Warning: getimagesize(/home/hrtv/public_html/hahr/images/ÕºÕ¡ÕºÕ«Õ¯ÕµÕ¡Õ¶.PNG): failed to open stream: No such file or directory in /home/hrtv/public_html/hahr/plugins/content/social2s/social2s.php on line 1659

Կարեն Կունգուրցեվի գործ. Սկսվեց քրեական գործի ապացույցների հետազոտումը

պապիկյանՀելսինկյան ասոցիացիան շարունակում է մոնիթորինգ իրականացնել Կարեն Կունգուրցևի գործով ընթացող դատավարությանը: 2015 թվականի մայիսի 25-ին կայացավ հերթական դատական նիստը: Նիստի սկզբում նախագահող դատավորը ներկայացրեց երկու դիմումներ (գրություններ), որոնք ուղարկել էր Կարեն Կունգուրցևը. դրանցից մեկը ուղղված էր Գլխավոր դատախազին, մյուսը՝ նիստը նախագահողին:

 

 

Ըստ դրանց Կունգուրցևը հայտնում էր, որ որպես բոյկոտը այլևս հրաժարվելու է ներկայանալ դատական նիստերին, դիմելու է ծայրահեղ միջոցների, քանի որ ավելի քան մեկուկես տարի է այլ անձի փոխարեն փաստացի պատիժ է կրում: Նա նաև նշել էր, որ բոլորին էլ պարզ է, որ ինքը անմեղ է, այս գործը “սարքել են”: Այնուհետև սկսվեց քրեական գործի նյութերի հետազոտումը: Նախագահող դատավորը հետազոտեց 4 հատորից կազմված գործի նյութերը, ներառյալ՝ հիմնական ապացույցներից տեսասկավառակի նյութը: Վերջում դատավորը հարց ուղղեց դատավարության մասնակիցներին՝ արդյոք ունեն միջնորդություներ ներկայացվածի վերաբերյալ: Մեղադրանքը պաշտպանող դատախազը որևէ միջնորդություն չուներ, զարմանալիորեն որևէ միջնորդություն չներկայացրեց նաև տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը, ինչը փաստացի նշանակում էր, որ ներկայացվածը լիովին ընդունելի է նրանց համար: Կ. Կունգուրցևի պաշտպան Ա.Պապիկյանը հայտնեց, որ ունի շուրջ 30 գրավոր, ինչպես նաև բազմաթիվ բանավոր միջնորդություններ, որոնք ներկայացրեց: Միջնորդությունները հիմնականում վերաբերվում էին հետազոտված քրեական գործի այն նյութերին, որոնք նախաքննության ընթացքում ձեռք էին բերվել քրեադատավարական օրենքի կոպիտ և բացահայտ խախտումներով: Պաշտպանը միջնորդեց դրանք ճանաչել որպես չթույլատրվող ապացույցներ: Դրանց հիմնական մասը վերաբերվում էին այն նյութերին, որոնք կազմվել կամ արձանագրվել էին հատկապես 2 անչափահաս վկաների մասնակցությամբ: Այդ երկու վկաների միջոցով է հիմնականում կառուցվել մեղադրանքը: Ինչպես ներկայացվեց միջնորդություներով, այդ վկաների մասնակցությամբ արձանագրությունները (հարցաքննությունները) քննիչի կողմից որպես կանոն կազմվել էին քննչական բաժնի պետի լիազորությունների կիրառմամբ, նրանց մշտապես զգուշացվել էր սուտ ցուցմունք տալու համար սահմանված պատասխանատվության մասին, այն դեպքում երբ երեխաները անչափահասներ են (13 և 15 տարեկան), կատարվել էին լուսանկարով ճանաչումներ ակնհայտ տարբեր տարիքի և տարբեր արտաքինով անձանց լուսանկարների կիրառմամբ, քննչական մի քանի տասնյակ գործողություններին որպես ընթերակա մասնակից էին դարձել նույն ընթերակաները, տուժողի մասնակցությամբ արձանագրությունները կազմվել էին վկայի համար սահմանված կանոններով, արձանագրությունները ստորագրել էին տվյալ քննչական գործողությանը մասնակից չդարձած անձինք և այլն: Նիստի ընթացքում առանձնակի ուշադրությամբ հետազոտվեց դեպքի վայրի (տարածքի) նկարահանող սարքի տեսանյութը: Քանի որ ըստ մեղադրանքի Կունգուրցևը լսել էր անչափահաս վկա Ա. Հ.-ի հայհոյանքը և գնացել նրա հետևից դանակով հարվածելու նպատակով, ապա դատավարության մասնակիցները մանրամասն զննեցին Կունգուրցևի շարժը այգու մեջ և փորձեցին “տեսնել” մեղադրանքի վերը նշված հատվածը: Պարզվեց, որ ոչ միայն Կունգուրցևը չի հետևում կռվին մասնակցած պատանիներին, այլ անչափահաս վկա Ա. Հ.-ն ընդհանրապես այգում չի գտնվում, ավելի ստույգ Կունգուրցևի և Ա. Հ.-ի հանդիպումը կամ միմյանց տեսնելը ուղղակի բացառված է: Ի դեպ տեսանյութի հետազոտման ընթացքում հենց տուժողի իրավահաջորդը հայտնեց, որ չի հավատում, որ Կունգուրցևը այն անձն է, որին պետք է ենթարկել պատասխանատվության, “եթե սա է ձեր ապացույցը, ապա այն ոչինչ չի ասում”, նշեց տուժողի իրավահաջորդը մեղադրանքը պաշտպանող դատախազին:

Աշխատանքային օրվա ավարտի պատճառով նիստը հետաձգվեց, որի ժամանակ դատախազը և տուժողի իրավահաջորդը (ներկայացուցիչը) իրենց դիրքորոշումները կհայտնեն պաշտպանի միջնորդությունների մասին և դատարանը կկայացնի համապատասխան որոշումներ:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

 

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1219
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association