Հաղորդագրություն Կարեն Կունգուրցևի գործի մասին
2018 թ. հուլիսի 20-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը կքննի Կարեն Կունգուրցևի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արմինե Ֆանյանի և պաշտպան Արայիկ Պապիկյանի վճռաբեկ բողոքները:
Հիշեցնենք, որ գործը վերաբերում է շուրջ 5 տարի առաջ՝ 2013 թվականի հոկտեմբերի 13-ին Վանաձոր քաղաքում 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանի դանակահարությանը, որի հետևանքով Դավիթը հիվանդանոցում մահացել էր:
Հելսինկյան ասոցիացիան իրականացրել է քրեական գործի ամբողջ ընթացքի մշտադիտարկում, ինչպես նաև Կունգուրցևին ապահովել փաստաբանական ծառայություններով:
Կ. Կունգուրցևին նախ առաջադրել էին մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), հետագայում՝ նախաքննության ավարտին նրա մեղադրանքը փոփոխեցին և առաջադրեցին նոր մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104.1 հոդվածով (սպանության փորձ):
Քրեական գործը քննվեց Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում դատավոր Ն. Հովակիմյանի նախագահությամբ: Գործով կայացավ ավելի քան 40 դատական նիստ, որը տևեց շուրջ 20 ամիս և ավարտվեց 2016 թ. ապրիլի 15-ին կայացված արդարացման դատավճռով:
Նույն օրը Կունգուրցևն ազատ արձակվեց դատարանի դահլիճից:
Մեղադրող դատախազը ներկայացրեց վերաքննիչ բողոք, որը Մանուշակ Պետրոսյան, Մհեր Արղամանյան, Մխիթար Պապոյան կազմով քննվեց 13 ամիս: Արդյունքում բեկանվեց արդարացման դատավճիռը, Կարեն Կունգուրցևին առաջադրվեց նոր մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, և նա դատապարտվեց ազատազրկման 7 տարի ժամկետով:
Կարենը նույն օրը կրկին կալանավորվեց:
Ազատության մեջ գտնվելու ժամանակաընթացքում Կարենը ամուսնացել էր, ծնվել էր նրա որդին, ում, ի հիշատակ սպանված պատանու, անվանել էին Դավիթ:
Կարեն Կունգուրցևը մշտապես պնդել է, որ ինքը դանակահարության հետ առնչություն չունի, ինքն անմեղ է, իրեն ստիպել են խոսոտովանել, բռնության են ենթարկել, որին մասնակցել են նախիկին ոստիկանապետի տեղակալ Անուբախ Համբարյանը, այլ բարձրաստիճան ոստիկաններ:
Կարենի կողմից հանցանքը կատարծ լինելու պաշտոնական վարկածին չեն հավատում նաև տուժողի իրավահաջորդը և նրա ներկայացուցիչը, ովքեր մշտապես պնդել են, որ Կարենը մեղավոր չէ, և որ նա չի կատարել հանցանքը:
Դեպքից կարճ ժամանակ անց, մինչ օրս մամուլում և սոցցանցերում ակտիվորեն շրջանառվում են լուրեր, որ Դավիթի դանակահարությունն իրականացրել է ԱԱԾ նախկին աշխատակցի որդին, ով գործով հանդես էր գալիս որպես վկա:
Քրեական գործը լայնորեն լուսաբանվել է ինչպես տեղական ԶԼՄ-ներով, այնպես էլ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում:
Հելսինկյան ասոցիացիա
Leave a Reply