Դատարան

Արայիկ Պապիկյանի պաշտպանյալի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է

060.png

   Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանն այսօր կարճել է պաշտպան Արայիկ Պապիկյանի պաշտպանյալ Արայիկ Մուրադյանի նկատմամբ հարուցված քրեական գործը։

   Արայիկ Մուրադյանը մեղադրվում էր սպանության փորձ կատարելու մեջ։

«Պաշտպանյալս, համաձայն գործի նյութերի, 4 անգամ   մարմնական վնասվածք էր հասցրել տուժողին, բայց թափանցող կամ ծանր վնասվածքներ չկային։ Ե՛ւ նախաքննության, ե՛ւ դատաքննության ընթացքում մենք պնդում էինք, որ սպանության փորձ չի եղել, պաշտպանյալս ուղղակի ցանկացել է, իր բառերով ասեմ, վախեցնել կամ կարգի հրավիրել։ Ցավոք սրտի,   այդ ընթացքում նաեւ մարմնական վնասվածք է հասցրել»,- ասում է Արայիկ Պապիկյանը։

Թե նախաքննության, եւ թե դատաքննության ընթացքում պաշտպանական կողմը պահանջել էր արարքը վերաորակել՝ Քրեական օրենսգրքի 112՝ (Ծանր մարմնական վնասվածք պատճառելը) կամ 113 հոդվածներով՝ թեթեւ մարմնական վնասվածք պատճառելը։

       Փոխարենը մեղադրանքի կողմը պնդել էր մեղադրանքը եւ միջնորդել՝ կիրառելով Քրեական օրենսգրքի 64 հոդվածը՝ այն է՝ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելը՝ Արայիկ Մուրադյանին դատապարտել 5 տարվա ազատազրկման։

   Այս գործով տուժողը պնդել էր, որ որեւէ բողոք չունի։

Դատավոր Լուսինե Աբգարյանը Արայիկ Մուրադյանի արարքը վերաորակել է ՔՕ 113 հոդվածով եւ, տուժողի բողոքի բացակայության հիմքով, քրեական հետապնդումը կարճել։

Շուրջ 1 տարի է Արայիկ Մուրադյանը գտնվում էր կալանքի տակ։

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 315
0
0
0
s2sdefault

Հաղորդագրություն Կարեն Կունգուրցևի գործի մասին

Kungurcev_Arayik.png

2018 թ. հուլիսի 20-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը կքննի Կարեն Կունգուրցևի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արմինե Ֆանյանի և պաշտպան Արայիկ Պապիկյանի վճռաբեկ բողոքները:

Հիշեցնենք, որ գործը վերաբերում է շուրջ 5 տարի առաջ՝ 2013 թվականի հոկտեմբերի 13-ին Վանաձոր քաղաքում 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանի դանակահարությանը, որի հետևանքով Դավիթը հիվանդանոցում մահացել էր:

Հելսինկյան ասոցիացիան իրականացրել է քրեական գործի ամբողջ ընթացքի մշտադիտարկում, ինչպես նաև Կունգուրցևին ապահովել փաստաբանական ծառայություններով:

Կ. Կունգուրցևին նախ առաջադրել էին մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), հետագայում՝ նախաքննության ավարտին նրա մեղադրանքը փոփոխեցին և առաջադրեցին նոր մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104.1 հոդվածով (սպանության փորձ):

Քրեական գործը քննվեց Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում դատավոր Ն. Հովակիմյանի նախագահությամբ: Գործով կայացավ ավելի քան 40 դատական նիստ, որը տևեց շուրջ 20 ամիս և ավարտվեց 2016 թ. ապրիլի 15-ին կայացված արդարացման դատավճռով:

Նույն օրը Կունգուրցևն ազատ արձակվեց դատարանի դահլիճից:

Մեղադրող դատախազը ներկայացրեց վերաքննիչ բողոք, որը Մանուշակ Պետրոսյան, Մհեր Արղամանյան, Մխիթար Պապոյան կազմով քննվեց 13 ամիս: Արդյունքում բեկանվեց արդարացման դատավճիռը, Կարեն Կունգուրցևին առաջադրվեց նոր մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, և նա դատապարտվեց ազատազրկման 7 տարի ժամկետով:

Կարենը նույն օրը կրկին կալանավորվեց:

Ազատության մեջ գտնվելու ժամանակաընթացքում Կարենը ամուսնացել էր, ծնվել էր նրա որդին, ում, ի հիշատակ սպանված պատանու, անվանել էին Դավիթ:

Կարեն Կունգուրցևը մշտապես պնդել է, որ ինքը դանակահարության հետ առնչություն չունի, ինքն անմեղ է, իրեն ստիպել են խոսոտովանել, բռնության են ենթարկել, որին մասնակցել են նախիկին ոստիկանապետի տեղակալ Անուբախ Համբարյանը, այլ բարձրաստիճան ոստիկաններ:

Կարենի կողմից հանցանքը կատարծ լինելու պաշտոնական վարկածին չեն հավատում նաև տուժողի իրավահաջորդը և նրա ներկայացուցիչը, ովքեր մշտապես պնդել են, որ Կարենը մեղավոր չէ, և որ նա չի կատարել հանցանքը:

Դեպքից կարճ ժամանակ անց, մինչ օրս մամուլում և սոցցանցերում ակտիվորեն շրջանառվում են լուրեր, որ Դավիթի դանակահարությունն իրականացրել է ԱԱԾ նախկին աշխատակցի որդին, ով գործով հանդես էր գալիս որպես վկա:

Քրեական գործը լայնորեն լուսաբանվել է ինչպես տեղական ԶԼՄ-ներով, այնպես էլ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում:

Հելսինկյան ասոցիացիա

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1619
0
0
0
s2sdefault

«Արա, բան ունե՞ս ասելու». դատախազը՝ Ներսես Պողոսյանին

Neso_nkar.jpg
Այսօր Ժիրյար Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդեց, որպեսզի իր պաշտպանյալի նկատմամբ կիրառվի խափանման այլընտրանքային միջոց:

«Նախաքննության ընթացքում Ներսես Պողոսյանը որևէ խնդիր չի առաջացրել, որևէ անօրինական ազդեցություն չի գործադրել ոչ մեկի վրա: Նրա խնամքին են երեք փոքրահասակ երեխա, կինը, վատառողջ մայրը, որը վերջերս ավտովթարի ենթարկվելու հետևանքով   ներկայումս բուժումներ է ստանում, անձը հայտնի է, ունի մշտական բնակության վայր: Այս ամենը հավստիք են, որ կալանքի մեջ չգտնվելու պայմաններում Ներսես Պողոսյանը կդրսևորի պատշաճ վարքագիծ: Ներսես Պողոսյանի պատշաճ վարքագիծը անձնական երաշխավորությամբ երաշխավորել են ՀՀ ԱԺ ութ պատգամավորներ»,- ասաց Արայիկ Պապիկյանը:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը հայտնելով իր կարծիքը միջնորդության վերաբերյալ՝ ասաց, որ  առարկում է՝ միջնորդությունը համարելով անհիմն: Մեղադրողի խոսքերով՝ գործի քննության ընթացքում առկա են եղել և պահպանվել են ամբաստանյալի կողմից գործի քննությունից թաքնվելու հիմքեր, նաև գործի քննությանը խոչընդոտելու վերաբերյալ:

Դատավորը խորհրդակցական սենյակում միջնորդությունը քննելուց հետո դահլիճ վերադարձավ և մերժեց այն:

Դրանից հետո Ներսես Պողոսյանն ասաց, որ ցանկանում է  հայտարարություն անել:

«Նախ սկսեմ նրանից, որ էդ դատախազն ասեց կփախնի բան. Եթե իրանք կարան իրանց մամային պառկած թողնեն, երեք երեխեքին թողնեն փախնեն, իմ շրջապատում նման մարդիկ չկան, ընկերներսի մեջ՝ նույնպես: Երկրորդ՝ էսքան մեղադրյալներցի որևիցե մեկը թող կանգնի ասի, որ իրանց նկատմամբ  բռնվելուց մինչև հիմա մեկի հանդեպ ինչ-որ ճնշում եղել ա՞, որ տենց բաներ ասեց՝ առանց հիմնավորելու: Որ ասում ա հարգել չհարգելը, դա հաստատ կանգնել չկանգնելով չի որոշվում, եթե ձեր նկատմաբ, անձի նկատմամբ ոչ մի բան չունեմ, ուղղակի Հայաստանում, որ դատարան չկա, դա փաստ ա: Ու այդ ամենից ելնելով՝ հայտարարում են անժամկետ հացադուլ: Էս անգամ հաստատ, գլխավոր դատախազին կփոխանցես, որ կուտը չեմ ուտի, պարոն Պետրոսյան»,- ասաց Ներսես Պողոսյանը:

Այնուհետև, երբ դատավորը տեղեկացնում էր վկաների ծանուցման մասին՝ մեղադրող Պետրոսյանը դիմելով Ներսես Պողոսյանին՝ ասաց.

 «Արա, բան ունե՞ս ասելու... »: Դրան հետևեց աղմուկ դատական նիստերի դահլիճում: Դատախազի վարքագծի վերաբերյալ դատավորը կիրառեց դատական սանկցիա՝ նախազգուշացում, որից հետո դատական նիստը հետաձգվեց:
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 7386
0
0
0
s2sdefault

Դատական նիստի տեսանկարահանման հարցը քննվում է խորհրդակցական սենյակում

007.png
Դատական «նորարարություն». Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մանուկյանը դատավարության մասնակցի կարգավիճակ չունեցող անձի՝ դիտորդի-լրագրողի դիմումը` նիստը տեսանկարահանելու մասին, քննում է  խորհրդակցական սենյակում և կայացնում որոշում: Որոշումը՝ ստորև:

ԳործNՇԴ2/0037/01/15
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

Դատաքննության տեսալուսանկարահանման հարցը քննության առնելու մասին

18 Օգոստոսի 2017թ. ք. Գյումրի


Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ՝ դատավոր Ա.Մանուկյանի, քարտուղարությամբ՝ Խ.Դանիելյանի, մասնակցությամբ՝ մեղադրող ՝ Ա. Շիրոյանի, տուժողի իրավահաջորդ Ռ. Ադանալյանի, պաշտպան՝ Ա. Հայրապետյանի, ամբաստանյալ՝ Ա. Մարտիրոսյանի, դռնբաց դատական նիստում քննության առնելով դատաքննությանը տեսալուսանկարահանումը թույլատրելու հարցը.

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատաքննության ընթացքում դատական նիստերի դահլիճում գտնվող՝ Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ ՝ Արման Վեզիրյանը հայտարարեց, որ ցանկանում է նիստը տեսալուսանկարահանել:
Նշված հարցի կապակցությամբ մեղադրող՝ Ա. Շիրոյանը, տուժողի իրավահաջորդ՝ Ռ. Ադանալյանը, նշված հարցի վերաբերյալ առարկություն չներկայացրեցին:
Պաշտպան՝ Ա. Հայրապետյանը առարկեց հարցի դեմ, և հայտնեց, որ չեն ցանկանում որ դատաքննությունը տեսալուսանկարահանվի:
Ամբաստանյալ՝ Ա. Մարտիրոսյանը միանալով իր պաշտպանի դիրքորոշմանը , հայտնեց, որ ինքը չի ցանկանում, որ դատաքննությունը տեսալուսանկարահանվի, մասնավորապես, որ իրեն տեսալուսանկարահանեն:
Դատարանը, քննարկելով դատաքննությունը տեսալուսանկարահանելու հարցը, լսելով կողմերի կարծիքը, գտնում է, որ այն պետք է մասնակի բավարարել հետևյալ հիմնավորմամբ.
Համաձայն Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի (2003) 13 հանձնարարականի՝ ուղղված Եվրոպայի խորհրդի երկրների, որի 14-րդ սկզբունքում ասված է. ««Լրատվամիջոցների կողմից ուղիղ հեռարձակումը դատական նիստերի դահլիճից, կամ նկարահանումը պետք է արգելվի, բացառությամբ այն դեպքերի, երբ դա բացահայտորեն թույլատրվում է օրենքի կամ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից տեղեկատվություն հաղորդելու այլ ձևը չպետք է թույլատրվի, եթե դրանով ստեղծվում է քրեական դատավարության, տուժողների, վկաների, կողմերի, երդվյալների կամ դատավորների վրա անցանկալի ներգործության լուրջ վտանգ»:
Հետևաբար, դատարանը գտնում է, որ նման պայմաններում դատական նիստի տեսալուսանկարահանումը ամբաստանյալի մասով պետք է արգելել, իսկ մնացած մասով թույլատրել:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102, 313 հոդվածներով՝ դատարանը.
ՈՐՈՇԵՑ

Դատաքննության տեսալուսանկարահանումը ամբաստանյալ՝ Արթուր Մարտիրոսյանի մասով արգելել, իսկ մնացած մասով թույլատրել:

ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.ՄԱՆՈՒԿՅԱՆ
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 821
0
0
0
s2sdefault
jiroyi_dat.jpg
Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ  Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը: Այս նիստից առաջ նույնպես դատական կարգադրիչները փորձել են խուզարկել գործով անցնող ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպան Նինա Կարապետյանցին: Վերջինս բնականաբար հրաժարվել է  խուզարկվելուց և արձանագրություն է կազմել:

Նիստի ժամանակ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտարարել է, որ  Նինա Կարապետյանցը չի ցանկանում ենթարկվել զննության և նրա նկատմամբ սանկցիա է կիրառել, որից հետո դատական նիստը հետաձգվել է: Իդեպ, Ներսես Պողոսյանի մեկ այլ պաշտպան Արայիկ Պապիկյանն էլ, որը թեև հեռացված չէ վարույթից, սակայն, վերրջին երկու դատական նիստերին նրան դատարանը չի ծանուցում:

Նշենք նաև, որ այսօր դատական կարգադրիչներն առավել խիստ էին դատարան մուտք գործող քաղաքացիների նկատմամբ, վերջիններս  պահանջում էին քաղաքացիներից, այդ թվում լրագրողներից հանել բոլոր երկաթային մաս պարունակող իրերը և բացել անգամ դրամապանակները:   Իդեպ, դատարանի  տարածքում այսօր բջջային և ինտերնետային կապը գրեթե  խափանված էր:

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 713
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association