Տեղեկանք Տիգրան Համբարձումյանի սպանության փաստով հարուցված թիվ 90554311 քր. գործով

Համաձայն քրեական գործի՝ ՀՀ ՊՆ 54809 զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող շարքային Տիգրան Բենիկի Համբարձումյանը 2011թ.-ի հունիսի 28-ին ժամը 18:30-ի սահմաններում ինքնակամ լքել է զորամասը: Կատարված որոնողական աշխատանքների ժամանակ 2011թ.-ի հունիսի 29-ին ժամը 13:15-ին շարքային Տիգրան Համբարձումյանի դիակը հայտնաբերվել է զորամասին հարակից անտառում՝ զորամասից մոտ 100մ հեռավորության վրա:

Նախաքննական մարմինը մինչ օրս աշխատում է միայն կեղծ վարկածի վրա, թե իբր հանգուցյալը համասեռամոլական հակումներ է ունեցել, ինչը բացարձակապես հերքվում է նույն քրեական գործով ձեռք բերված տվյալներով, որոնք պարզորոշ ցույց են տալիս, որ Տիգրան Համբարձումյանը ոչ թե ինքնասպան է եղել, այլ նրան սպանել են:
Դեպքի վայրի և դեպքի վայրից վերցված իրերի հետազոտումները առաջ են բերում բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանը տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, Հելսինկյան Ասոցիացիայի փորձագետ Ռ. Մարտիրոսյանը փորձեց ստանալ ՀՀ զինդատախազ Գ.Կոստանյանից և ՀՀ ՊՆ ՔԾ պետ Ա.Հարությունյանից նրանց հետ Գորիսում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Թիվ 610/19 դատաբժշկական փորձագիտական եզրակացությամբ պարզվել է, որ դեպքից առաջ Համբարձումյանը օգտագործել է խմիչք, որ դեպքից առաջ նրան հասցրել են մարմնական վնասվածքներ, սակայն նախաքննական մարմինը չի ցանկանում քննությամբ պարզել գործին էապես առնչվող այս հանգամանքները:
Գործով կատարված հետմահու դատահոգեբանական փորձաքննությամբ ապացուցվել է, որ նախաքննական մարմնի կողմից նշված հանգամանքներում Տ.Համբարձումյանը չէր կարող ինքնասպան լինել: Միայն այն փաստը, որ «Рапира» տեսակի ածելու վրա, որը հայտնաբերվել է դեպքի վայրից և որով իբր ինքնասպանություն է գործել Համբարձումյանը, վերջինիս մատնահետքերը չեն հայտնաբերվել հիմնովին արժեզրկում է նախաքննական մարմնի առաջ քաշած կեղծ վարկածը:
Առ այսօր գործով չկան ձերբակալվածներ. որևէ մեկին մեղադրանք չի ներկայացվել Տ. Համբարձումյանին սպանելու կամ ինքնասպանության հասցնելու հոդվածով:
Նախաքննական մարմինը հայտնվել է փակուղում, իսկ վերադաս դատախազությունը պարբերաբար մերժում է տուժող կողմի բացարկը նախաքննական մարմնին և միջնորդությունը, որպեսզի քրեական գործը տրվի այլ քննչական մարմնի:
Այսպիսով, նախաքննական մարմինը ո՛չ ցանկանում է բացահայտել սպանությունը և ո՛չ էլ կարողանում է հիմնավորել իր կեղծ վարկածը: Արդյունքում քրեական գործը մտել է փակուղի:

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1427
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association