Պատկերացում չունի մարդու իրավունքների մասին. նախարարի հայտարարությանը չեն հավատում

045.png

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը լավ պատկերացում չունի Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին, և նրա հայտարարությունը, որ այլ մշակույթները, կրոններն ու ավանդույթները հարգելը միշտ հատուկ է եղել հայ ժողովրդին, անհեթեթություն են: Epress.am-ի հետ զրույցում այս մասին ասել է իրավապաշտպան, «Հելսինկյան ասոցիացիա» հասարակակն կազմակերպության ղեկավար Միքայել Դանիելյանը:


Հակադարձելով նախարարին՝ Դանիելյանը նշել է, որ հնարավոր չէ խոսել, օրինակ, այլ կրոնների նկատմամբ հարգանքի մասին, եթե հայաստանյան բանտերում կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ են նստած իրենց հավատի համար: Դանիելյանը, մասնավորապես, մատնացույց է արել «Յեհովայի վկաներ» կրոնական կազմակերպության ներկայացուցիչներին:
«Դա խոսում է այն մասին, որ մենք ոչ մի ձևով չենք հանդուրժում այլ կրոնները: Մենք օրինակներ ունենք, որ իշխանության և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչներն անհանդուրժող հայտարարությաններ են արել կրոնական փոքրմասնությունների հասցեին», – ասել է Դանիելյանը:
Նրա խոսքով՝ ոչ միայն հայաստանցիները, այլ նաև այլ երկրում բնակվող հայերը հաճախ անհանդուրժող են թե այլոց մշակույթների, թե կրոնների նկատմամբ:
«Նրանք ապրում են մի երկրում և փնովում են այդ երկիրը: Նման օրինակներ շատ կան: Հայերից շատերը, օրինակ, ավտորիտար ռեժիմներով երկրներում ոչ թե ընդունում են այդ երկրի մշակույթը, այլ պարզապես ծառայում են ռեժիմի ղեկավարին, ինչպես, օրինակ, Սիրիայում՝ Բաշար Ասադին, իսկ Ռուսաստանում՝ Վլադիմիր Պուտինին:
Ընդհանրապես, Հայաստանը, հայերը ու հանդուրժողականությունը շատ տարբեր բաներ են: Չի կարող մարդ լինի հանդուրժող մշակույթի ու կրոնի նկատմամբ, բայց անհանդուրժող լինի, ասենք, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ: Մարդիկ կամ հանդուրժող են, կամ ոչ հանդուրժող, կիսով չափ հանդուրժող հնարավոր չէ լինել», – ասել է իրավապաշտպանը:
Շարունակելով խոսել Հայաստանում այլ կրոնների նկատմամբ հարգանքի բացակայության մասին՝ Դանիելյանը նշել է, որ Հայաստանում նախկինում՝ դեռևս 90-ականներից, եղել են տարբեր կրոնական ուղղությունների ներկայացուցիչներ, ովքեր հետապդնումների են ենթարկվել և դադարեցրել են իրենց գործունեությունը Հայաստանում, մասնավորապես, կրիշնաիտները, բահաիստները, բուդդակայանները:
Հիշեցնենք, որ վերջին տարիներին ԱՄՆ Պետդեպի Կրոնի ազատության մասին զեկույցներում նշվել է, որ Հայաստանում բնակչության հիմնական մասը բացասական վերաբերմունք ունի կրոնական փոքրամասնությունների նկատմամբ, իսկ էթնիկ հայ լինելը գրեթե միշտ կապվում է Հայ Առաքելական եկեղեցու հետ: Հայաստանյան լրատվամիջոցները շարունակում են իրենց հրապարակումներում օգտագործել «աղանդ» բառը, երբ խոսում են կրոնական փոքրամասնությունների մասին: 2012 թվականի զեկույցում ընդգծվում է, որ Հայաստանյայց առաքելական եկեղեցու պատմություն առարկայի ուսումնական ծրագիրն ու դասագրքերը ավելի շատ միտված են եկեղեցու հավատքին, քան եկեղեցու պատմությանը:

Տեղեկատվությունը՝ Epress.am-ի:

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1607
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association