Ում հրամանն է կատարում դատավորը. Զոհված Արտակ Նազարյանի գործի մասին

nazaryan12

2010 թվականի հուլիսի 27-ին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատը նախագահող դատավոր Սամվել Մարդանյանը վերածվել է բռնապետի` ամբողջապես ենթարկվելով նախաքննական մարմնին, կատարելով նախաքննական  մարմնի ցուցումները: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Նազարյանի գործով տուժողի իրավահաջորդ Ռուբեն Մարտիրոսյանը` հիմք ընդունելով վերջին դատական նիստերը:

«Մարդանյանը հունիսի 5-ի նիստին, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, արգելեց ինձ միջնորդություն անել, ամբաստանյալների փաստաբաններին արգելեց անել հայտարարություն` ասելով, որ դեռ հայտարարությունների և միջնորդությունների  փուլը չի:  Սա թույլ տվեց ինձ  հայտարարել, որ մենք գտնվում ենք ոչ թե դատարանի դահլիճում, այլ աբսուրդի թատրոնում: Դատավորը ինչ-որ անհեթեթ հիքմեր է բերում  և թույլ չի տալիս, որպեսզի կողմերն իրենց տեսակետներն արտահայտեն, իրեն միջնորդություններն անեն: Դրա հիմքի վրա ես բացարկ հայտնեցի Մարդանյանին, նա հայտարարեց, որ Մարտիրոսյանը արդեն բազմիցս  բացարկներ է հայտնել իրեն, գտավ, որ այս անգամ ինքը իրավասու է տուժողի բացարկը քննության չառնել:

 

Սրանով նա բացահայտ ցույց է տալիս, որ ինքը փոքրիկ բռնապետ է, բայց իրականում ոչ թե  բռնապետ է, այլ` խամաճիկ, կամակատարն է նախաքննական մարմնի: Քանի որ, ոչ գլխավոր դատախազը, ոչ զինվորական դատախազը չեն արձագանքում այս անօրինականություններին` տուժող կողմը համոզված է, որ հենց նրանց հրամանն է կատարում Մարդանյանը»,- ասել է Ռուբեն Մարտիրոսյանը:

Վերջինս տեղեկացրել է, որ հաջորդ նիստին, որը կկայանա վաղը, իր հայտարարության համաձայն պետք է ցուցմունք տա ամբաստանյալ Վահագն Հայրապետյանը, ով, Մարտիրոսյանի խոսքով, ամբողջապես հրաժարվում է նախաքննական ցուցմունքներից:Հայրապետյանը մեղադրվում է  նրանում, որ կապիտան Հակոբ Մանուկյանի  խնդրանքով, ինքը, «Լույս» հենակետի ավագը լինելով, եկել է մարտական հենակետ և Հակոբ Մանուկյանի հետ միասին ծեծի է ենթարկել Արտակ Նազարյանին: Այս ամբաստանյալը 7 ամիս շարունակ  գործով անցել է որպես վկա:

Խոսելով նաև գործը Երևանից Իջևան տեղափոխելու դատավոր Մարդանյանի հիմնավորման մասին, թե Երևանում կարգ ու կանոն հնարավոր չէ պահպանել և  որ վկաների մեծ մասը  ծառայում  և ապրում է Տավուշի մարզում, Ռուբեն Մարտիրոսյանն ասել է.«Ըստ օրենքի` դատավորը չի, որ պետք է կարգ ու կանոն պահպանի դատարանում,  դրա համար կան անհրաժեշտ ծառայություններ: Երկրորդ` Շենգավիթի դատարանը  Հայաստանում առավել ապահովված  դատարանն  է, որտեղ անվտանգության բոլոր  կանոնները պահպանվում են. Երրորդ` այս պահին արդեն  ոչ մի վկա Տավուշի մարզից չկա, բոլորը հարցաքննվել են, մնում են երկու վկաներ, որոնց ներկայությունը դատավորը չի կարողանում ապահովել»,- ասել է Մարտիրոսյանը և հավելել, որ թե այդ երկու  վկաներին, թե ամբաստանյալներին ու նրանց փաստաբաններին, տուժող կողմին,  մեղադրող կողմին և փորձագետներին, առավել հարմար է: Մարտիրոսյանի խոսքով` բոլոր հիմքերը կան, որպեսզի դատն անցկացվի Երևանում, սակայն Մարդանյանը դա չի անում միան այն պատճառով, որ չի ցանակնում, որ գործի շուրջ աղմուկ բարձրանա:

Հիշեցնենք, որ արդեն հինգ ամիս է` գործը Երևանից տեղափոխվել է  Տավուշի մարզ, և, Ռուբեն Մարտիրոսյանի խոսքով, դատավարությունը  շատ անարդյունավետ է  ընթանում:

Տեղեկատվությունը՝ Epress.am-ի

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1443
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association