Աջակցություն հիմնարար իրավունքների և ազատությունների զարգացմանը Հայաստանում․ հանդիպում-քննարկում

Ս․թ․ հունիսի 29-ին «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ը Հայաստանում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակներում կազմակերպել էր հանդիպում-քննարկում։

Երկրում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ հանդիպումն իրականացվեց հեռավար ձեւաչափով։ Հանդիպման հրավերն ուղարկվել  էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը, ԵԽ երևանյան գրասենյակին, Արդարադատության նախարարությանը, ԱԺ պատգամավորների, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին,Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, ՀՀ փաստաբանների պալատին, ՀՀ դատախազությանը, իրավապաշտպան ՀԿ-ների, այլն։ Հանդիպմանը մասնակցում էին միայն    ԱՄՆ դեսպանատան, ՀՀ հատուկ քննչական ծառայության  եւ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ներկայացուցիչներ։ 

Բավականին հետաքրքիր եւ բովանդակալից հանդիպման ընթացքում  «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության փաստաբաններ Արայիկ Պապիկյանը և Արա Ղարագյոզյանը մասնակիցներին ներկայացրին քրեական գործերով դատական մշտադիտարկման, իրենց վարույթներում գտնվող, մասնավորապես, խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների եւ  խոշտանգման գործերի պաշտպանության ընթացքում իրենց կողմից բացահայտված մի շարք օրենսդրական բացեր ու  թերություններ, ինչպես նաև ներկայացրին  դրանց կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների առաջարկներ։

ՀԿ փաստաբաններն օրենսդրական բաց են համարում այն փաստը, որ նախաքննության ընթացքում  դատախազներն ու քննիչները կարող են ծանոթանալ գործի նյութերին, իսկ տուժող կողմը՝ ոչ։  Այս բացը վերացնելու համար «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ փաստաբան Արայիկ Պապիկյանը դիմել էր դատարան։   Օրեր առաջ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորն աննախադեպ որոշում է կայացրել Արայիկ Պապիկյանի ներկայացրած բողոքով։ Նախաքննության ընթացքում գործի նյութերը կտրամադրվեն նաեւ տուժող կողմին։

Որոշումը կայացվել է 2010 թ․ դեկտեմբերի 17-ին Հադրութում, ըստ  պաշտոնական վարկածի,  հիվանդության պատճառով մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի գործով։

Իր բողոքում Արայիկ Պապիկյանը շեշտել էր, որ թեեւ  իրենք հանդես են գալիս մեղադրանքի կողմում, սակայն քննիչը եւ դատախազն իրավունք ունեն ծանոթանալ գործի նյութերին, իսկ տուժող կողմը՝ ոչ։

Ըստ Արայիկ Պապիկյանի՝  այս օրենսդրական  խնդիրը ձեւավորվել է տարիներ շարունակ։ «Քննիչը կարող է չնկատել այնպիսի մանրամասներ, որոնք կարող է նկատել կամ կանխազգալ տուժողը կամ իրավահաջորդը։ Նախաքննության նյութերին ծանոթանալ օրինակ հինգ տարի հետո, երբ ավարտ կհայտարարվի, կարող է տեղեկությունների հավաքման համար անհնարինություն լինել»,- ասաց Արայիկ Պապիկյանը։ Նա այս գործով դատական 6 տարբեր բողոքներ է ներկայացրել դատարան։ «Ակամայից ստացվել է, որ տուժողը եւ քննիչը հանդես են գալիս ոչ թե մեղադրանքի կողմում, այլ տարբեր կողմերում։  Սա պետք է օրենսդրական կարգավորում ստանա, եւ համակարգային մոտեցումը պետք է փոխվի։  Շատ հաճախ մենք գիտենք, որ սա է եղել պատճառը, որ տասնամյակներով գործերին լուծումներ չեն տրվել»,- ասաց Արայիկ Պապիկյանը։

«Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը նշեց, որ  միջազգային գործընկերներն ապշում են, երբ լսում են, որ տուժող կողմն ունի ներկայացուցիչ, եւ հարցնում են, թե վերջինս ինչի համար է պետք․ չէ՞ որ պետությունն է նրա թիկունքում կանգնած։

Հանդիպման-քննարկմանը ներկա Զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազ Վիգեն Հարությունյանը եւս սա լուրջ խնդիր է համարում․ «Մենք էլ ենք փորձում  հասկանալ, թե որն է խնդիրը»։

Քննարկման մասնակիցներն անդրադարձան նաեւ իրենց հուզող մյուս խնդիրներին՝  գործերի քննության ողջամիտ ժամկետին եւ իրեղեն ապացույցների ոչնչացմանը։ Արայիկ Պապիկյանը գործերի քննության ողջամիտ ժամկետի խախտման վառ օրինակ է համարում  Կարեն Կունգուրցեւի գործը։ Վերջինս մեղադրվում էր  Լոռու մարզում 2013 թ․ հոկտեմբերի 15-ին հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանի սպանության մեջ։  Սակայն 31 ամիս անազատության մեջ գտնվելուց հետո Կարեն Կունգուրցեւին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանն անմեղ էր ճանաչել եւ 2016 թ․ ապրիլի 15-ին նրան ազատ արձակել։  Սակայն  Կարեն Կունգուրցեւը երկար չմնաց  ազատության մեջ։ 2017 թ․ հուլիսի 18-ին Վերաքննիչ դատարանը՝  Մանուշակ Պետրոսյանի նախագահությամբ,  Կարեն Կունգուրցեւին առաջադրված սպանության փորձի մեղադրանքը փոփոխեց՝ այն որակելով որպես անձին դիտավորությամբ մարմնական վնասվածքի հասցնում, որն առաջացրել է մահ։ Արդյունքում դատավոր Պետրոսյանը  Կարեն Կունգուրցեւին   դատապարտեց  7 տարվա ազատազրկման։ Հետագայում Վճռաբեկ դատարանը 2018 թ․ հուլիսի 20-ին գործը կրկին ուղարկեց առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

«Վերջին երկու տարիներին կարելի է ասել իրականացվում է անարդյունավետ, զրոյական արժեքով քննություն, որից տուժում են  դատական  իշխանությունը, մեղադրանքի,  տուժող եւ պաշտպանական կողմերը։  Պետությունը հսկայական ռեսուրսներ է ծախսում»,- ասում է Կարեն Կունգուրցեւի պաշտպանը։

Ըստ Արայիկ Պապիկյանի,  հնարավոր չէ վերականգնել յոթ տարի առաջ տեղի ունեցած դեպքերի և իրողությունների հստակ պատկերը։ «13-14 տարեկան պատանիները, ովքեր դեպքից հետո վկայություն  են տվել, այսօր կամ հանրապետությունում չեն կամ մանրամասներ չեն հիշում։ Դատական ակտից հետո էլ  ելակետային տվյալներ չենք  ունենա, ապացույցները պահպանված չեն լինի,  վկաները կբացակայեն հանրապետությունից։ Սա անարդյունավետ քննության դասական օրինակ է»,- ցավով նշում է պաշտպանը։

Նրան  անհանգստացնում է նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների ոչ պատշաճ պահպանումը կամ կարճ ժամանակում դրանց վերացումը։ Դրա վառ ապացույցը  Արթուր Ղազարյանի գործն է։   Վերաբացված գործով չկան  ելակետային տվյալներ՝ միկրոպրեպարատները եւ դիակի դատաբժշկական լուսանկարները։ Մինչդեռ   վարույթն իրականացնող մարմինը նախաձեռնել է  կրկնակի  հանձնաժողովային փորձաքննություն։ «Այս դեպքում ի՞նչ եզրակացություն պետք է ստացվի, երբ գործը դեռ չի ավարտվել, սակայն ապացույցները ոչնչացվել են։ Օրենսդրական կարգավորումներ պետք է իրականացվեն»,- կարծում է Արայիկ Պապիկյանը։

Նինա Կարապետյանցնը համոզված է ՝ պետք է ստեղծվի  ապացույցների պահպանման պահուստ․ այլընտրանք չկա։

 «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը անդրադարձավ զինվորական ծառայության ընթացքում առողջական խնդիրներ ձեռք բերած Արթուր Հակոբյանի գործին։ Ծեծի եւ արժանապատվությունը նվաստացնելու հետեւանքով  այժմ տուժողը  հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի։ Դեպքից հինգ տարի է անցել, սակայն  տուժող կողմը  դրական արդյունք չի արձանագրել, ավելին՝ սայլը տեղից չի շարժվում։ Նույնիսկ  Վճռաբեկ դատարանի որոշումը չի նպաստել կրկին  քննչական գործողություններ կատարելու համար։ Գործը երեք անգամ փակվել է։ Վերաբացված գործը  կրկին ուղարկվել է Սյունքի մարզի դատարան՝ նոր քննության, սակայն տուժող կողմն այստեղ էլ է խնդրի բախվել։

«Դատավորը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է, սակայն դատական նիստերն անցկացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Այստեղ եւս կա օրենսդրական խնդիր։ Տուժողը ներկա պահին զրկված է լսված լինելու իրավունքից, քանի որ այդպիսի առողջական խնդիրներով ի վիճակի չէ գնալ ԼՂՀ եւ մասնակցել դատական նիստին»,- ասում է Արա Ղարագյոզյանը։

Ապացույցների ձեռքբերման խնդիրներ կան նաեւ 2018 թ․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում խոշտանգման ենթարկված,  այնուհետեւ  պաշտոնական վարկածով ինքնասպանություն գործած Արմեն Աղաջանյանի գործով։ Խոշտանգման գործով  դատահոգեբանական  փորձաքննություն չի անցկացվել,  այնուհետեւ դրա բացակայության հիմքով դատավորն ամբաստանյալի արարքը վերաորակել է։

ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ   Գերասիմ Մարդանյանն էլ մեղադրվում է 2017թ. հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջևանի բաժանմունքի շենքում 19-ամյա Ժորա Սիմոնյանին խոշտանգելու մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով), սակայն  առաջին ատյանի դատարանն արդարացրել է Գերասիմ Մարդանյանին։ Վերաքննիչ դատարանն էլ, թեեւ համաձայնվել է  տուժող կողմի բերած բոլոր հիմնավորումների հետ, սակայն չի հաստատել խոշտանգման փաստը՝ գործն ուղարկելով նոր քննության։ Փաստաբանը փաստում է, որ դատարանները խոշտանգման հոդվածը վերաորակում են կամ արդարացնում ամբաստանյալներին։

Քննարկման մասնակիցները պատրաստ են պատկան մարմինների հետ քննարկել խնդիրների լուծման  տարբերակներ։ 

  Այլ մանրամասների կարող եք ծանոթանալ տեսանյութում։

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 62
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association