Դատարանում Արտակ Նազարյանի գործով կեղծ փաստաթղթեր են ներկայացրել. փորձագետ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվող Արտակ Նազարյանի գործով դատաքննության hոկտեմբերի 23-24-ի նիստերին դատարանը կողմերին ներկայացրել է մի մեծ կապոց՝ հետին թվով «թխված» գրություններ և մատյաններ: Այս մասին ասված է Արտակ Նազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանի ներկայացված տեղեկանքի մեջ:

 

 

Համաձայն այդ գրությունների և մատյանների, ժամկետային զինծառայողներին դեպքից անմիջապես հետո Ռազմական ոստիկանություն են տեղափոխել ոչ թե դեպքի հետ կապված, այլ զորամասի հրամանատար, այժմ արդեն նախկին գնդապետ Դավթյանի հրամանով՝ ներքին ծառայության կանոնները խախտելու համար:

«Այս կերպ նախաքննական մարմինը փորձում է կոծկել իր կողմից կատարված հանցագործությունը՝ վկա զինվորներին ապօրինաբար 10-23 օրով ազատությունից զրկելու փաստը, ինչի համար էլ դատարան է ներկայացրել վերոնշյալ կեղծ փաստաթղթերը: Ասվածը հասկանալի դարձնելու համար նշենք միայն, որ մատյաններից մեկի վրա բառի բուն իմաստով դեռևս չեն չորացել թանաքի հետքերը:

Նշենք, որ այս թղթի թափոնները էապես հակասում են գործով անցնող վկա զինվորների ցուցմունքներին, համաձայն որոնց՝ դեպքից հետո իրենք հավաքվել են Ղոզլու հենակետի տնակում, որևէ գործողություն չեն կատարել, իսկ որոշ ժամանակ անց իրենց սպանության հետ կապված տարել են ՌՈ:

Դրան հակառակ՝ ԶՄ-ի նախկին հրամանատար Դավթյանը դատարանում տված իր ցուցմունքում, որը մնացել է կիսատ, պնդում է հակառակը, որ իր հարամանով են կալանավորվել զինվորները և հորդորում է հավատալ ոչ թե զինվորներին, այլ իրեն՝ հայկական բանակի փորձառու և ազնիվ սպային: Կարևորն այստեղ ոչ միայն այն է, որ սպան ստում է, այլև այն, որ եթե մենք հավատանք նրան, ապա կստացվի, որ գործով անցնող վկա զինվորները ստախոս են, իսկ նրանց ցուցմունքները, որոնց հիման վրա այսօր դատվում են 5 զինծառայող, անարժանահավատ, հետևաբար պետք է անհապաղ նրանց ազատ արձակել», – նշում է Ռուբեն Մարտիրոսյանը:

Հելսինկյան ասոցիացիայի փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը խոստացել է «հետագայում առավել մանրամասն կանգ առնել զինվորներին ապօրինի կալանավորելու հետ կապված կեղծ փաստաթղթերի մանրամասներին»:

 

 

Տեղեկատվությունը` Epress.am-ի:

 

 
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1434
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association