ ճիշտ այսքան տեւեց ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» 1-ի գործով դատաքննությունը։

  Փետրվարի 24-ին հրապարակված դատավճռով դատավոր Մեսրոպ Մակյանը    «Սասնա ծռեր» 1-ի գործով անցող բոլոր 9 անդամներին մեղավոր ճանաչեց նրանց առաջադրված մեղադրանքներում։ Միաժամանակ դատավորն  արդարացրեց ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանին՝ ապացույցների բացակայության հիմքով։  Հիշեցնենք, ՊՊԾ գնդի գրավման ժամանակ  երեք ոստիկանների՝ Գագիկ Մկրտչյանի, Արթուր Վանոյանի եւ Յուրա Տեփանոսյանի սպանության հոդվածով մեղադրանք էր առաջադրվել Արմեն Բիլյանին եւ Սմբատ Բարսեղյանին։  

     Դատավոր Մեսրոպ Մակյանն ապացուցված համարեց երկու ոստիկանի՝ Արթուր Վանոյանի եւ Յուրա Տեփանոսյանի սպանության մեջ Սմբատ Բարսեղյանի մեղքը եւ նրան դատապարտեց 25 տարվա ազատազրկման։

 Սակայն «Սասնա ծռեր»-ը բազմիցս պնդել են՝ իրենք ոստիկաններ Յուրա Տեփանոսյանի եւ Գագիկ Մկրտչյանի մահվան հետ կապ չունեն, ապացույցներն առկա են, իսկ Արթուր Վանոյանի մահը փոխհրաձգության արդյունքում է եղել։

  Դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց  Գագիկ Մկրտչյանի գործը վերադարձնել դատախազին՝ նրա սպանության հանգամանքները պարզելու նպատակով։

   «Սասնա ծռեր»-ի մյուս անդամները՝ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Գագիկ Եզիազարյանը, Արեգ Կյուրեղյանը,  Սեդրակ Նազարյանը եւ Էդվարդ Գրիգորյանը, մեղավոր ճանաչվեցին  մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, հափշտակելու, պատանդ վերցնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու համար։

 Պավել Մանուկյանը եւ Սեդրակ Նազարյանը դատապարտվեցին 10, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը եւ Արմեն Բիլյանը դատապարտվեցին 9 տարի 6 ամսվա, Արեգ Կյուրեղյանը 9  տարի 6 ամսվա, իսկ Էդվարդ Գրիգորյանը՝ 8  տարի  6 ամսվա ազատազրկման։

   Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց մահվան հիմքով։  

  Ի դեպ, «Սասնա ծռեր»-ը կարող էին օգտվել նաեւ համաներման իրավունքից,  սակայն  դա եւս չտարածվեց նրանց վրա։ Որոշվել էր՝  Երեւանի 2800-ամյակին եւ Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ 2018թ․ հայտարարված համաներմանը  «Սասնա Ծռերի» գործով պետք էր հաշվի առնել տուժողների կարծիքը։ Անկախ Հայաստանի  պատմության մեջ  մինչ այդ կիրառված  10 համաներումների ժամանակ  տուժողների կարծիքը երեբեւէ  հաշվի չէր առնվել։  Համաներման դեմ առարկել էին գործով տուժող ոստիկանններ, իսկ ահա մյուս տուժողները առարկություն չէին հայտնել։ Որքան էլ որ տարօրինակ է, նույն տուժող ոստիկանները առարկություն չեն հայտնել գործից անջատված մասով համաներում կիրառելուն։ 

   «Սասնա ծռեր»-ը դատաքննության ողջ  ընթացքում պնդում էին՝ օգտվել են ապստամբելու իրենց  իրավունքից, քանի որ իշխանությունը յուրացված էր։

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 115
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association