Իշխանական ՀԿ-ները և Սփյուռքը. ով է խանգարում հայաստանցի իրավապաշտպաններին

IMG 59442011-2012թթ ընթացքում իրավապաշպանների գործունեության պայմանները ոչ միայն չեն բարելավվել, այլև վատթարացել են, քանի որ ավելացել է իշխանությունների կողմից քարոզչությունը մարդու իրավունքներով զբաղվող ՀԿ-ների դեմ՝ հատկապես կենտրոնանալով դրանց արտասահմանյան ֆինանսավորման վրա: Այս մասին ասվում է «Իրավապաշտպանների վիճակը Հայաստանում» զեկույցում, որը հեղինակել են մի շարք հայաստանյան հասարակական և իրավապաշտպան կազմակերպություններ:

Զեկույցն անդրադարձել է լրագրողների, ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանների, ղարաբաղյան հակամարտության լուծման ջատագովների, բնապահպանների, իրավաբանների նկատմամբ ճնշումների, սպառնալիքների կիրառման դեպքերին:

Այսօր զեկույցը ներկայացնող հեղինակ կազմակերպությունների անդամները ոլորտի համար կարևոր մարտահրավեր են համարել մարդու իրավունքներով զբաղվող «իշխանական ՀԿ-ներ»-ի գործունեությունը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նման «պսևդո-ՀԿ-ների» շարքում նշել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից ստեղված Մարդու իրավուքների տունը, «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ն, որը դիտորդական առաքելություն է իրականացնում տարբեր ընտրությունների ժամանակ և մշտապես բարձր գնահատում դրանց անցկացումը, «Հայոց արծիվներ» և «Հայազն» միությունները, որոնք իրավապաշտպանների դեմ հարձակումներ են հրահրում, ստանում են կառավարության վարչական աջակցությունը և ծայրահեղ ազգայնական գաղափարախոսություն են քարոզում: Սաքունցն ասել է, որ նման ՀԿ-ների ֆինանսավորելու համար պետբյուջեից հասարակական սեկտորին տարեկան տրվում է 10-12 միլիոն ԱՄՆ դոլար:

Իրավապաշտպանների դեմ իշխանության թշնամական քաղաքականության օրինակներ է բերել նաև «Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» ՀԿ-ի նախագահ Մամիկոն Հովսեփյանը՝ հիշեցնելով DIY ակումբի պայթեցումից հետո որոշ պատգամավորների հովանավորչությունը հանցագործներին, գործի բացահայտման ձգձգումը, ԶԼՄ-ների քարոզը մայիսին կայացած Բազմազանության երթի դեմ, այդ երթը գեյ-պառադ որակելը, կազմակերպիչների դեմ մինչ այժմ շարունակվող հետապնդումները, նաև «Պարադա» ֆիլմի ցուցադրության միջնորդությամբ 27 ՀԿ-ների՝ վարչապետին ուղղված նամակի արհամարումը:

Զեկույցի հեղինակները իրավապաշպանների նկատմամբ ճնշում են որակել նաև Փաստաբանների մասին նոր օրենքը, որով իրավապաշտպաններին արգելվում է իրավաբանական գործունեություն ծավալել՝ առանց փաստաբանական արտոնագրի:

«Սոցիոսկոպ» ՀԿ-ի նախագահ Էվելինա Գյուլխանդանյանը խոսել է ՀՀ իշխանությունների գործելաոճին տրվող միջազգային կազմակերպությունների ոչ համարժեք գնահատականի մասին:

«ԵՄ ներկայացուցիչները մեզ ասել են, որ մեր կարծիքը կիսում են, սակայն քանի որ տնտեսանան շահեր ունեն տարածաշրջանում, չեն կարող ավելի խիստ նկատողություններ անել Հայաստանի իշխանություններին», – ասել է Գյուլխանդանյանը:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սոնա Այվազյանն ասել է, որ Հայաստանի իշխանությունները կարողանում են ճնշումներ հրահրել իրավապաշտպանների նկատմամբ նաև երկրից դուրս:

Որպես օրինակ Այվազյանը նշել է Լոս Անջելեսում հայ համայնքի կողմից կազմակերպված միջոցառումը, որտեղ Մամիկոն Հովսեփյանին թույլ չեն տվել ելույթ ունենալ և հայաստանցի իրավապաշտպանները ստիպված են եղել բոյկոտել հանդիպումը:


«Երկու բան է խանգարում Հայաստանում մարդու իրավունքերի պահպանմանը. դա հայկական սփյուռքն է և միջազգային կազմակերպությունները»,- ամփոփել է գործընկերների ելույթները Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը:

Տեղեկատվությունը` Epress.am-ի:

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1280
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association