Փաստաբանի միջնորդությունը բավարարվել է՝ հարուցվել է քրեական գործ.
Ներկայումս Լ. Նալբանդյանը գտնվում է Երևանի “Էրեբունի” բժշկական կենտրոնում և մայիսի 19-ից մինչ օրս նա գտնվում է կոմայի մեջ: Նրան մինչ օրս պահում են արհեստական ճանապարհով՝ համապատասխան բուժսարքավումների միջոցով:
Քննիչի որոշմամբ 2013 թ. մայիսի 31-ին նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որ վերաբերյալ եզրակացությունը ստացվել է միայն սեպտեմբերի 10-ին: Փորձաքննությունը կատարվել է թերի և ոչ լիարժեք մասնագիտական, նրանում ներկայացված հետևությունները կասկածելի են և արժանահավատ չեն. փորձագետները փորձել են կոծկել բժիշկների անօրինական գործողություններն ու անգործությունը:
Մասնավորապես փորձագետները նշել են, որ Լ. Նալբանդյանի մոտ առաջացել է թրոմբոէմբոլիա, որն ըստ Լիլիթի հարազատների չի համապատասխանում իրականությանը:
Լիլիթի ամուսինը՝ Արտակ Բարսեղյանը դիմել է քննիչին՝ պահանջելով նշանակել կրկնակի փորձաքննություն և փորձաքննության կատարմանը մասնակից դարձնել իրեն և իր կողմից հրավիրված փորձագետին: Դիմումը բավարարվել է, և սեպտեմբերի 25-ին նշանակվել է կրկնակի հանձնաժողովային փարձաքննություն:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ շուրջ 6 ամիս չկար հարուցված քրեական գործ, ինչը խնդիրներ կարող էր առաջացնել Լիլիթի իրավունքների պաշտպանության հարցում, Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպության փաստաբան Արայիկ Պապիկյանը հոկտեմբերի 16-ին դիմել է քննիչին՝ միջնորդելով հարուցել քրեական գործ:
Փաստաբանի միջնորդությունը բավարարվել է և քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ “Բժշկական սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով Լիլիթ Գարեգինի Նալբանդյանի առողջության անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասով” (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, եթե բուժվող հիվանդի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով):
Թողնել մեկնաբանություն