Փորձագետը ներկայացրել է զոհված զինծառայողի գործով քննության աղաղակող սխալները

 sarukh22-ամյա զինծառայող Թորգոմ Սարուխանյանին սպանել են, իսկ սպանությունը կոծկվել է հանցավոր, կեղծ և միտումնավոր թերի քննության արդյունքում: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է Սարուխանյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, Հելսինկյան ասոցիացիայի անդամ Ռուբեն Մարտիրոսյանը` նշելով, որ ինքը նման եզրահանգման է եկել ծանոթանալով քրեական գործին:

Հիշեցնենք, որ Գյումրիից զորակոչված Թորգոմ Սարուխանյանը զոհվել է 2011 թվականի փետրվարի 12-ին ԼՂՀ-ի Խոջալուի զորամասերից մեկում հրազենային վնասվածքից: Պաշտոնական վարկածի համաձայն, նա ինքնասպանություն է գործել:

«Անչափ կարևոր փաստ է, որ դեպքի վայրում Թորգոմ Սարուխանյանի դիակի աջ ձեռքի տակ հայտնաբվերվել է նրա սվին դանակը, աջ ձեռքի ձեռնոցը հանված է եղել ձեռքից: Ամենապարզ տրամաբանությամբ, եթե Սարուխանյանի ձեռքին եղել է սվին դանակը, ուրեմն նա չէր կարող կրակել և իրեն սպանել: Սա դեպքի վայրի զննության արձանագրության մեջ է եղել: Եթե ընկած է եղել սվին դանակը, ուրեմն նա ուզում էր պաշտպանվել: Ումի՞ց` մարդասպաններից, ովքե՞ր էին մարդասպանները՝ գործով անհայտ է, թաքցրել են: Իրենք ասում են, որ Թորգոմ Սարուխանյանը ինքնասպանություն է գործել, սակայն ոչ ինքնաձիգի վրա, ոչ ինքնաձիգի պահունակի վրա, ոչ սվին դանակի վրա Սարուխանյանի մատնահետքերն ընդհանրապես չեն հայտնաբերվել: Վերջին երկու տարվա ընթացքում մեզ հայտնի բոլոր գործերում, զենքի վրայի հետքերը ոչնչացված են, ինչը թույլ է տալիս նախաքննական մարմնին մեկնաբանություններ անել ու իրենց ցանկացած ուղղությամբ տանել նախաքննությունը: Տվյալ դեպքում Թորգոմ Սարուխանյանի գործով դիտավորյալ սպանությունը ներկայացնել որպես ինքնասպանություն»,- ասել է Ռուբեն Մարտիրոսյանը:

 

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը նաև տեղեկացրել է, որ Սարուխանյանի հագուստը ուղարկվել է փորձաքննության և փորձաքննությունը պատրաստ է եղել միայն չորս ամիս անց և չորս ամիս փորձագետները չեն տվել համապատասխան եզրակացություն:«Երբ որ նայում եմ փորձագիտական եզրակացությունը, գտնում եմ էդ հարցի պատասխանը: Բոլոր ԼՂՀ զինծառայողների հագին լինում է զինվորական համազգեստ, որի շևրոնի վրա՝ ուսի մասում, գրված է ԼՂՀ ՊԲ: Թորգոմ Սարուխանյանի հագուստի շևրոնի վրա գրված է՝ ՀՀ Զինված ուժեր: Դրանից ստացվում է, որ այն հագուստը, որը ներկայացվել է նախաքննական մարմնի կողմից, դա Թորգոմ Սարուխանյանի հագուստը չի: Փորձագետը նշում է, որ Սարուխանյանի արյունը երրորդ խմբի է, բայց նրա հագուստի վրա կա էմբլեմ, որ այդ հագուստի տերն ունի երկրորդ կարգի արյուն: Այս աղաղակող հակասությունն ապացուցում է, որ այդ հագուստը Թորգոմինը չէ», – նշել է Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանն անդրադարձել է նաև ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին` նշելով, որ նա գործում է` «աջ ձեռքը չգիտի, թե ինչով է զբաղված ձախ ձեռքը» սկզբունքով: Փորձագետի խոսքով` մի կողմից Օհանյանի ենթակաները կոծկել են Թորգոմ Սարուխանյանի սպանության գործը, այն ներկայացրել որպես ինքնասպանություն, մյուս կողմից նույն նախարարը գումար է տրամադրում սպանվածի ծնողին, որպեսզի վերջինս փաստաբան վարձի իր իրավունքները պաշտպանելու համար:«Ըստ էության, այդ փաստաբանը պետք է դուրս գա այդ նույն հանցավոր համակարգի դեմ: Պարադոքսն այն է, որ նախարարը գումար է վճարում փաստաբանին, որպեսզի նա դուրս գա իր դեմ»,- ընդգծել է Մարտիրոսյանը:


Տեղեկատվությունը՝ Epress.am-ի:

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1909
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association