ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՄԵՆ ԼԱՄԲԱՐՅԱՆԻ ԳՈՐԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

79071_b.jpg
2017 թ. մայիսի 23-ին, ժամը 17:00-ին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Մ. Մելքոնյանի, պետք է կայանար Արմեն Լամբարյանի բողոքի քննությունը՝ տեսակցությունների և հեռախոսազանգերի արգելիք վերացման մասին: Դատական նիստը չկայացավ, քանի որ չէր ապահովվել Ա. Լամբարյանի ներկայությունը:

Դատավորը հայտնեց, որ նիստից 15 րոպե առաջ ՀՔԾ քննիչ Էդ. Հակոբյանը դատարան գրություն է բերել և հայտնել, որ իրենք չեն կարող ապահովել Լամբարյանի ներկայությունը քանի որ նրա գործը մայիսի 15-ից գտնվում է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում:

Հայտարարում եմ՝

  1. ՀՔԾ քննիչ Էդ. Հակոբյանը նիստից միայն 15 րոպե առաջ Լամբարյանի վերաբերյալ գրությունը դատարան բերելով չարաշահել է իր լիազորությունները, դիտավորությամբ խոչընդոտ է ստեղծել դատական քննությունը ողջամիտ ժամկետում անցկացնելու առումով: Նա պարտավոր էր դատարան ներկայացված գրությունը առնվազն 2017 թ. մայիսի 15-ին ներկայացներ, որը սակայն չի կատարել:
Ի դեպ՝ Էդ. Հակոբյանը նիստին ներկա չէր:

  1. Նիստը նախագահող դատավորը թեև առերևույթ  նիստից 15 րոպե առաջ էր տեղեկացել Լամբարյանի դատարան ներկայացնելու անհնարինության մասին, սակայն պարտավոր էր առնվազն 2017 թ. մայիս 16-ից տեղյակ լինել, որ Լամբարյանի գործը գտնվում է այլ մարմնի վարույթում: Այս հանրահայտ փաստը տարածվել է և՛ պաշտոնական հաղորդագրություններով, և՛ լրատվության միջոցներով: Ինչպես նախորդ նիստի երկար ժամկետով հետաձգման, այնպես էլ այսօրվա նիստի անորոշ ժամկետով հետաձգման փաստով ակնհայտ է, որ դատարանը ևս կոպտորեն խախտում է դատական քննությունը ողջամիտ ժամկետում անցկացնելու իր պարտականությունը, իսկ Արմեն Լամբարյանի նիստին ներկայությունն ապահովելու առումով ցուցաբերել է անգործություն և անտարբերություն:
  2. Նիստի օրը՝ մայիսի 23-ին առավոտյան ցանկանում էի Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկում տեսակցել Ա. Լամբարյանին և նրա հետ նախապատրաստվել դատական նիստին: Ժամը 10:00-ի սահմաններում ՔԿՀ-ում բյուրոկրատական և արհեստական քաշքշուկների պատճառով ես չկարողացա նրա հետ հանդիպել և առանձնազրույց ունենալ: Հաշվի առնելով հետագա իրադարձությունները, գտնում եմ, որ ՔԿՀ-ում իմ և Ա. Լամբարյանի այսօրվա տեսակցության փաստացի արգելքը նախապես պլանավորված էր և հանդիսանում է փաստաբանի լիազորությունների իրականացման խոչընդոտ:
Թեև առանձնապես ակնկալիք չունեմ, սակայն ենթադրում եմ, որ ՀՀ դատախազությունը, Արդարադատության խորհուրդը, Արդարադատության նախարարությունը ուշադրություն կդարձնեն սույն հայտարարությանը:

Արմեն Լամբարյանի պաշտպան՝ Արայիկ Պապիկյան

23.05.2017թ.
  • Դիտումներ: 1166
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association