Ինչո՞ւ խտրական մոտեցում ցուցաբերվեց «Սասնա ծռեր»-ի հարցում

28-ամյա անկախ Հայաստանի  պատմության մեջ կիրառվել է 11 համաներում՝  1992, 1995, 1997, 1998, 2001, 2006, 2009, 2011, 2013 եւ 2018 թվականներին։ Ընդ որում՝  1995թ. հուլիսի 5-ին, ՀՀ Սահմանադրության ընդունման կապակցությամբ հայտարված համաներումից մեկ ամիս անց հայտարարվել է ևս մեկ՝ փոքր համաներում, քանի որ «Սահմանադրության ընդունման կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ԱԺ որոշման մեջ փոփոխություն էր կատարվել, որի արդյունքում համաներումը տարածվում էր նաև ՀՀ Քրեական օրենսգրքի 185 հոդվածի՝ (Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել) երկրորդ և երրորդ մասերի վրա:

Այն ժամանակ արդարադատության նախարարի պաշտոնակատար  Արտակ Զեյնալյանը, նախորդ տարվա    հոկտեմբերի 31-ին խորհրդարանի արտահերթ նիստում, ներկայացնելով  Երեւանի 2800-ամյակին եւ Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ  համաներման եւ  Քրեական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու օրենքի փաթեթի նախագիծը, նշեց, որ այն տարածվելու է 6500 անձանց վրա եւ մեծ համաներում է լինելու։

 Համաներման տեսքտի մեջ նշված էր նաեւ «Սասնա ծռեր»-ի անունը։  Սակայն նրանք քրեական հետապնդումից կազատվեին միայն այն ժամանակ, երբ տուժող կողմը առարկություն չունենա։ Մինչ այդ հայտարարված նախորդ տասը համաներումների ժամանակ երբեւէ տուժողների կարծիքը հաշվի չի առնվել։

   Ի դեպ,   Հայաստանի ոստիկանապետ, այն ժամանակ Երեւանի փոխոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն արդեն առարկել է համաներման դեմ՝ նշանակում է «Սասնա ծռեր»-ը չեն օգտվի համաներումից։

«Կոնկրետ այս գործով  ես չեմ հասկանում տրամաբանությունը։ Առաջին օրվանից ասել եմ, որ սա շատ խտրական համաներում է։ Ինձ համար բացարձակ ընդունելի չէ այսպիսի խտրական վերաբերմունքը այն մարդկանց նկատմամբ, ովքեր փորձեցին ապստամբություն անել»,- ասում է «Հելսինկայն ասոցիացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը։

   «Սասնա ծռեր»-ի գործով փաստաբան Արայիկ Պապիկյանը  նշում է, որ համաներումը երբեմն հատուկ նպատակով է արվում, այսինքն՝ իր մեջ  միայն իրավաբանություն պետք չէ փնտրել, այն նաեւ քաղաքական որոշում է։ Պաշտպանը շեշտում է՝  այս գործով համաներման կիրառմանը,  ինչպես ցույց տվեց ընթացքը, միայն ոստիկանության աշխատակիցներն են դեմ, իսկ մյուս անձինք չեն առարկում։

«Առաջինը որպես առարկող հանդես եկավ ոստիկանապետը՝ պետության բարձրագույն իշխանության ներկայացուցիչներից մեկը։ Անհասկանալի էր, որ պետությունը՝ բարձրագույն իշխանությունը մի կողմից հայտարարում է  հասարակության մեջ հաշտեցման գործընթաց սկսելու մասին, մյուս կողմից  այդ իշխանության մեկ այլ ներկայացուցիչ, դեմ է առարկում։  Սա այսօրվա պետական բարձրագույն  իշխանության  քաղաքականությունն է։ Աջ ձեռքը չգիտի, թե ձախ ձեռքը ինչով է զբաղվում»,- ասում է Արայիկ Պապիկյանը։

Փաստաբանը կարծում է, որ  իրավական առումով անհեթեթ է նման կարգավորում տալը, որովհետեւ  նախորդ տարիների  համաներումները  կիրառելիս  որեւէ մեկի կարծիքը չեն հարցրել․ «Մարտի 1-ի գործերով համաներում կիրառվեց։ Ունեինք  10  զոհ, որոնցից երկուսը ոստիկան էին, հարյուրավոր տուժածներ, ֆիզիկական բռնության ենթարկվածներ, տուժածների մեջ կային նաեւ բազմաթիվ ոստիկաններ։ Ոչ ոստիկանապետը,  եւ ոչ էլ որեւէ մեկը ոչ միայն առարկություն չներկայացրեց, այլ համաներման մասին որոշումներում նրանց կարծիքը հարցնելու մասին նորմ կամ դրույթ չի եղել»։

  Փոխարենը գործով մեկ այլ պաշտպան՝ Արա Ղարագյոզյանը ընդգծում է՝   շատ գործերով տուժողները դեմ են լինում, սակայն համաներումը կիրառվում է։

«Ցավում եմ, որ Արտակ Զեյնալյանը, լինելով իրավապաշտպան, միշտ նա է օրենքի որոշակիության հարց բարձրացրել,  խտրականության դեմ պայքար մղել, բայց հիմա ըստ էության այդ որոշումով  տեղի է ունենում խտրականություն։  Ինչո՞ւ պետք է բոլորը օրենքի առջեւ հավասար չլինեն։ Գտնում եմ, որ սա հակասահմանադրական նորմ է,  եւ բոլորը պետք է օրենքի առջեւ հավասար լինեն։ Եթե բոլորը տուժող են, բոլոր տուժողների նկատմամբ պետք է հավասար մոտեցում ցուցաբերել, ոչ թե միայն պետք է նշվի «Սասնա ծռեր»-ի մասով, իսկ մյուս տուժողների մասով անտեսվի»,- ասում է փաստաբանը։

   «Սասնա ծռեր»-ի գործով փաստաբան Արայիկ Պապիկյանը գիտի, թե ինչու այդպիսի համաներում կիրառվեց՝ առաջիկայում ընտրություններ էին տեղի ունենալու։

«Իշխանությունները փորձում էին հնարավորինս հանրային տիրույթում հարաբերական անդորր ապահովել։  Նրանց հաջողվեց ոչ միայն ստանալ բավարար թվով քվեներ, նաև հետագայում այլեւս այն լարվածության օջախները, որոնք կարող էին խոչընդոտել կամ որեւ կերպ ազդել ընտրություների վրա,  դրանք այլեւս  էական չէին իշխանությունների համար։  Այս առումով կարծում եմ, որ իշխանությունը լուրջ եւ ճակատագրական սխալ թույլ տվեց  իրենց հաշվարկների մեջ։ Իրենց հաշվարկները շատ ծանր հետեւանքներ են ունենալու հենց իրենց համար»,-եզրափակեց Արայիկ Պապիկյանը։

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 738
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association