Հ Ր Ա Տ Ա Պ ԴԻՄՈՒՄ ԲՈՂՈՔ` ԱՇՈՏ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Ashot_Petrosyan.jpg
    2017 թվականի փետրվարի 16-ին իմ պաշտպանյալ՝ Աշոտ Պետրոսյանը ՀՀ ԱՆ “Դատապարտյալների հիվանդանոց” քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է ՀՀ ԱՆ “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկ:

Փետրվարի 16-ից մինչ փետրվարի 20-ը Ա. Պետրոսյանը հացադուլի մեջ գտնվելու պատճառով պահվել է համապատասխան խցում, իսկ փետրվարի 20-ից հետո նա տեղափոխվել է թիվ N խուց:

Փետրվարի 21-ին այցելել եմ իմ պաշտպանյալին՝ քննարկելու քրեական գործի որոշ հանգամանքներ: Առանձնազրույցի ժամանակ Ա. Պետրոսյանը հայտնեց, որ նոր խուցը զուրկ է ամենատարրական և նվազագույն պայմաններից. խցում ջուր չկա, պատուհանի ապակիներից մեկը ջարդված է, գիշերը խցի ներսում եղել է չափազանց ցուրտ: Պատուհանի ճեղքերը փակելու նպատակով կալանավորները դրանք փակել են իրենց ձեռքի տակ եղած տարբեր իրերով: Օրվա (փետրվարի 21-ի) ընթացքում մեկ անգամ ջուր է եղել, այն էլ մի քանի կաթիլ: Խցի մյուս պայմանները “համահունչ են” վերը ներկայացված պայմաններին:

Նշեմ, որ Աշոտ Պետրոսյանը ոտքի ծանր հրազենային վնասվածք է ստացել ՊՊԾ գնդի հարակից տարածքում, և անգամ նրա ոչ լիարժեք առողջ լինելու փաստը ոչ մի նշանակություն չի ունեցել քրեակատարողական հիմնարկի ղեկավարության համար, երբ նրան “տեղավորում էին” թիվ N խցում:

Հավելենք նաև, որ Ա. Պետրոսյանը վնասված ոտքը չի կարողանում լիարժեք ծալել (կքանստել), որը նրա համար լրացուցիչ խոչընդոտ է ստեղծում սանհանգույցից օգտվելու ժամանակ:

 Անձի նկատմամբ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող ավելի ցցուն դրսևորում հնարավոր չէ պատկերացնել:

Եթե Աշոտ Պետրոսյանին “Նուբարաշեն” տեղափոխելը և N խցում տեղավորելու նպատակը եղել է նրան խոշտանգելը, ապա “պլանի” հեղինակներին դա լիովին հաջողվել է:

 Սույն Դիմում բողոքով մեր վրդովմունքն ենք հայտնում և պահանջում` հրատապ միջոցներ ձեռնարկել Աշոտ Պետրոսյանի նկատմամբ ցուցաբերվող անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը վերացնել, ապահովել կալանավորված անձի համար օրենքով սահմանված բոլոր պայմանները, իսկ Աշոտ Պետրոսյանին “Նուբարաշեն” ՔԿՀ-ի թիվ N խցում տեղավորելու համար որոշում կայացրած անձանց ենթարկել պատասխանատվության և արդյունքների մասին մեզ հայտնել գրավոր:

 Աշոտ Պետրոսյանի պաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան                   

Արայիկ Պապիկյան
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 2367
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association