• Slideshow1
  • John Hay
  • vladimir-visotskiy
  • Honoré Mirabeau 4
  • Hunter S tomson
  • «Ժողովրդավարությունը վատ վարչակարգ է, բայց ոչ ոք ավելի լավը դեռ չի հորինել»:

    Ուինստոն Չերչիլ ,Բրիտանացի քաղաքական գործիչ
  • «Պետական բռնակալության սարսափը հազվադեպ է տեսնում նա, ով չի փորձում դրան դիմակայել»:

    Ջոն Հեյ ,Ամերիկացի դիվանագետ
  • «Իրական խենթերը քիչ են, ահա և չկա առաջնորդ»:

    Վլադիմիր Վիսոցկի ,Դերասան և պոետ
  • «Կամավոր ստրուկներն ավելի շատ բռնապետներ են ստեղծում, քան թե բռնապետները՝ ստրուկներ»:

    Օնորե Գաբրիել Միրաբո ,Ֆրանսիացի քաղաքական գործիչ
  • «Ազատությունը մեռնում է այն ժամանակ, երբ այն պետք չէ»:

    Հանթեր Ս. Թոմսոն, ամերիկացի լրագրող

Ինչպես Երանոսյանը կորցրեց իրեն ամրակցված զենքը

Lernik_Eranosyan.png

2010թ. հուլիսի 9-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը վճռով Լեռնիկ Երանոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով և 372-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել՝ ՀՀ քրեական օրեսնգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկում 2 (երկու) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկում 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի կարգով` պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Լ. Երանոսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 2 տարի 6 ամիս ժամկետով: Հիշեցնենք, որ Լեռնիկ Երանոսյանը ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի եղբայրն է:

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Լ. Երանոսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել` 1 (մեկ) տարի փորձաշրջանով:

Իսկ ի՞նչ «հերոսություն» էր կատարել Երանոսյանը.

2010թ. հունիսի 3-ին «հանդիսանալով պաշտոնատար անձ` ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, կոչումով փոխգնդապետ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելով, անձնական շահագրգռվածությունից ելնելով, զինծառայողների նկատմամբ իր հեղինակությունը բարձր պահելու, գերիշխանության, վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով, կատարել է իշխանազանցություն` 2010թ. ապրիլի 2-ին, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, զորամասի ճաշարան ճաքած ձու ընդունելու համար, զորամասի մի խումբ սպաների ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ու քաշքշել զորամասի պահեստապետ, ենթասպա NN-ին, իսկ երբ վիճաբանությունը կանխելու նպատակով նրանց է մոտեցել հրամանատարի տեղակալ NN-ը, սեռական բնույթի հայհոյանքներ է տվել, քաշքշել և հարվածներ հասցրել նաև վերջինիս:

Վերադառնալով զորամասի շտաբ՝ հանդիպելով ենթասպա NN-ին, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով գերիշխանության վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով կատարել է իշխանազանցություն` իրեն ամրակցված ՏՏ տեսակի ատրճանակն ուղղել վերջինիս ուղղությամբ և առանց պատճառի պահանջել է դիմում գրել և դուրս գալ աշխատանքից:

Նույն օրը ժամը 22:00-ի սահմաններում Լեռնիկ Երանոսյանն իր ավտոմեքենայով հետապնդելով NN-ին և զորամասի տարածքից դուրս հանդիպելով նրան՝ հատել է վերջինիս ճանապարհը, սպանության սպառնալիքի իրական վտանգ ներկայացնելով իրեն ամրակցված ՏՏ տեսակի ատրճանակն ուղղել է NN-ի կողմ և պահանջել ավտոմեքենան կայանել: Վերջինս, սարսափած, դեպքի վայրից ավտոմեքենայով դիմել է փախուստի:

02.04.2010թ. ժամը 23:00-ի սահմաններում Լեռնիկ Երանոսյանը խախտելով ՀՀ պաշտպանության նախարարի զենքի և զինամթերքի պահպանման հրահանգի 15-րդ կետի 6-րդ ենթակետի դրույթներն այն մասին, որ արգելվում է հասարակական միջավայրում գտնվելիս զենք կրել, եթե այնտեղ գտնվելը կապված չէ ծառայության հետ, Էջմիածին քաղաքում կորցրել է իրեն ծառայողական իրավունքով ամրակցված ՏՏ տեսակի ատրճանակը»:

Առաջադրված մեղադրանքներում Լեռնիկ Երանոսյանն իրեն մեղավոր է ճանաչել: 

  • Դիտումներ: 5108
0
0
0
s2sdefault
Aram_Aghayan.png
ՀՀ վարչապետ, համաժողովրդական շարժման առաջնորդ Նիկոլ Վովայի Փաշինյանին
«Վարդաշեն» ՔԿՀ դատապարտյալ՝ ՀՀ ԶՈՒ նախկին սպա Արամ Գրիգորի Աղայանից

                                                                                                                          Բաց նամակ

Հարգելի՛ պարոն Փաշինյան, շնորհավորում եմ Ձեզ և ողջ հայ ժողովրդին՝ Ձեր առաջնորդած համաժողովրդական շարժման հաղթանակի, ինչպես նաև ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այս հաղթանակն անխոս ուղղեց մեր ժողովրդի «կռացած մեջքը» և վերացրեց ժողովրդի մեջ օր օրի խորացող այն վտանգավոր մտայնությանը, թե մեր երկրում ամեն ինչ կորած է և ոչինչ փոխել հնարավոր չէ: Անսահման մեծ է ուրախությունս, երբ տեսնում եմ, որ ՀՀ քաղաքացին այլևս հուսալքված չէ, որ վերջապես նրա մոտ վերականգնվեց հավատը, որ երկրի տերը ինքն է: ՀԱՅԸ գիտակցեց, որ միայն պայքարի միջոցով կարելի է հասնել հաղթանակի, որը նվաճում են և ոչ թե մուրում:

Համայն հայության ջանքերով պետք է վերականգնենք մեր թալանված ու կեղեքված երկիրը և ստեղծենք հզոր Հայաստան՝ ամուր պետականությամբ: Յուրաքանչյուր ոք իր առօրյայում, իր գործունեության մեջ պարտավոր է իր գործը լավ և բարեխիղճ կատարել, պետք է պայքարի իր շուրջը առկա՝ անցյալից մնացած արատավոր երևույթների ու բարքերի դեմ՝ մեր իրականությունից դրանք իսպառ վերացնի՝ հաղթանակը լիարժեք դարձնելով:

Հարգելի՛ պարոն վարչապետ, թեև ըստ ՀՀ օրենսդրության պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին և կանխել նոր հանցագործությունների կատարումը, այդուհանդերձ նախորդ իշխանությունը ձևավորել էր արատավոր ավանդույթ՝ ազատազրկված անձանց ուղղումը վրեժխնդրության վերածելու համար, արվում էր ամեն ինչ մարդուն չարությամբ լցնելու և նոր հանցագործությունների կատարման մղելու:

Վստահ եմ՝ Նոր Հայաստանում այդ երևույթները պետք է իսպառ բացառվեն, պետք է կատարվեն լայնածավալ աշխատանքներ՝ անցյալի նեխած համակարգը արմատախիլ անելու և այն քաղաքակիրթ ու զարգացած երկրին բնորոշ համակարգով փոխարինելու ուղղությամբ: Հավատում եմ նաև, որ Նոր Հայաստանի բանտերում այլևս չեն լինի անարդար արդարադատության զոհեր: Հույս ունեմ, որ Դուք կձեռնարկեք անհրաժեշտ քայլերը՝ կեղծ ու ապօրինի դատավարությունների հետևանքով ապօրինաբար անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ արդարության վերականգնման և ՔԿՀ-ների բեռնաթափման ուղղությամբ:

Միանում եմ օրեր առաջ քաղբանտարկյալ Գարեգին Չուքասզյանի կողմից հրապարակված կոչին և ողջունում նրա առաջարկած նախաձեռնությանը:

Հ.գ. Արամ Աղայանի գործի վերաբերյալ գանգատի քննությունը գտնվում է Եվրոպական դատարանում: Իդեպ, Արամ Աղայանն իր դիմումով ցանկություն է հայտնելծառայել Արցախում: Դիմումը բավարարվել է և նա ծառայել է Շուշիում:

  • Դիտումներ: 18084
0
0
0
s2sdefault

Կոչ-հայտարարություն

Ժողովրդի ընտրած վարչապետը 2018 թ. ապրիլի 27-ի ասուլիսի ժամանակ քաղբանտարկյալներին ու Սասնա Ծռերին ազատելու որոշման մասին հարցին պատասխանեց՝ «Բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն միանշանակ, իսկ թե ովքեր են քաղբանտարկյալ այդ հարցի լուծումը կարծում եմ պետք է վերապահել մասնագիտացված հասարակական կազմակերպություններին, որոնք իրենք իրենց քննարկումների արդյունքում, որպեսզի սուբյեկտիվ չլինի ընկալումը, կքննարկեն և կգան ընդհանուր եզրակացության»:
Մենք քայլ ենք անում և հայտարարում՝ որպես մասնագիտացված հասարակական կազմակերպություն պարտավոր ենք մասնակցել այդ քննարկումներին:
Համոզված ենք, որ բազմաթիվ այլ մասնագիտացված հասարակական կազմակերպություններ, գործընկերներ ու անձինք ևս իրավունք ու պարտավորություն ունեն մասնակցել այդ քննարկումներին:

Գործելու համար մենք (բոլորս) իրավունք չունենք սպասել առընթեր կամ այլ բնույթի մարմիններ ստեղծվելուն: Հեղափոխության ընթացքն ու տրամաբանությունը բոլորիս սովորեցրեց ու ցույց տվեց, որ յուրաքանչյուրս պարտավոր ենք քայլ անել: Նաև դա նկատի ուներ վարչապետը երբ նշեց՝ «պետք է արվեն բոլոր քայլերը հանրային համերշխության մթնոլորտը վերականգնելու համար»:

Ուստիև առաջարկում ենք վաղը՝ 2018 թվականի մայիսի 7-ին ժամը 18:30-ին, Երևանում, Մաշտոցի պուրակում քայլ անել՝ սկսել հանրային բաց քննարկումներ քաղբանտարկյալներին ու Սասնա Ծռերին ազատելու մասին հարցի շուրջ:
Բոլոր շահագրգիռ անձինք իրավունք ունեն մասնակցել քննարկմանը:

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
իրավապաշտպաններ/փաստաբաններ Նինա Կարապետյանց, Արայիկ Պապիկյան

  • Դիտումներ: 3908
0
0
0
s2sdefault

Հրատապ դիմում բոլոր սփյուռքահայերին և ընկերներին

Ինչպես բոլորդ հետևում էիք Հայաստանում ընթացող նորություններին ու զարգացումներին, 2018թ. ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանի ընտրությունը որպես վարչապետ ընթացավ հարկադիր միջոցների կիրառմամբ` փշալարերով շրջապատված և ոստիկանության ծանրակշիռ ներկայությամբ, չնայած նրա և իր կոռումպացված ու օլիգաիխիկ վարչակարգի դեմ հազարավոր խաղաղ ցուցարարների աճող ազգային ընդվզմանը:

Այդուհետ խաղաղ ցուցարարների թիվն օրըստօրե աճեց, միանալով ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ու քաղաքացիական հասարակության մի խումբ ակտիվիստների հայտարարած համազգային քաղաքացիական անհնազանդությանը, այժմ միայն Երևանի Հանրապետության հրապարակում նրանց թիվը 60000-ից ավելի է: Սկիզբ առնելով Երևանում, բողոքի ցույցերը, որոնց օրեցօր ավելի մեծ թվով մարդիկ են ներգրավվում, տարածվեցին, հասնելով Հայաստանի բոլոր մարզերն ու ամենամարդաշատ քաղաքները: Ուսանողներն ու երիտասարդներն իրենց հերթին նախաձեռնություն ցուցաբերեցին բողոքի իրենց ձայնը բարձրացնել` փակելով փողոցներն ու շարունակաբար երթի դուրս գալով` պայքարելու հանուն իրենց ազատությունների և հանուն օլիգարխներից, անարդարությունից ու կոռուպցիայից զերծ ավելի լավ Հայաստանի իրենց իրավունքի: Հիմնական մտահոգությունն այն է, որ Սերժ Սարգսյանի` որպես երկրի ղեկավարի երրորդ և հավանաբար ցմահ պաշտոնավարման հետևանքով Հայաստանը կմնա բռնապետության հարատև ճիրաններում:

Այժմ պահն է միանալու ի աջակցություն Հայաստանում կատարվող աննախադեպ փոփոխության: Մարդիկ առավել քան երբևէ, ձեր` Սփյուռքի մեր հայրենակիցների աջակցության կարիքն ունեն, որպեսզի ի զորու լինեն պայքարելու այս վարչակարգի դեմ և առանց բռնության և արյունահեղության վերականգնելու ժողովրդավարական գործընթացները:

Վերջերս, Սերժ Սարգսյանը հանդիպեց ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին բանակցելու նպատակով` լրատվամիջոցների ներկայությամբ: Սարգսյանն ակնհայտորեն մերժեց հրաժարական տալ, որը ցուցարարների կողմից առաջադրված պայմաններից մեկն է: Ավելին, Սարգսյանը հիշատակեց 2018 թ. մարտի մեկը, որով նա ակնարկում է սպառնալ խաղաղ բնակչությանը, որ իր վարչակարգը պատրաստ է ևս մեկ անգամ բռնություն և բիրտ ուժ կիրառել` ընդվզումը ցրելու և իր իշխանությունը պահելու նպատակով:

Վերջին 10 օրվա ընթացքում բազմահազար մարդիկ են դուրս եկել փողոց խաղաղ ցույցի` բողոքելով կոռումպացված վարչակարգի դեմ: Ավելի քան 850 մարդ ապօրինի բերման է ենթակվել և ձերբակալվել: Ոստիկանությունը անhամաչափ ուժ է կիրառում քաղաքացիների նկատմամբ, բռնարարքներ գործադրում` ծեծում և բերման ենթարկում անգամ անչափահասների, վախ ու սպառնալիք տարածելով ամենուր: Հայաստանի հանրապետական կուսակցության օլիգարխ անդամները, որոնք աջակցում են Սերժ Սարգսյանին, իրենց հրոսակախմբերն են ուղարկում մարդկանց փողոցներում ծեծելու և վայրագություններ կատարելու` ստեղծելով վախի և քաոսի մթնոլորտ: Ապրիլի 21-ին ու 22-ին ոստիկանությունը սկսեց խաղաղ հավաքների կազմակերպիչների ձերբակալությունները, ձերբակալվել են նաև Նիկոլ Փաշինյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ևս երկու պատգամավոր, որոնք Սահմանադրության համաձայն անձեռնմխելի են: Որքան ավելի լայնատարած ու ինտենսիվ է դառնում քաղաքացիական խաղաղ անհնազանդությունը, այդքան ավելի շատ է Սարգսյանի վարչակարգը ճնշում ցուցարաներին ոստիկանության աճող կոպիտ ուժով և կազմակերպված հանցախմբերի օգտագործմամբ:

Ձեր աջակցությունն օրհասական է այս հանգրվանին և կարող է օգնել կանխելու բիրտ հարձակումները խաղաղ ցուցարարների դեմ, որոնք քաղաքացիական անհնազանդություն են ցուցաբերում իրենց նպատակներին հասնելու համար: Բոլորս, ովքեր Հայաստանում պայքարում ենք հանուն ժողովրդավար երկրի և հանուն արդարության, հորդորում ենք Սփյուռքի տարբեր երկրների մեր հայրենակիցներին

  • միանալ պայքարին` ձեր երկրներում համերաշխության բողոքներ անցկացնելով Հայաստանի դեսպանությունների դիմաց,
  • նամակներ հղել ՀՀ նախագահին,
  • տեղեկացնել և համախմբել միջազգային հանրությանը,
  • ներգրավել Սփյուռքի հանրաճանաչ գործիչներին,
  • նախաձեռնել այլ խաղաղ ակցիաներ, որ կարող է աջակցել ժողովրդի պայքարին

Կարող ենք բռնությունը միասին կանխել և Հայաստանը ձեր կարիքն ունի հիմա՛:

Հայաստանի ազատ և անկախ քաղաքացիները ձե՛ր կարիքն ունեն ժողովրդավարության իրենց պայքարում:

Քաղաքացիական հասարակության կազմակերպություններ (բաց է ստորագրության համար)

  1. 1. Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ
    2. Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն ՀԿ
    3. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ
    4. «Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ
    5. Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ
    6. «Մենք» երիտասարդական ՀԿ
    7. «Երիտասարդությունը հանուն փոփոխության» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ
    8. Իջևանի քաղաքացիական երիտասարդական կենտրոն ՀԿ
    9. Իրավունքի ուժ իրավապաշտպան ՀԿ
    10. «Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ
    11. Հանրային լրագրության ակումբ
    12. «Լոռե էկո» ակումբ ՀԿ
    13. «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ
    14. «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ
    15. «Վելես» իրավապաշտպան ՀԿ
    16. ԳԱԼԱ հեռուստաստուդիա
    17. «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիա
    18. Հյուման Ռայթս Հաուս Երևան
    19. Կանանց աջակցման կենտրոն ՀԿ
    20. Թուֆենկյան հիմնադրամ
    21. «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ
    22. «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
    23. «Քալրֆուլ Հաուս» սոցիալ-մշակութային և իրավապաշտպան ՀԿ
    24. Վորլդ Վիժն Հայաստան
    25. ««Սոսե» կանանց հիմնահարցեր» ՀԿ
    26. «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն»  ​ՀԿ
  • Դիտումներ: 247
0
0
0
s2sdefault

21 ապրիլի, 2018թ., ժամը 19:00 Երևան

ՄԱԿ-ին, Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին, Եվրահանձնաժողովին, ՀՀ-ում դիվանագիտական առաքելություններին

ՀՐԱՏԱՊ ԴԻՄՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Մենք` Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, կցանկանայինք ձեր ուշադրությունը հրավիրել Հայաստանի քաղաքական իրավիճակի վրա, որը հստակ առճակատում է առկա բռնակալական կոռումպացված վարչակարգի և ժողովրդավարության հույսի միջև:

Մինչև 2015թ. Հայաստանի Հանրապետությունն ուներ կիսանախագահական կառավարման համակարգ, որը նախատեսում է երկրի նախագահի ուղղակի ընտրություն` առավելագույնը պաշտոնավարման երկու ժամկետով: Պաշտոնավարման երկու ժամկետի ավարտից հետո իշխանությունը պահելու նպատակով նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխություն իրականացրեց 2015 թ. դեկտեմբերին լայնածավալ կեղծիքներով իրականացված հանրաքվեի միջոցով:[1]

Նոր սահմանադրության համաձայն` Հայաստանի կառավարման համակարգը փոխվեց խորհրդարանականի: Դրանով ՀՀ Ազգային ժողովում հաստատվեց մեկ կուսակցության կայուն մեծամասնություն, վերացվեցին երկրի ղեկավարի ուղղակի ընտրությունները, և նվազեցվեցին նախագահի լիազորությունները` հիմնական իշխանությամբ օժտելով վարչապետին, որն ընտրվում է խորհրդարանական մեծամասնություն կողմից: Նոր սահմանադրությունն ակնհայտորեն միտված է ամրապնդելու Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գերիշխող դիրքը և Սարգսյանի պաշտոնավարման շարունակականությունը` իշխանությունը պահելով որպես «սուպերվարչապետ» թե՛ խորհրդարանի և թե՛ քաղաքացիների նկատմամբ ավելացված լիազորություններով և նվազեցված հաշվետվողականությամբ: 2017թ. ապրիլի խորհրդարանական ընտրությունների արդյունքում, որոնք աչքի ընկան համատարած ընտրակաշառքով և վերահսկվող քվեարկությամբ[2], ինչպես նաև ուժեղ ընդդիմության բացակայությամբ, ՀՀԿ-ն ստացավ խորհրդարանական մանդատների մեծամասնությունը ՀՀ Ազգային ժողովում և ուղի հարթեց, որ Սարգսյանը երրորդ անգամ պաշտոնավարի որպես պետության ղեկավար:

2018 թ. մարտի կեսից սկսած քաղաքացիական հասարակության խմբերը սկսեցին քարոզարշավ Սարգսյանի որպես վարչապետ հնարավոր առաջադրումն կանխելուն ուղղված, որպեսզի Հայաստանը չվերածվի ցմահ բռնապետության, ինչը նախկին խորհրդային երկրներին բնորոշ միտում է: Իրարից անկախ բողոքի ցույցեր սկսեցին անցկացվել տարբեր խմբերի, մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, «Մերժի’ր Սերժին» և «Հանուն Հայաստան պետության» ճակատ նախաձեռնությունների կողմից, որոնք բավականին արագ արժանացան հայ ժողովրդի լայն աջակցությանը: Նախագահ Սարգսյանի պաշտոնավարման տասնամյա ժամկետից դժգոհ լինելով` տասնյակ հազարավոր քաղաքացիներ դուրս եկան փողոց: Սկսած ապրիլի 13-ից` մի քանի օր ու գիշեր շարունակ ցուցարարները պահում էին Երևանի կենտրոնում գտնվող Ֆրանսիայի հրապարակը և խաղաղ երթեր էին կազմակերպում փողոցներում, հրապարակներում և կամուրջներում` կաթվածահար անելով քաղաքի երթևեկությունը և ժամանակավորապես շրջափակելով կառավարական շենքերը` պատգամավորների վրա ազդելու և նրանց քվեարկությունը Սարգսյանի թեկնածության օգտին կանխելու համար:

Շրջապատված լինելով ոստիկանության ջոկատաշղթայով, ոստիկանության ծանր տեխնիկայով ու փշալարերով` Հայաստանի խորհրդարանն ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանին ընտրել է որպես նոր վարչապետ բաց քվեարկությամբ` ձայների պարզ մեծամասնությամբ: Տասնյակ հազարավոր քաղաքացիներ ցույցի էին դուրս եկել ոստիկանության ջոկատաշղթայի դիմաց: Ի պատասխան` ոստիկանությունը հավաքի մասնակիցների նկատմամբ հատուկ միջոցներ կիրառեց` նետելով լուսաձայնային նռնակներ: Դրա հետևանքով ընդհանուր առմամբ 46 հոգի վիրավորվեց: Առնվազն 60 ցուցարարներ հարձակման, ծեծի և բերման ենթարկվեցին, ոստիկանական բաժանմունքներ տարվեցին առավոտյան և պահվեցին այնտեղ մինչև Ազգային ժողովի նիստի ավարտը` այդ կերպ խախտելով հանրային հավաքների մասին օրենքը: Մատնանշում ենք, որ սա երրորդ անգամն է, որ Սերժ Սարգսյանը պետական բարձր պաշտոն է ստանձնում խաղաղ ցույցի նկատմամբ կիրառած խժդժության և ոստիկանության բռնարարքների արդյունքում:

Ազգային ժողովում Սարգսյանի ընտրությունից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կոչ արեց խաղաղ քաղաքացիական անհնազանդության ողջ երկրում: Այն լայն արձագանքի արժանացավ ոչ միայն Երևանում, այլև այլ քաղաքներում, ինչպիսիք են Վանաձորը, Գյումրին, Արմավիրը, Գավառը, Հրազդանը և այլն: Բազմահազարանոց խաղաղ ցույցեր սկսեցին ընդդեմ բռնակալության ամրապնդման հեռանկարի: Ի պատասխան խաղաղ ցույցերի` ոստիկանությունը անհամաչափ ուժ և ակնհայտ բռնարարքներ իրականացրեց: Չորս օրվա ընթացքում ավելի քան 500 ցուցարարներ, ներառյալ անչափահասներ, ենթարկվել են հարձակման, դաժան ծեծի, բերման են ենթարկվել ոստիկանական բաժիններ և կալանավորվել են հաճախ օրենքով սահմանված 3 ժամից ավելի պահվելուց հետո, առանց հետաքննության և արդար դատաքննության: Շատ ցուցարարներ և մասնավորապես դպրոցականներ ծեծի են ենթարկվել և բերման են ենթարկվել քաղաքացիական հագուստով ոստիկանության աշխատակիցների կողմից առանց պետհամարանիշների մեքենաներով: Լրագրողներն ու փաստաբանները ևս ոստիկանության կողմից բռնությունների են ենթարկվել:

Խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնարարքներ գործադրելուն զուգահեռ` ոստիկանությունը զարմանալի հանդուրժողականություն և համագործակցություն է ցուցաբերել կազմակերպված հանցագործների հրոսակախմբերի նկատմամբ: Մասնավորապես, եղել են դեպքեր, երբ տասնյակ ոստիկաններ անվրդով ականատես են եղել գործողությունների, որոնց ընթացքում հանցավոր խառնամբոխը փողոցներում բռնարարքներ են գործել և վնասել հանրային գույքը, անուշադրության են մատնել առանց պետհամարանիշների բազմաթիվ ավտոմեքենաների երթևեկությունը փողոցներում: Ուշագրավ է, որ քրեական մեղադրանքներ են առաջադրվել խաղաղ ցուցարաների նկատմամբ, իսկ հանցագործների նկատմամբ ոչ մի գործ չի հարուցվել:

Թեպետ քաղաքացիական անհնազանդությունը մեծ չափով առաջնորդվել է ընդդիմադիր կուսակցության առաջնորդի կողմից, շարժումը ոչ կուսակցական է իր բնույթով: Դրա հիմնական նպատակն է կանխել Սարգսյանի երրորդ և ցմահ պաշտոնավարումը որպես երկրի ղեկավար, ինչը երկիրը կտանի երկարաժամկետ բռնապետության: Ֆրիդոմ Հաուսի վերջին` «Անցումային փուլում գտնվող պետություններ 2018թ. դիմակայելով ոչ ազատականությանը» զեկույցի համաձայն`  նախորդ տարվա համեմատությամբ Հայաստանի համաթիվը 2018թ․ վատթարացել է: Այս ցուցանիշով Հայաստանը շարունակում է մնալ որպես կիսակոնսոլիդացված ավտորիտար վարչակարգով երկիր:[3] Հետևաբար, Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությումնները պահանջագիր են ներկայացրել` պահանջելով Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը:

Ինչ էլ տեղի ունենա Հայաստանում, պայքարը մղվում է հանուն ժողովրդավարության և ընդդեմ կոռումպացված վարչակարգի: Էներգիայի այս պոռթկումը հետևանք է 1995թ․ ի վեր քաղաքացիների քաղաքական իրավունքների շարունակական ճնշման, և հստակ պահանջ է դրված արտահայտելու ժողովրդի ձայնը ազատ և արդար ընտրություններում:

Մենք կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին և այն երկրներին, որոնք աջակցում են ժողովրդավարական արժեքներին և ժողովրդավարական համակարգերին` սատարելու հայ ժողովրդի պայքարը հանուն ավելի լավ ապագայի:

Ցմահ բռնապետերը չպետք է ճանաչվեն և պետք է դատապարտվեն ժողովրդավարության ջատագովների կողմից:

Խաղաղ հավաքների ազատությունը պետք է պաշտպանվի Հայաստանի պետության կողմից, իսկ իրավիճակի ցանկացած վատթարացման ու հետևանքների պատասխանատվությունը ընկնում է Սերժ Սարգսյանի վրա:

Քաղաքացիական հասարակության կազմակերպություններ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Հայաստանի Հելսինկյան կոմիտե
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն ՀԿ
Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք (ՓԻՆՔ Արմենիա)
«Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ
«Իրավունքի ուժ» իրավապաշտպան ՀԿ
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն ՀԿ
«էլեգիա» կրթա-մշակութային ՀԿ
«Քալրֆուլ Հաուս» սոցիալ-մշակութային և իրավապաշտպան ՀԿ
Էկոտուրիզմի ասոցիացիա ՀԿ  
«Էկոիրավունք» ՀԿ
«Հակաստվեր» ՀԿ
Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ
Կանանց աջակցման կենտրոն ՀԿ
«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ
Գորիսի մամուլի ակումբ ՀԿ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության ՀԿ
«Լոռե էկո» ակումբ ՀԿ
«Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ
«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ
«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ
«Ազատ քաղաքացի» ՀԿ
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ
«Ֆեմիդա» ՀԿ
«Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների եւ խորհրդատվության կենտրոն
Հյուման ռայթս հաուս Երևան
ԳԱԼԱ հեռուստաստուդիա
«Իմ պաշտպանը» ՀԿ
«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ
«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ

 

[1] https://www.osce.org/odihr/elections/220656?download=true, https://transparency.am/en/publications/view/119

[2] https://www.osce.org/odihr/328226?download=true, https://transparency.am/files/publications/1511346003-0-749870.pdf

[3] https://freedomhouse.org/report/nations-transit/2018/armenia

  • Դիտումներ: 521
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association