Ակտիվիստներին կարող են մեղադրանք առաջադրել 2 հոդվածով (ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)


cityhall114:40 Ոստիկանության շենք են մտել ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը և ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Ակտիվիստները շենքի մոտ նստացույց են սկսել: Մի քանի տասնյակ մարդ նստել է գետնին՝ պահանջելով բաց թողնել ընկերներին: Ակտիվիստներին լուրեր են հասել, որ բերման ենթարկվածներից Սամվել Խաչատրյանը ազատ է արձակվել: Նա, սակայն, շենքից դեռ դուրս չի եկել:


14:15 Ոստիկանության բաժնի դիմաց հավաքվածների մոտ դուրս է եկել Նիկոլ Փաշինյանը, ով հայտնել է, որ ոստիկանությունն այսօրվա դեպքերի առնչությամբ քրեական գործ է հարուցվել 185 (Գույքն անզգուշությամբ ոչնչացնելը) և 316 հոդվածներով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը): Ավելի վաղ բաժին բերման ենթարկված 5 ակտիվիստներին առայժմ այդ հոդվածներով մեղադրանք չի առաջադրվել. ոստիկանությունում քննում են տեսանյութերը, որպեսզի պարզեն, որքանով այդ անձինք կապ ունեն նշված հանցագործությունների հետ: Ակտիվիստներին պետք է մեղադրանք առաջադրեն կամ բաց թողնեն բերման ենթակելուց 3 ժամ հետո, որը դեռ չի լրացրել:
Գնդապետ Վալերի Օսիպյանն էլ ասել է հավաքվածներին, որ ավելի ուշ բերման ենթարկված Արեգ Գևորգյանը կոչ է արել հատել Խանջյան փողողն արգելված վայրում և դա էլ իրավախախտում է: Ոստիկանը նաև առաջարկել է ակտիվիստներին պատվիրակություն կազմել և գնալ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մոտ, սակայն ակտիվիստները հրաժարվել են դա անել մինչև իրենց ընկերների բաց թողնելը:

 


13:37 Վալերի Օսիպյանը վերադարձավ մենակ: Ակտիվիստները պահանջում են, որ նա կատարի իր խոսքը և գնա բերման ենթարկված ակտիվիստների հետևից: Օսիպյանը պահանջում է կարգուկանոն սահմանել: Նա կրկին հեռացել է՝ խոստանալով բերման ենթարկվածների ազատ արձակման հարցը քննարկել վերադասների հետ: Ակտիվիստները մտադիր են ոստիկանության բաժնի մոտ մնալ այնքան ժամանակ, մինչև բոլոր բորման ենթարկվածներին ազատ չարձակեն: ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ևս մտել են բաժին:
13:30 Ոստիկանության Կենտրոնական բաժնի մոտ այս պահին հրմշտոց է: Ոստիկանները թույլ չեն տալիս, որպեսզի ակտիվիստները մոտենան շենքին: Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, րոպեներ առաջ ոստիկանները բերման ենթարկեցին ակտիվիստներ Արեգ և Սարգիս Գևորգյան եղբայրներին: Ոստիկանների գործողություններն էլ ավելի զայրացրեցին հավաքվածներին, ովքեր սկսել են վանկարկել «Հիմա»՝ պահանջելով զատ արձակել բոլոր ակտիվիստներին: Գնդապետ Օսիպյանը պահանջաեց հետ շարժվել և հեռացավ՝ խոստանալով իր հետ բերել բերման ենթարկված ակտիվիստներին: Հավաքվածները սպասում են:

 

13:15 Ակտիվիստներն հասել են Խանջյան փողոց և ցանկացել են անցնել այն: Ակցիայի մասնակից Արեգ Գևորգյանը կոչ է արել ոստիկաններին պահպանել բողոքողների անվտանգությունը, մինչդեռ ոստիկանները պահանջել են փողոցը հատել ստորգետնյա անցումով: Նրանք սկսել են քաշքշել և
հրել Գևորգյանին: Վերջ ի վերջո ակտիվիստները ստիպված են եղել անցումը մտնել:

13:00 Ոստիկանության Կենտրոնական բաժնի ճանապարհին ակտիվիստները կանգնել են ՀՀ կառավարության շենքի մոտ և սկսել են վանկարկել՝ «Տիկո, հեռացիր», «Տիկո, ամոթ»՝ նկատի ունենալով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:
12:55 Ակցիայի մասնակից Վիլեն Գաբրիելյանը (Facebook սոցիալական ցանցում հայտնի է որպես Նավակը Ճոճող) Epress.am-ին փոխանցել է, որ իրեն բռնի ուժով տեղափոխել են Երևանի ոստիկանության Կենտրոնական բաժին:

12:30 Լրագրողներին հաջողվեց պարզել, որ այս պահին ոստիկանության Կենտրոնի բաժնում է գտնվում 4 ակտիվիստ: Ակտիվիստներից մեկը հայտարարեց, որ բերման ենթարկված յուրաքանչյուր ակտիվիստ պետք է համոզված լինի, որ իր մեջքին կանգնած են 100-ավոր ակտիվիստներ: Հավաքվածները որոշեցին երթով շարժվել դեպի ոստիկանության Կենտրոնի բաժին:
12:15 Գնդապետ Վալերի Օսիպյանը շարունակում է համոզել ակցիայի մասնակիցներին, որ իրենց գործողություններն ապօրինի են: Օսիպյանի հայտարարությանը, որ պետք է պայքարել իրավական միջոցներով, այդ թվում՝ դատարանների միջոցով, գնդապետին մոտեցած մի տարեց մարդ առարկեց, որ Հայաստանում ոչ մի դատարան արդար չի գործում:
11.58 Ոստիկանները թույլ չէին տալիս ուղեվարձի թանկացման դեմ պայքարող ակտիվիստներին մոտենալ քաղաքապետարանին, սակայն հավաքվածները, ճեղքելով ոստիկանական պատը, մոտեցան քաղաքապետարանի մուտքին: Ակտիվիստները վանկարկում են «100 դրամ», «Ոստիկան՝ հանցագործ»: Ոստիկանների գործողությունները ղեկավարող գնդապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ շարունակելու են բերման ենթարկել ակտիվիստներին, եթե վերջիններս «խախտեն կարգը»:
11:15 Երևանի քաղաքապետարանի մոտ այսօր ժ.11.00-ին նշանակված ուղեվարձի թանկացման դեմ ակցիայի հենց մեկնարկին քաղաքապետարանի տարածքը պաշարած ոստիկանները մի քանի ակտիվիստի ուժով նստեցրել են մեքենաներ և տարել:
Մի խումբ ակտիվիստներ փորձել են փակել ոստիկանական մեքենաների ճանապարհը, սակայն նրանց չի հաջողվել:
Ակտիվիստներից մի քանիսին ոստիկանություն են տեղափոխել դեռ քաղաքապետարան չհասած՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցից: Ակտիվիստ Թաթուլ Շահբազյանը Epress.am-ի թղթակցին պատմել է, որ իրենք Կոմայգու դիմացի մայթին կանգնած ծխում էին, երբ ոստիկանները մոտեցան ու, ձեռքերը ոլորելով, դեպի ոստիկանական մեքենա տարան իրենց ընկերոջը՝ Դավիթ Թովմասյան:
Ոստիկանները հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Նրանք ռացիաներով գործընկերներին հորդորում են լրացուցիչ ոստիկանական մեքենաներ ուղարկել քաղաքապետարանի մոտ:
Այսօրվա ակցիային միացել են նաև վերջին շրջանում Կառավարության շենքի և նախագական նստավայրի դեմ բողոքի ակցիաներ անցկացնող տարբեր խմբեր՝ խաբված բնակարանատերերը, բնապահպանները:

Տեղեկատվությունը՝ Epress.am-ի 

 

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1411
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association