Ինչի՞ց են խուսափում խոշտանգման գործով ամբաստանյալները․ դատական նիստը չի տեսանկարահանվի

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթեւոսյանն արգելեց տեսանկարահանել խոշտանգման գործով դատական նիստը։ Ամբաստանյալներ Նարեկ Բարսեղյանը, Գրիգոր Մխիթարյանը, Տիգրան Ավանեսյանը եւ նրանց պաշտպանը դեմ արտահայտվեցին տեսանկարահանմանը՝ պատճառաբանելով, թե կան անձնական կյանքին վերաբերող հարցեր։ Թե՛ տուժող եւ թե՛ մեղադրող կողմը չառարկեց տեսանկարահանման դեմ։ Ի դեպ, շատ են լինում դեպքերը, երբ դատավարության կողմերից մեկը չի ցանկանում տեսանկարահանվել, սակայն դատավորները,  չխոչընդոտելով լրատվամիջոցների աշխատանքը, թույլատրում են՝ արգելելով չտեսանկարահանել միայն առարկող կողմին։

   Այս գործով ամբաստանյալները ոստիկանության աշխատակիցներ են։ Ըստ մեղադրանքի՝  նախորդ տարվա սեպտեմբերի 6-ին, գիշերվա ժամը 1.00-ին, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Գրիգոր Մխիթարյանը, օպերլիզորներ Նարեկ Բարսեղյանը եւ Տիգրան Ավանեսյանը Վլադիմիր Օհանյանին եւ նրա ծանոթ  Արմեն Ղազարյանին բերման են ենթարկել ոստիկանության բաժին եւ խոշտանգել՝ վերջիններս կողմից կատարված արարքների համար պատժելու նպատակով։

Խոշտանգման հետևանքով Արմեն Ղազարյանն ստացել էր բազմաթիվ կոտրվածքներ եւ կապտուկներ։ Նա ոստիկանների ուշադրության կենտրոնում էր հայտնվել այն բանից հետո, երբ  փորձել էր պարզել, թե ինչու են իր ծանոթին բերման ենթարկում։ Խոսքը կենցաղային մի պատմության մասին է․ Նոր Նորքի ոստիկաններից մեկի կինը տոնական փուչիկներ էր վաճառել Վլադիմիր Օհանյանի կնոջը, վերջինս դժգոհել էր ծառայության մատուցման կերպից։  

Ի դեպ, դատական նիստին մասնակցում էին ամբաստանյալների հարազատները եւ ծանոթներ։ Ըստ հանրապետությունում վիրուսային իրավիճակով պայմանավորված Բարձրագույն դատական խորհրդի դեռ  նախորդ տարվա մարտի 15-որոշման, դատական նիստերին պետք է ներկայանան միայն կողմերը եւ ԶԼՄ ներկայացուցիչները։ ԲԴԽ-ն հորդորել էր նաեւ  հնչեղություն ունեցող գործերով ապահովել ուղիղ հեռարձակում։  Այլ դատավորներ գործում են այդ որոշման համաձայն։

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 107
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association