Կարեն Կունգուրցևի գործ.Շարունակվում է հիմնավորվել նախաքննության անպտուղ աշխատանքը
Հելսինկյան ասոցիացիան շարունակում է մոնիթորինգ իրականացնել Կարեն Կունգուրցևի գործով ընթացող դատավարությանը:
Երեկ, 2015 թվականի ապրիլի 13-ին կայացավ հերթական դատական նիստը: Նիստի ընթացքում լսվեցին երկու վկաների ցուցմունքները: Առաջին վկան՝ Սեդա Պ.-ն հայտնեց, որ ինքը տեսել է թե ինչպես գիշերը քաղաքացիական համազգեստով 5 անձինք քաշքշելով և հարվածներ հասցնելով տարել են Կարեն Կունգուրցևին: Հետագայում էլ երբ իրեն հրավիրել են ոստիկանության բաժին հարցաքննության, բաժնի ղեկավարներից մեկը իրեն ստիպել է գրել այն ցուցմունքը որը թելադրում են: Նա հրաժարվել է և նրան սկսել են սպառնալ, բղավել են վրան, մի քանի անգամ փորձել են հարվածներ հասցնել, բայց ինքը “դիմակայել” է այդ բոլոր ճնշումներին և քննչական բաժնում չի հաջողվել այս վկային ևս “դաստիարակել”:
Այնուհետ որպես վկա հարցաքննվեց տուժողի իրավահաջորդ Հակոբ. Հ.-ն: Վկան նշեց, որ իր համար չափազանց անհասկանալի իրավիճակ է. հարցաքննված շուրջ 30 վկաների ցուցմունքներին էլ խիստ վերապահումով է մոտենում, դրանք առավելապես ճիշտ չեն: Հատկապես պատանիների ցուցմունքների նախաքննական և դատարանում տված ցուցմունքների ակնհայտ տարբերությունները հիմնավոր կասկածներ են առաջացնում իր մոտ: Ըստ Հակոբ Հ.-ի՝ իր մոտ այնպիսի տպավորություն է, որ բոլոր վկաները վախեցած են կամ ինչ-որ հանգամանք կա, որ նրանք ճիշտը չեն պատմում, անհնար է, որ ոչ ոք ոչինչ տեսած չլինի, ավելին՝ վկաների առնվազն մի մասը տեսել են և գիտեն ճշմարտությունը, սակայն անհասկանալիորեն դատարանում ճիշտը չեն ասում:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է սույն թվականի ապրիլի 30-ին:
- Տեղադրված .
- Դիտումներ: 3626