Քոչարյանն ընդդեմ “Հրապարակ”-ի. նախապատրաստական դատական նիստ

Hraparak-oratert2011թ. սեպտեմբերի 15-ին, ժամը 14:00-ին, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Քոչարյանն ընդդեմ  “Հրապարակ”-ի գործով վերջին նախնական դատական նիստը /դատավոր՝ Էդիկ Ավետիսյան/ : Նախորդ նիստի ընթացքում դատավորն ընդունել էր հայցի առարկա հանդիսացող հոդվածի հեղինակ Լուսինե Պետրոսյանին դատարանում հարցաքննելու հայցվոր կողմի ներկայացրած միջնորդությունը: Սակայն, վկան դատարան չէր ներկայացել, իսկ դատարան ներկայանալու ծանուցագիրը վերադարձվել էր` “հասցեն թերի է” մակագրությամբ: Հայցվոր կողմի ներկայացուցիչ Արփինե Մելիքբեկյանը միջնորդեց, որպեսզի վկային կրկին ծանուցում ուղարկվի նույն հասցեով, իսկ հաջորդ անգամ չներկայանալու դեպքում` վկան հետախուզվի և դատարան բերման ենթարկվի, քանի որ հայցվոր կողմը լուրջ, սակայն չհիմնավորված կասկածներ ունի, որ նամակը միտումնավոր է հետ ուղարկվել: 
Պաշտպանական կողմը պնդում էր, որ հայցվոր կողմը մի շարք հնարավորություններ ունի Լուսինե Պետրոսյանի հասցեն ճշտելու և առանց որևէ խնդրի ճիշտ հասցեին ծանուցագիր ուղարկելու: Բացի այդ Հրապարակ օրաթերթի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը պնդում էր, որ, համաձայն ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 122 հոդվածի, վկայի ցուցմունքներն անհրաժեշտ է լսել բուն դատավարության փուլում, այլ ոչ թե նախապատրաստական փուլում: Արդյունքում դատավորը չբավարարեց վկային նախապատրաստական փուլում լսելու հայցվոր կողմի միջնորդությունը և վճռեց վկայի ցուցմունքները լսել դատավարության փուլում:
Հաջորդ դատական նիստը կնշանակվի երկու շաբաթ հետո: Ապացույցների ներկայացման կարգն է` լսել վկայի ցուցմունքը, ապա հետազոտել ներկայացված գրավոր ապացույցները:

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1926
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association