Մնացական Թորգոմի Մնացականյանի մահվան փաստով Տեղեկանք

Համաձայն քննիչի որոշման՝ պարզվել է, որ 2012թ.-ի հոկտեմբերի 1-ին, ժամը 06:50-ի սահմաններում 2 ժամկետային զինծառայողներ զորանոցի լվացարանին կից պահասենյակում hայտնաբերել են թիվ 51556 զորամասի ժամկետային զինծառայող Մնացական Մնացականյանի դիակը՝ սավանի միջոցով կախված վիճակում:

02.10.2012թ.-ին Հելսինկյան ասոցիացիայի փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը մասնակցեց զինվորի դատաբժշկական դիահերձմանը և պարզեց, որ իրոք զինվորի պարանոցի հատվածում առկա է խիստ արյունազեղված ճմլման ակոս, որը բնորոշ է կախվելու միջոցով մահվան վնասվածքներին: Միառժամանակ պարզվեց, որ այն պահին, երբ Մնացականյանին իջեցրել են կախված դիրքից, նա դեռ ողջ է եղել. դրա մասին է վկայում այն, որ զինվորի մոտ հայտնաբերված դիակային բծերը հայտնաբերվել են նրա մարմնի հետնային(թիկունքային) մասում, ինչն ապացուցում է, որ նրա մահը վրա է հասել ոչ թե կախված վիճակում գտնվելիս, այլ ավելի ուշ, երբ նա գտնվել է թիկունքի վրա պառկած վիճակում: Զինվորի դիակի արտաքին և ներքին զննությամբ չհայտնաբերվեցին փաստեր, որոնք վկայեին կամ հուշեին նրա նկատմամբ կատարված բռնության մասին, այդ իսկ պատճառով ներկա պահին հնարավոր չէ ասել՝ զինվորին կախել են, թե նա ինքն է կախվել: Այս հարցի պատասխանը պետք է տա քննությունը, մասնավորապես, Մնացականյանի հագուստի դատահետքաբանական, դատաքիմիական, դատակենսաբանական փորձաքննությունը: Չի բացառվում, որ բռնության հետքեր հայտնաբերվեն հենց զինծառայողի հագուստների վրա: Ներկա պահին միակ կասկածելի հանգամանքները, որ նկատվել են Հելսինկյան ասոցիացիայի կողմից հետևյալններն են.


1. Նշված զորամասը համարվում է «էլիտար», սովորաբար այնտեղ են ծառայում ժողովրդական լեզվով ասված «փողատերերի երեխաները» և անհասկանալի է, թե ինչպես է գյուղացու երեխան հայտնվել այդ զորամասում
2. Ըստ դատաբժշկի նախնական հաղորդման՝ Մնացականյանի մահը վրա է հասել դիահերձումից 24 ժամ առաջ: Եթե հաշվի առնենք, որ դիահերձումը սկսել է 02.10.2012թ.-ի ժամը 11:30-ի սահմաններում, ապա պետք է ֆիքսենք, որ մահը կարող էր վրա հասնել 01.10.2012թ.-ի ժամը 11:30-15:30-ի սահմաններում, այլ ոչ ժամը 07:00-ի սահմաններում, ինչպես նշում է նախաքննական մարմինը: Սակայն հաշվի առնելով, որ փորձառու դատաբժիշկ Շավարշ Գևորգյանը լրացուցիչ պետք է նախաքննական մարմնից պահանջի դեպքի վայրի զննության արձանագրության պատճեն, պետք է լրացուցիչ հետազոտման ենթարկվեն հանգուցյալի ներքին օրգանները, այս պահին դեռ չի կարելի վերը նշված հակասությունը դիտել որպես հիմնավոր
3. Համաձայն դիակը Երևան ուղեկցած զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետի բանավոր պատմածի՝ ծառայության վերջին շրջանում Մնացական Մնացականյանը եղել է ինքնամփոփ, գտնվել դեպրեսսիվ վիճակում: Փոխգնդապետը, այս փաստից անհանգստացած, զրույցներ է ունեցել Մնացականյանի հետ, բայց վերջինս լռել է, չի ցանկացել խոսել իր այդ հոգեվիճակի պատչառների մասին: Ըստ փոխգնդապետի՝ նա միջնորդել է, որպեսզի Մնացականը ստուգվի հոգեբան-հոգեբույժի մոտ: Ըստ զ/մ-ի հրամանատարի տեղակալի՝ այս ստուգումը ևս արդյունք չի տվել. մասնագետ(ներ)ը Մնացականյանի մոտ որևէ շեղում չեն հայտնաբերել: Սա հակասում է զոհվածի մոր կողմից Հելսինկյան ասոցիացիայի աշխատակից Արման Վեզիրյանին պատմածին, համաձայն որի՝ մայրը որդու հետ խոսել է մահվան նախօրեին, ժամը 22:00-ի սահմաններում: Ըստ մոր՝ խոսակցության պահին որդին ունեցել է բարձր տրամադրություն, որևէ դժգոհություն ծառայությունից չի հայտնել, կատակել է և ծիծաղել:
Նշենք, որ Մնացական Մնացականյանը ֆիզիկապես ուժեղ էր, բարձրահասակ, թիկնեղ: Մեր դիտարկումները ցույց են տվել, որ Մնացական Մնացականյանի մահվան պատճառները որևէ կերպ կապված չեն նրա քաղաքացիական կյանքի հետ, կապված էին ծառայության հետ և կարող էին առաջ գալ միմիայն ծառայության ընթացքում տեղի ունեցած, առայժմ մեզ անհայտ անհաղթահարելի խնդիրներով:


Այս պահի դրությամբ Հելսինկյան ասոցիացիայի աշխատակիցների համար հանելուկ է մնում զինվորի մահվան պատճառը: Ուզում ենք նշել, որ Էջմիածնի Գայ գյուղի բնակիչ Մնացական Մնացականյանը հանդիսանում է լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով առանցքային վկա Արման Մնացականյանի հորեղբոր որդին և որոշ անձինք նրա մահը դիտում են որպես միտումնավոր սպանություն՝ ուղղված Արման Մնացականյանին ահաբեկելուն, լռեցնելուն: Հելսինկյան ասոցիացիան, այս պահի դրությամբ չունենալով նման վարկածի որևէ ուղղակի կամ անուղղակի ապացույց, առայժմ ձեռնպահ է մնում խոսել 2 դեպքերի միջև որևէ կապի մասին:


Սպանվածի ծնողի առաջարկությամբ և ցանկությամբ Հելսինկյան ասոցիացիան կշարունակի անհրաժեշտ իրավական օգնություն ցույց տալ նրան, հետևել նախաքննության ընթացքին, անհրաժեշտության դեպքում հանդես գալ միջնորդություններով, առաջարկություններով և բողոքներով, ինչի մասին տեղեկություններ կտրվեն լրացուցիչ:

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 2022
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association