Երիտասարդին «Զվարթնոցում» 2-րդ անգամ շփոթել են հետախուզվող անվանակցի հետ


Ռուսաստանի քաղաքացի 21-ամյա Մաքսիմ Պոպովին այսօր «Զվարթնոց» օդանավակայանում հերթական անգամ շփոթել են հետաւխուզման մեջ գտնվող իր անվանակցի հետ և փորձել են արգելել նրա ելքը Հայաստանից:


Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ, փաստաբան Գայանե Խաչատրյանը պատրաստվում է դիմում-բողոք ներկայացնել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանին՝ իրազեկելու այդ կառույցների աշխատակիցների ցուցաբերած բացահայտ անգործություն ու ոչ պատշաճ աշխատանքի վերաբերյալ: Epress.am-ի հետ զրույցում Խաչատրյանն ասել է, որ նշված գերատեսչությունների աշխատակիցներն անտեսում են դատարանի կայացրած վճիռները՝ ոտնահարելով քաղաքացիների իրավունքները:
Դիմում-բողոքի առիթ է հանդիսացել Վրաստանում ծնված ՌԴ քաղաքացի 21-ամյա Մաքսիմ Գենադիի Պոպովի նկատմամբ ոստիկանության ու ԱԱԾ-ի աշխատակիցների իրականացրած գործողությունները, ինչի արդյունքում խախտվել է վերջինիս ազատ տեղաշարժման և հանրապետությունից դուրս գալու իրավունքը:
Դեռևս 2012 թվականի հուլիսի 21-ին Միներալնիե Վոդի մեկնող Պոպովին (նա սովորում է Երևանի Բժշկական համալսարանում) «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն իրականացնող ՀՀ ԱԱԾ սահմանապահները Երևան-Միներալնիե Վոդի չվերթի ուղևորների ցուցակից հանել և ոստիկանության աշխատակիցներին են փոխանցել՝ պատճառաբանելով, որ հետախուզման համակարգչային բազայում կենսագրական տվյալները համընկնում են Մոլդովայի իրավապահ մարմինների կողմից հետախուզվող Մաքսիմ Պոպովի տվյալների հետ:
Խաչատրյանը պատմել է, թե նշված օրը՝ ժամը 8:15-ից մինչև 11:40 Պոպովին ապօրինի պահել են սկզբից «Զվարթնոց» օդանավակայանի ՀՀ ԱԱԾ սահմանապահների, այնուհետև ոստիկանության աշխատակիցների մոտ:
«Դեռևս «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ ԱԱԾ սահմանապահները և ոստիկանության աշխատակիցները արդեն իսկ Պոպովի տվյալները ստուգելու առաջին պահից, ունենալով նրա բոլոր կենսագրական տվյալները, տեղյակ են եղել, որ Պոպովի և հետախուզվող անձի հայրանուններն ու ծննդավայրը տարբեր են, սակայն անհիմն նրան հանել են չվերթից», – ասել է մեր զրուցակիցը:
Փաստաբանը նշել է, որ ապօրինի գործողությունների հետևանքով Պոպովը կրել է թե նյութական, թե բարոյական վնաս, խախտվել են նրա ՀՀ Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայով ամրագրված իրավունքները:
Երիտասարդը դիմել է դատարան և պահանջել է իրավապահներից որպես պատճառված վնասի փոխհատուցում բռնագանձել 2 039 000 ՀՀ դրամ, որից` 35000 ՀՀ դրամ որպես պատճառված նյութական վնասի հատուցում, 4000 ՀՀ դրամ` պետական տուրքը և 2 000 000 /երկու միլիոն ՀՀ դրամ՝ որպես բարոյական վնասի հատուցում: Չվերթից դուրս մնալու հետևանքով Պոպովին փոխհատուցվել է 39000 դրամը, իսկ 2 միլիոն դրամի մասով դատարանը բացասական որոշում է կայացրել:
«2012 թվականի սեպտեմբերից գործը գտնվել է «Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, դատական նիստերին մասնակցել են ոստիկանության և ԱԱԾ-ի իրավաբանները ու դատավորը հարցրել է՝ «արդյո՞ք թարմացվել է բազան ու հնարավո՞ր է, որ օդանավակայանում տվյալ անձին նորից թույլ չտան հանրապետությունից դուրս գալ», ինչին ի պխատասխանը իրավաբանները ժպիտով ասել են, թե՝ «չէ, այդպիսի բան անհնար է»», -պատմել է Խաչատրյանը:
Սակայն այսօր օդանավակայանում կրկնվել է նույնը՝ տվյալ քաղաքացուն կրկին թույլ չեն տվել օդանավ նստել:
«Եթե ես, անվտանգությունից ելնելով, Պոպովին փոխանցած չլինեի դատարանի վճիռը, նրան կրկին տանելու էին: Միայն թռիչքը հայտարարելու պահին են նրան թույլ տվել ազատ տեղաշարժվել և հաշվառման անցնել: Փաստորեն ոստիկաններն ու ԱԱԾ աշխատակիցները այս ողջ ընթացքում անգործություն են ցուցաբերել և անգամ դատական պրոցեսի հետո որևէ բան չի փոխվել», – ասել է փաստաբանը:

 

Տեղեկատվությունը՝ Epress.am-ի

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1334
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association