Մեղադրանք է առաջադրվել գործարար Սարիբեկ Սուքիասյանին

 

Սարիբեկ Սուքիասյանն ու Արտաշես Ստեփանյանը անազատության մեջ են պահվել մինչև 2010թ. փետրվարի 15-ը, ժամը 18.30-ը, երբ վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել նրանց արգելանքից ազատելու մասին: Սարիբեկ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով (նախնական համաձայնությամբ խմբի կազմում, շահադիտական դրդումներով անձին ապօրինի ազատությունից զրկելը), Արտաշես Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինաբար ռազմամթերք պահելը):

Որպես մեղադրյալ ներգրավելու որոշման համաձայն` Ս.Սուքիասյանի կանչով “Սիլ Կոնցեռն” ՓԲԸ գրասենյակ է հրավիրվել Գոռ Դավթյանը: Ս.Սուքիասյանն ու Ա.Ստեփանյանը “Բյուրեղ” ՍՊԸ-ի բաժնետոմսերը Ս.Սուքիասյանի կողմից ամեն կերպ ձեռք բերելու մղումով “հոգեկան բռնություն” կիրառելով` Գ.Դավթյանից պահանջել են ստորագրել փաստաթղթեր: Դրանից հետո հսկողության ներքո, Գ.Դավթյանի կամքին հակառակ նրան ապօրինի պահել են անազատության մեջ:

Ըստ Ս. Սուքիասյանի փաստաբանների` “Սիլ” հանքային ջուրն արտադրող “Բյուրեղ” ՍՊԸ-ի բաժնետոմսերը Գ.Դավթյանը Ս.Սուքիասյանի կնոջն է վաճառել դեռևս 2008թ: Հետագայում առ ու վաճառքի գործարքը դատարանի վճռով անվավեր ճանաչվելուց հետո Գ.Դավթյանը համապատասխան նախնական պայմանագրով կրկին համաձայնություն է հայտնել բաժնետոմսերը փոխանցել Ս.Սուքիասյանի կնոջը: 2010թ. փետրվարի 12-ին Գ.Դավթյանն ինքն է փաստաբանի միջոցով խնդրել Ս.Սուքիասյանին հանդիպել իր հետ, ասելով, որ օգնության կարիք ունի, քանի որ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը իրեն ստիպում է, որ բաժնետոմսերի վաճառքից հրաժարվի և դրանք իրեն վաճառի: Իսկ “Սիլ Կոնցեռն” ՓԲԸ-ի գրասենյակում փաստաբանների ներկայությամբ Գ.Դավթյանի և Ս.Սուքիասյանի զրույցի արդյունքում Գ Դավթյանը որոշել է նամակ գրել Ռ.Հայրապետյանին, որը փաստաբանների կողմից պատրաստվելուց հետո ստորագրել է:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով


© HAHR. All rights reserved.
Designed by Hakob Jaghatspanyan.

Էջի սկիզբ