Ներսես Պողոսյանի պաշտպաններն արձագանքել են գլխավոր դատախազի հայտարարությանը

1212rr.jpg
Մեր պաշտպանյալ Ներսես Պողոսյանի հացադուլի 28-րդ օրը այդ փաստին արձագանքեց ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նա նշել է՝ «Դատախազությունը, բնականաբար, ցանկացած խափանման միջոցը կալանք ընտրված անձի հիմնավորումներին անդրադառնում է պարբերաբար, այդ թվում՝ նաև Ներսես Պողոսյանի գործով: Եվ, բնականաբար, իր իրավունքն է՝ ուշադրության արժանանալ այս առումով»:
     Փաստացի, ըստ ՀՀ Գլխավոր դատախազի Ներսեսը հացադուլ հայտարարել է «ուշադրության արժանանալու» համար, որը նրա «իրավունքն է»: Գլխավոր դատախազը չի անդրադարձել նրան, թե ինչո՞ւ է Ն. Պողոսյանը հացադուլ հայտարարել կամ ինչ գրավոր դիմում-պահանջ է ներկայացրել:

     Եթե Ներսես Պողոսյանը ուշադրության արժանանալու ցանկություն ունենար, նա դա կարող էր կատարել սկսած 2016 թվականի մայիսի 31-ից, երբ նա ձերբակալվեց և հետագայում նաև կալանավորվեց:
     Ինչ վերաբերում է նրան, որ ըստ ՀՀ Գլխավոր դատախազի Հայաստանում իրավունքի իրացման միջոցը ծայրահեղ քայլի՝ հացադուլի դիմելն է, ապա դա վկայում է, որ հասարակությունը փաստացի այն վիճակում է, երբ իրավունքների իրացումը քաղաքակիրթ և/կամ համակեցության ընդունված կանոններով Հայաստանում դարձել է դժվար կամ անհնար, և անձինք ստիպված դիմում են ծայրահեղ քայլերի: Իսկ իշխանության անունից հանդես եկող անձանց համար իրավունքի դրսևորման ծայրահեղ միջոցները ցավալիորեն դարձել են սովորական:
     Գլխավոր դատախազի հայտարարությունից կարելի է ենթադրել, որ իրավունքի իրացման նպատակով անձանց ձեռնարկած ծայրահեղ միջոցները «նորմալ են», ինչը վկայում է, որ Հայաստանում մարդու արժանապատվության, իրավունքի և ազատությունների նկատմամբ հարգանքը բացակայում է ինստիտուցիոնալ մակարդակով:
      Ի հավելումն նշվածի ցանկանում ենք վկայակոչել ՀՀ սահմանադրության 3-րդ հոդվածը, որը կարծես թե ՀՀ քաղաքացի Ներսես Պողոսյանին վերաբերելի ՉԷ.
1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
Ներսես Պողոսյանի պաշտպաններ
Նինա Կարապետյանց,
Արայիկ Պապիկյան
11.01.2017 թվական
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 2236
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association