Համաներման մասին օրենքի անհրաժեշտության և սկզբունքների մասին

072.jpg

Համաներման մասին օրենքի անհրաժեշտության և սկզբունքների մասին

 

Անկախությունից հետո Հայաստանում հայտարարվել է 9 համաներում: Դրանցից 5-ը կիրառվել են 1961 թվականի Քրեական օրենսգրքի գործածման, իսկ 4-ը՝ 2003 թվականին ընդունած նոր Քրեական օրենսգրքի ժամանակ:

Գրեթե բոլոր համաներումները կրել են ընդհանուր բնույթ, իսկ 2009 և 2011 թվականների համաներումները նաև՝ հատուկ բնույթ: Այդ 2 համաներումները հատուկ մասով վերաբերել են հատկապես 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններին:

Համաներումները ՀՀ-ում

#

Անվանումը

Ընդունող մարմինը

Ամսաթիվը

1.

«Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման տարեդարձի առթիվ ամնիստիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրակելու մասին

ԳԽ որոշում

05.10.1992

2.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման կապակցությամբ համաներում հայտարարելու մասին

ԱԺ որոշում

26.09.1995

3.

Համաներում հայտարարելու մասին

ԱԺ որոշում

08.05.1997

4.

Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 7-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին

ԱԺ որոշում

15.09.1998

5.

Հայաստանում Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին

ԱԺ որոշում

12.06.2001

6.

Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին

ԱԺ որոշում

07.07.2006

7.

Համաներում հայտարարելու մասին

ԱԺ որոշում

19.06.2009

8.

Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին

ԱԺ որոշում

26.05.2011

9.

Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին

ԱԺ որոշում

03.10.2013

Վերջին 2-3 տարիների ընթացքում պարբերաբար լուրեր են շրջանառվում այն մասին, որ առաջիկայում հայտարարվելու է համաներում: Համաներման անհրաժեշտությունն առավել կարևորվում է հատկապես թավշյա հեղափոխությունից հետո:

Նոր և հնարավորինս լայն ու ընդգրկուն համաներման անհրաժեշտությունն առանձնանում է ինչպես բովանդակային, այնպես էլ ընթացակարգային առումով: Այսպես՝ 2015 թ. դեկտեմբերի 6-ի փոփոխված Սահմանադրության համաձայն, համաներումն այլևս որոշում չէ, և այն ընդունվելու է որպես օրենք:

Հետհեղափոխական Հայաստանում դատաիրավական համակարգն արդարացիորեն հայտնվել է աննախադեպ քննադատության դաշտում: Արդարադատության, ներառյալ քրեակատարողական համակարգից հանրային դժգոհությունը լիցքաթափելու, համակարգի նկատմամբ որոշակի վստահության ձևավորման նպատակով համաներման մասին օրենքը լավագույն գործիքներից մեկն է:

ՀՀ-ում կալանավորված կամ անազատության դատապարտված են մի քանի հազար մարդ: Գաղտնիք չէ, որ պետությունն ի վիճակի չէ ապահովել կալանավորված կամ դատապարտված անձանց համար նվազագույն պայմանները: Խնդիրը չի կարող լուծվել նաև նոր քրեակատարողական հիմնարկներ ստեղծելու միջոցով: Նախ, պետությունը չունի անհրաժեշտ միջոցներ, և հաջորդը՝ միջոցների ծախսումը նպատակային կլինի, եթե դրանք ուղղվեն ոչ թե պատժիչ համակարգի, այլ կրթադաստիարակչական համակարգերի ստեղծմանը և զարգացմանը:[1]

Համաներման մասին օրենքը պետք է ունենա 2 հիմնական մաս՝ ընդհանուր և հատուկ: Հատուկ մասը պայմանականորեն կարելի է բաժանել 3 բաժինների՝

ա) քաղաքական հետապնդումների գործեր,

բ) «Սասնա ծռեր»-ի գործեր,

գ) հետհեղափոխական ժամանակաշրջանի գործեր:

Մաս 1. Ընդհանուր համաներման հիմնական սկզբունքները

Ընդհանուր համաներումը պետք է լինի բավականին լայն և ընդգրկուն: Դրա մեջ պետք է ներառվեն ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունները և պատժի կրումից պետք է ազատվեն՝

ա) առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժների դատապարտված անձինք.

բ) այն անձինք, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է.

գ) ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձինք:

Պատժի կրումից պետք է ազատել նաև առավելագույնը ութ տարի ժամկետով ազատազրկման դատապարտված

ա) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներին,

բ) 60 տարին լրացած անձանց,

գ) հանցագործությունը մինչև 18 տարին լրանալը կատարած և նախկինում ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չկրած անձանց,

դ) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հղի կանանց կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց,

ե) այն անձանց, ովքեր Հայրենական մեծ պատերազմի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցներ են, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավասարեցված են նրանց կամ ունեն բռնադատվածի կարգավիճակ և նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն:

 

[1] Օրինակ՝ ՀՀ դատարանների պահպանման համար տարեկան ծախսը ըստ Բյուջեի մասին օրենքի կազմում է 8,543,203.5 ՀՀ դրամ, Քրեակատարողական համակարգի պահպանման համար՝ 8,154,597.9 ՀՀ դրամ, մինչդեռ գրադարանների համար տարեկան հատկացումը 1,531,120․9 ՀՀ դրամ է։     

 

Ընդհանուր համաներման մյուս առանձնահատկությունները (միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ, համաներման չկիրառման դեպքեր, այլն) կսահմանվեն իրավասու մարմնի համապատասխան ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա:

Համաներումն անխուսափելիորեն պետք է վերաբերի նաև ցմահ դատապարտված անձանց:

Մաս 2. Հատուկ համաներման հիմնական սկզբունքները

ՀՀ-ում հատուկ համաներում հայտարարվել է 2009 և 2011 թվականներին: 2009 թվականի որոշման 1-ին կետի 6-րդ մասը սահմանում էր՝ «Պատժից ազատել՝ 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հանցագործություն կատարած անձանց»: Իսկ 2011 թվականի որոշման 3-րդ կետը սահմանում էր՝ «Պատժից ազատել, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի, առավելագույնը ինը տարի ժամկետով ազատազրկման դատապարտված այն անձանց, որոնք սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան պատժի մեկ քառորդը»:

Առաջին դեպքում համաներումը տարածվել է 2008 թ. մարտի 1-2-ի իրադարձությունների, երկրորդ դեպքում՝ այդ նույն իրադարձությունների միայն մեկ գործի վրա: Այսինքն՝ հատուկ համաներում հայտարարվել է միայն մեկ քրեական գործի (անձի) համար:

Ներկայումս անհրաժեշտ է օրենքով հստակ սահմանել հատուկ համաներման ենթակա շրջանակը հետևյալ կերպ՝

Քաղաքական հետապնդումների գործեր

  • Պատժից ազատել 2013 թվականի նոյեմբերի 5-ին (նախաքննական գործ թիվ 69110713, դատական գործ թիվ ԵԿԴ/0071/01/14) Երևան քաղաքի Ազատության հրապարակում և Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ մեղադրվող անձանց (Շանթ Հարությունյան և մյուսներ)։
  • Պատժից ազատել 2016 թվականի հուլիսի 19-ին (նախաքննական գործ թիվ 59104916 և թիվ 59105316, դատական գործ թիվ ԵԷԴ/0088/01/16 և թիվ ԵԷԴ/0112/01/16) Երևան քաղաքի Մովսես Խորենացի փողոցին հարող Գլինկա և Որմնադիրների փողոցների հատման վայրում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ մեղադրվող անձանց (Սարի թաղ)։
  • Պատժից ազատել 2014 թվականի հունիսի 12-ին (նախաքննական գործ թիվ 15104514, դատական գործ թիվ ԵԿԴ/0174/01/14) Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 23/1 հասցեում գտնվող Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընղհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ մեղադրվող անձանց (Հայկ Կյուրեղյան)։
  • Պատժից ազատել նախաքննական գործ թիվ 62228516, դատական գործ թիվ ԵԱԴԴ/0028/01/17 քրեական գործով մեղադրվող անձանց (Ժիրայր Սէֆիլյան և մյուսներ)։
  • Պատժից ազատել նախաքննական գործ թիվ 62217517, դատական գործ թիվ ԵԱԴԴ/0051/01/17 քրեական գործով մեղադրվող անձանց (Արթուր Մովսիսյան)։
  • Պատժից ազատել նախաքննական գործ թիվ 62215917, դատական գործ թիվ ԵԷԴ/0063/01/17 քրեական գործով մեղադրվող անձանց (Անդրեաս Ղուկասյան)։

Ցանկը սպառիչ չէ:

«Սասնա ծռեր»-ի գործեր

Ներկայումս դատարանում գտնվող երեք քրեական գործերով «Սասնա ծռեր»-ին առաջադրված է մեղադրանքներ ՀՀ քրեական օրենսգրքի 21 հոդվածներով:

ՀՀ նոր քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո, 2006, 2009, 2011, 2013 թվականների համաներումների մասին որոշումներով «Սասնա ծռեր»-ին առաջադրված մեղադրանքներից/հոդվածներից երբևէ համաներում չի կիրառվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104, 218, 219 հոդվածներով: Մյուս բոլոր հոդվածները տարբեր ձևերով ենթարկվել են մարդասիրական վերաբերմունքի:

104-րդ հոդվածի (սպանություն) նկատմամբ համաներման բացառումը բոլոր 4 որոշումների մեջ ամրագրվել է հստակ և որոշակի: 218-րդ և 219-րդ հոդվածների առումով պետք է փաստենք, որ որևէ որոշման մեջ դրանք առանձին և որոշակի չի ամրագրվել. որպես կանոն սահմանվել է սահմանափակում ՀՀ քրեական օրենսգրքի 217-224-րդ հոդվածների համար: Ավելին, եթե 104-րդ հոդվածը «խրախուսական» կանոն չունի, ապա 218-րդ և 219-րդ հոդվածները ոչ միայն ունեն «խրախուսական» կանոն, այլ սույն դեպքում ամբողջությամբ կիրառելի է այդ կանոնը:

Կարող ենք փաստել, որ 104-րդ հոդվածի առումով և՛ իրավունքը, և՛ մարդասիրությունը օբյեկտիվորեն խիստ մոտեցում է որդեգրել, ինչը ողջամիտ է:

Կարող ենք փաստել նաև, որ Սասնա Ծռերի գործի նկատմամբ Համաներման մասին օրենքը կարող է կիրառվել ամբողջ ծավալով, բացառությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով ընթացող քննությանը:

Բացառությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով հարուցված մեղադրանքի՝ պատժից ազատել՝ 2016 թվականի հուլիսի 17-31-ը (նախաքննական գործի համարը 62228816, 62207917, Դատական Գործ N: ԵԷԴ/0039/01/17, ԵԷԴ/0090/01/17, ԵԷԴ/0091/01/17) Երևան քաղաքի ՊՊԾ գնդում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ մեղադրվող անձանց:

Հետհեղափոխական ժամանակաշրջանի գործեր

Թավշյա հեղափոխությունից հետո բացահայտվեցին բազմաթիվ փաստեր նախորդ իշխանությունների ժամանակ կատարված հանցագործությունների մասին: Դրանք բազմաբնույթ են. յուրացնել կամ վատնել, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտել, ապօրինի հարստանալ, հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնել կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնել, այլն:

Այս գործերով ևս համաներման առանձնահատկությունները կսահմանվեն իրավասու մարմինների ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա:

 

[1] Օրինակ՝ ՀՀ դատարանների պահպանման համար տարեկան ծախսը ըստ Բյուջեի մասին օրենքի կազմում է 8,543,203.5 ՀՀ դրամ, Քրեակատարողական համակարգի պահպանման համար՝ 8,154,597.9 ՀՀ դրամ, մինչդեռ գրադարանների համար տարեկան հատկացումը 1,531,120․9 ՀՀ դրամ է։     

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 895
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association