Աշտարակ քաղաքի ոստիկանությունում ծեծի և խոշտանգման է ենթարկվել Հայկ Կարապետյանը.
Երիտասարդի բարեկամները իրենց որդուն պաշտպանելու և իրավաբանական օգնություն տրամադրելու խնդրանքով դիմել են «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությանը:
Հայկ Կարապետյանի մայրը՝ Մարգո Կարապետյանը, պատմել է, որ հոկտեմբերի 26-ին առավոտյան ոստիկանները ուժեղ ծեծել են իրենց տան դուռը, որդուն հարցրել, այնուհետև պահանջել են, որ մայրը Հայկին քնից հանի:
«Ես մինչև հասա երեխուս սենյակը, իրանք լցվեցին ներս: Քսանից ավել տղամարդիկ էին, սենյակում միայն ներկայացան, որ Արագածոտնի մարզի ոստիկանությունից են, հետո տղաս հագնվեց, դուրս եկավ, ասացին՝ «նարկոտիկի համար ենք եկել, ինչքան զենք-զինամթերք կա. ինչ թմրանյութ ունեք բերեք, ներկայացրեք»: Ասացի՝ իմ տանը ոչ մի նման բան չկա: Ամուսինս, ով ֆիդայի է եղել, մի դանակ ուներ, դա էլ որպես իրենից հուշ պահում էինք: Ցույց տվեցի նրանց, դա էլ տարան փորձաքննության: Ամբողջ տունը տակնուվրա արեցին, նույնիսկ շուն էին բերել, ման եկան, ոչ մի բան չգտան: Հետո քննիչը հարցեր տվեց, գրեց: Ասաց՝ գնում ենք, ասացի՝ տղայիս ո՞ւր եք տանում, քննիչը պատասխանեց՝ Հայկին պիտի տանենք, հարցերին պատասխանի, թողնենք՝ գա», – պատմել է Մարգո Կարապետյանը:
Վերջինս պատմել է, որ նույն օրը երեկոյան իր եղբայրը գնացել է ոստիկանություն և տղայի հետ վերադարձել են տուն:
Երբ մայրը որդուն հարցրել է, թե արդյոք նրան ծեծել են, որդին պատասխանել է, թե «դրանց ձեռն ընկնողը չի ծեծվի՞, այ մեր»: Նա, սակայն, մորը ցույց չի տվել իր կապտուկները, միչդեռ փոքր քույրը՝ Անգին Կարապետյանը, մեզ պատմել է, որ եղբոր մարմնի վրա տեսել է բազմաթիվ կապտուկներ:
Հայկի մյուս քույրը՝ Նարինե Կարապետյանը, նշել է, որ սա արդեն երրորդ դեպքն է, որ ոստիկանության աշխատակիցներն իր եղբորն առանց փաստերի բաժին են տանում ու ծեծված հետ ուղարկում:
«Անցյալ տարի նոյեմբերին էլ Մասիսի շրջանի ոստիկանները տարան, ծեծեցին: Մի օր պահել էին, ասել էին՝ եթե հիսուն հազար դրամ տան, կթողնենք մինչև ժամը երեքը տուն կգնաս: Նա պատասխանել էր, թե հիսուն հազար դրամ ունենամ, իմ ընտանիքին կօգնեմ, ձեզ որտեղի՞ց տամ: Ոստիկաններն ասել էին՝ «էնքան անտեր ես, որ քո հետևից եկող չկա»,- արտասվելով՝ պատմել է Նարինեն: Վերջինս նաև ասել է, որ ոստիկանների այդ պահվածքից հետո իրենք ոչ մի տեղ չեն դիմել, և գտնում են, որ իրավապաշտպաններին ավելի վաղ չդիմելն իրենց սխալն է եղել:
Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը Epress.am-ի հետ զրույցում պատմել է, որ Կարապետյանի հարազատներն իրեն զանգահարել են նոյեմբերի 3-ին՝ ահազանգելով, որ իրենց որդուն խոշտանգում են:
«Երբ ես քեռու հետ խոսեցի, ասաց, թե քրոջ տղային ծեծում են: Զանգեցի փաստաբան Անի Թորոսյանին, գնացինք դատարան: Դատարանի առջև բոլորը սպասում էին խափանման միջոցի հայտարարությանը: Ասացին, որ օմբուդսմենի մոտից երկու երիտասարդ մտել են Հայկի մոտ: Նրանք դուրս եկան, քույրը հարցրեց՝ ո՞նց է վիճակը, ասացին՝ ամեն ինչ նորմալ է: Ես հարցրեցի՝ «նրան լրիվ նայե՞լ եք, մենակ էի՞ք այդ պահին: Նրանք դրական պատասխան տվեցին և գնացին: Հետո, երբ Անին դուրս եկավ, պարզվեց, որ ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները նայել են միայն որովայնի մասը և դա արվել է միլպետի ներկայությամբ», – պատմել է Միքայել Դանիելյանը:
Հայկ Կարապետյանի պաշտպան Անի Թորոսյանը տեղեկացրել է, որ նոյեմբերի 5-ին այցելել է երիտասարդին, ով պահվում է «Նուրաբարշեն» ՔԿՀ-ում:
Հայկը պատմել է փաստաբանին, որ հոկտեմբերի 26-ին ոստիկանության բաժնում իրեն դաժանաբար ծեծել են:
«Ոստիկանության աշխատակիցները կարծես թե ձեռագիր ունեն, թե ինչպես ծեծեն, որ հետագայում կամ հետքեր չմնան, կամ քիչ մնան, կամ արագ անցնեն: Հայկը գանգատվել է, որ առ այսօր շատ ուժեղ գլխացավեր ունի, ստամոքսի հետ կապված խնդիրներ, մարսողության խանգարում ունի: Նա ասել է նաև, որ շատ դժվարությամբ է ոտքերը գետնին դնում, քանի որ ոտքերի տակ էին հարվածում ռետինե մահակներով: Այսօր նրա առաջին պահանջն այն է, որ պատասխանատվության ենթարկվեն այն աշխատակիցները, որոնք իրեն ծեծի են ենթարկվել: Նրան ծեծելու ժամանակ պարտադրել են, որ ինքն ընդունի մեղքը: Երիտասարդը դա չի արել: Իրեն առաջադրել են քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասով մեղադրանք, այսինքն՝ թմրանյութերի խոշոր չափի իրացում: Նա բնականաբար չի ընդունել մեղքը, նրան սպառնացել են՝ «միևնույնն է, եթե չընդունես մեղքը, 15 տարով գնալու ես ու կորես բերդում»»,- ասել է Անի Թորոսյանը:
Կարապետյանի պաշտպանը վստահեցրել է, որ շատ կարճ ժամանակահատվածում իր պաշտպանյալի անմեղությունն ապացուցվելու է:
Թորոսյանը պատմել է, որ գործում վկա է ներգրավված՝ «Գազելի» վարորդ Վոլոդյա Պետրոսյանը, ով ասել է, թե Հայկ Կարապետյանն է իրեն թմրանյութ փոխանցել: Փաստաբանի խոսքով՝ ընդունված տարբերակ է, որ այն վկան, ով անտեղի ցուցմունք է տալիս որևէ մեղադրյալի դեմ, իրականում պետք է լիներ պոտենցիալ մեղադրյալ, դա այն անձն է, ով իրականում պիտի դատապարտվի:
Անի Թորոսյանը նաև տեղեկացրել է, որ Կարպետյանի նկատմամբ ապօրինություններ են տեղի ունեցել նաև դատարանում՝ խափանման միջոցը որոշելու ժամանակ:
Մինչ գործում Թորոսյանի՝ որպես պաշտպան ներգրավվելը, Կարապետյանին տրամադրել են հանրային պաշտպան՝ Արսեն Գալստյանին: Դատարանում Հայկը հայտնել է, որ դրսում հարազատների հետ կանգնած է փաստաբանը, ով պատրաստ է իր պաշտպանությունը ստանձնել:
«Դատավորը մի քանի անգամ հարցրել է Հայկին՝ արդյոք դրսում գտնվող փաստաբանը ներգրավված է որպես պաշտպան: Խոսքն իմ մասին էր, իսկ իմ պաշտպանյալն այն իրավաբանական գիտելիքները չուներ, որ կարողանար բացատրել դատարանին, թե գիտեք՝ թեև նա քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ ներգրավված չէ, բայց խոչընդոտ չէ, որ ես հենց հիմա համաձայնություն հայտնեմ, և դուք նրան ներս հրավիրեք ու ներգրավեք որպես պաշտպան: Իմ պաշտպանյալը գտնվել է անորոշ վճակում և նրա վերջին արտահայտությունը եղել է հետևյալը՝ «դե, եթե ուրիշ տարբերակ չկա, թող մնա Արսեն Գալստյանը»: Այսինքն՝ դատարանը այնքան է մոլորեցրել իմ պաշտպանյալին, որ նա ենթադրել է, թե եթե Արսեն Գալստյանն էլ դուրս գա, ապա նա կմնա լրիվ առանց պաշտպանության: Ինչու՞մն էր դատարանի շահագրգռվածությունը չներգրավել ինձ: Դատարանն ակնհայտ թույլ չի տվել, որ ես չկարողանամ միջնորդություն ներկայացնել, գուցե ես ունեի այնպիսի փաստարկ, որը չհնչեց դատարանում: Ապօրինությունն ակնհայտ է»,- ասել է Թորոսյանը:
Կարապետյանի պաշտպանն արդեն վերաքննիչ բողոքն է պատրաստում և այն կներկայացնի բոլոր այն խախտումների մատնանշմամբ, որոնք տեղի են ունեցել:
Տեղեկատվությունը` Epress.am-ի:
Leave a Reply