Փաստաբանների հետապնդումներ

135.jpg

Փաստաբանների նկատմամբ մասսայական հետապնդումներն սկսվեցին 2016թ․ հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման դեպքերով հարուցված քրեական գործով պաշտպանությունը ստանձնելու պահից։  

Դատարաններն անհարգալից վերաբերմունքի համար սանկցիայի էին ենթարկում փաստաբաններին, այնուհետեւ Փաստաբանների պալատը  համատարած կարգապահական պատասխանատվության էր ենթարկում նրանց։

Դրա   վառ ապացույցը Փաստաբանների պալատի խորհրդի կողմից  2017թվականին 86 վարույթի հարուցումն էր, որոնցից միայն 69-ը՝ «Սասնա ծռեր»-ի գործով։ Իսկ   2018թ․ տվյալները դեռ առկա չեն:

Փաստաբանների մուտքը դահլիճ խոչընդոտվում էր նաեւ կարգադրիչների կողմից, իսկ  Ֆեյսբուք սոցիալական ցանցում փաստաբան Արայիկ Պապիկյանի, ինչպես նաեւ ընտանիքի անդամների հասցեին սպառնալիքներ էին  հնչեցվում։ Սպառնալիքներ հնչեցնող անձն էլ մինչ օրս չի բացահայտվել։

Աղմկահարույց գործերով պաշտպանություն ստանձնած փաստաբանների  հետապնդումների  մասին եւս մեկ անգամ բարձրաձայնվեց    «Փաստաբանների իրավունքների ջատագովություն Հայաստանում» թեմայով կլոր-սեղան հանդիպում-քննարկման ժամանակ։   «Հելսիկյան ասոցիացիա»-ն Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EED) հետ իրականացնում է Հայաստանում փաստաբանների իրավունքների ջատագովության ծրագիր։ Ծրագրի շրջանակներում անդրադարձ  է կատարվել 17-ից ավելի փաստաբանների գործունեությանը, ավելի քան 55 գործի մշտադիտարկում է իրականացվել, որոնցում ներգրավված էին հետապնդումների ենթարկված փաստաբաններ։ Ծրագրի շրջանակներում  մշտադիտարկվել են նաև Պալատի խորհրդի կարգապահական նիստերը եւ հարցազրույցներ են անցկացվել հետապնդումների ենթարկվող փաստաբանների և հանրային պաշտապանների հետ ոլորտին վերաբերվող տարբեր թեմաների շուրջ։

«Փաստաբանների իրավունքների ջատագովություն» թեմայով կլոր-սեղան հանդիպում-քննարկման ժամանակ աղմկահարույց գործերով փաստաբան Արայիկ Պապիկյանը նշեց՝ անկախ այն ամենից, թե ինչ պայմաններում են  փաստաբանները ենթարկվել դատական սանկցիաների, պալատի պատճառաբանության մեջ շաբլոնային ձեւակերպում է տրվում․ «Վերլուծելով վերը նշվածը՝ փաստաբանը հստակ գիտակցել է իր գործողությունների ոչ իրավաչափ լինելը,  եւ թույլ է տվել փաստաբանի վարքագծի էթիկայի կանոնների խախտում, հետեւաբար նրա նկատմամբ պետք է կիրառել պատասխանատվության հետեւյալ միջոցը»։  

 Մինչդեռ փաստաբանները հստակ նշել են, որ իրենք հանդես են եկել պարզապես ի շահ իրենց պաշտպանյալների, վերջիններիս համար արդար դատավարություն ապահովելու, ինչպես նաև փաստաբանական համայնքի  բարձր հեղինակությունը պաշտպանելու  համար։ «Պալատի գրությունից ստացվում է, որ փաստաբանները գիտակցել են, որ խախտում են կատարում,  եւ թույլ են տվել այդ խախտումը»,- ասում է Արայիկ Պապիկյանը:

Փաստաբանների պալատի խորհրդի որոշումների հետ համաձայն չլինելով՝  փաստաբանների մեծ մասը  դրանք վիճարկում են դատարանում։ Բայց այստեղ եւս փակուղային իրավիճակ է ստեղծել։

«Դատարանը, քննելով փաստաբանի բողոքը, ըստ էության պետք է ճանաչի,  որ մեկ այլ դատավոր փաստաբանի նկատմամբ սխալ որոշում է կայացրել: Հաշվի առնելով մեր դատական համակարգը եւ դատավորների ով լինելը՝ կարող է կասկած հարուցվել»,- ավելացնում է երկու տասնյակից ավելի կարգապահական պատասխանատվության ենթարկված Արայիկ Պապիկյանը: Նաև, նրա խոսքերով՝ փաստաբաններին չպետք է նույնացնել իրենց պաշտպանյալների հետ։

Կլոր սեղանի ժամանակ կարծիքներ հնչեցին, որ փաստաբանների հանդեպ հարուցված կարգապահական վարույթները պետք է կարճվեն, քանի որ դրանք նախորդ իշխանության պատվերով էին հարուցվել։

Ներկա փաստաբաններն իրենց կարծիքները հայտնեցին 2019թ․ հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքի դեմ, ըստ որի փաստաբանը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար կարող է  մինչեւ 100 հազար դրամ տուգանքի ենթարկվել։

«Ամենամեծ փաստարկներից մեկն այն է, որ դատավորն ինքը վիրավորվում է, ինքը որոշում է կայացնում եւ ինքն էլ պատժում է։ Փաստաբանն  իր ուղիղ պարտականությունները կատարելու համար կարող է տուգանվել»,- ասում է «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, փաստաբան Նինա Կարապետյանցը:

Փաստաբան Արայիկ Պապիկյանն էլ ընդգծում է՝  եթե փաստաբանը վճարի այդ գումարը եւ չբողոքարկի, նշանակում է, որ անհարգալից է եղել։ Դրանից հետո  Փաստաբանների պալատը պետք է կարգապահական վարույթ հարուցի եւ, պարզելով, որ փաստաբանը դատարանում էթիկայի կանոն է խախտել, եւս մեկ անգամ նկատողության է արժանացնելու: «Այսինքն՝ իմ մեկ խախտման համար ես երկու անգամ պատժվում եմ: Մինչդեռ հիմնարար սկզբունք  է մեկ  արարքի համար երկու անգամ չդատապարտվելը»։

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը դեռ 2019թ․ փետրվարի 4-ին  դիմել է ԱԺ նախագահին  եւ պատգամավորներին՝ այդ թվում խորհրդարանում հայտնված փաստաբաններին՝ առաջարկելով փաստաբանների մասով օրենքը վերացնել կամ  խմբագրել այնպես, որ չտարածվի նրանց  վրա։ Մինչ օրս պատասխան չի ստացվել: Ըստ Նինա Կարապետյանցի՝ ներկայիս իշխանությունը  կարող է այդ օրենքը փոխել, քանի որ ունի բավարար ձայներ: «Համոզվելու համար, որ հեղափոխության արդյունքում քայլեր են արվում, պետք է այդ օրենքը վերացվի»,- հավելեց փաստաբան Հայարփի Սարգսյանը։

Հնչեցին առաջարկներ, որոնք կամփոփվեն և կներկայացվեն հաջորդ նախատեսվող կլոր-սեղան հանդիպման ժամանակ։

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 140
0
0
0
s2sdefault
134.png

2019թ մարտի 7-ին տեղի կունենա «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Փաստաբանների իրավունքների պաշտպանությունը» թեմայով կլորսեղան հանդիպում-քննարկում։

Քննարկման նպատակն է բացահայտել փաստաբանական/իրավապաշտպան գործունեությանն առնչվող օրենսդրական դաշտի առկա թերությունները, որոնք իրապես խոչընդոտում են ոլորտի դերակատարների ակտիվ ու արդյունավետ գործունեությանը, այն տարբեր հետպնդումներն ու ճնշումները, որոնց նրանք ենթարկվում են իրենց մասնագիտական պարտականնությունների իրականացման ընթացքում, ինչպես նաև առաջարկել խնդրի լուծմանն ուղղված հնարավոր անհրաժեշտ քայլեր և օրենսդրական փոփոխություններ՝ հետագա լրամշակման և ՀՀ Կառավարությանն առաջարկելու նպատակով։

Կլորսեղան հանդիպումը տեղի կունենա «Անի պլազա» հյուրանոցի «Գառնի» սրահում (ք․Երևան, Սայաթ-Նովա, 19), ժամը 1800 - 2000-ին։

Օրակարգում՝  հետհայացք ոլորտին առնչվող իրադարձություններին նախորդ երկու տարիների ընթացքում, փաստաբանների գործունեությանն առնչվող օրենսդրական դաշտում առկա խնդիրների ներկայացում, լուծումների առաջարկում։ 

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 116
0
0
0
s2sdefault
133.jpg

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ փաստաբան Արայիկ Պապիկյանի նկատմամբ  Փաստաբանների պալատի խորհուրդը  շուրջ մեկ տարվա ընթացքում  22  կարգապահական վարույթ է հարուցել։

            Կարգապահական վարույթները, սակայն,  ոչ միայն Արայիկ Պապիկյանի, այլ նաեւ Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելու մեջ մեղադրվող «Սասնա ծռերի», ընդդիմադիր առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների պաշտպանների նկատմամբ էին հարուցվել։

             Փաստաբանները   տևական ժամանակ դատավորների կողմից ենթարկվում էին  սանկցիաների, երբ փորձում էին պաշտպանել իրենց եւ իրենց պաշտպանյալների օրինական շահերը եւ իրավունքները։ Դատավարությունների ժամանակ  մեղադրյալները,  զրկված լինելով  արդար դատաքննության իրավունքից,    ի նշան բողոքի լքում էին  նիստերի դահլիճը, նույն կերպ վարվում էին նաև փաստաբանները՝ վկայակոչելով պաշտպանյալների պահանջը՝ առանց իրենց ներկայության չմասնակցել նիստերին։ 

            Շատ հաճախ փաստաբաններին նույնիսկ չէր հաջողվում մուտք գործել նիստերի դահլիճ, սակայն կրկին  ենթարկվում էին  սանկցիաների և հետագայում՝  Փաստաբանների պալատի կողմից պատասխանատվության։

Փաստաբանների պալատի խորհրդի կողմից  պատասխանատվության ենթարկվելը   քաղաքական հնչեղություն ունեցող գործերով պաշտպանություն իրականացնողները  համարում են հետապնդում։ 

            Փաստաբանների պալատի խորհրդի կողմից  հարուցված 22 կարգապահական վարույթներից 6-ով  Արայիկ Պապիկյանն արդարացվել է, իսկ պատասխանատվության ենթարկվելու 11 գործով բողոք է ներկայացվել դատարան։

Գործերի մեծ մասով արդեն նիստեր են նշանակվել։  Դատավոր Աննա Փիլոսյանը փետրվարի 5-ին դատական նիստ է նշանակել, սակայն Արայիկ Պապիկյանը չէր ներկայացել դատարան․ փետրվարի 5-ին նշանակված նիստի մասին ծանուցագիրը ստացվել էր միայն փետրվարի 27-ին։

            Իսկ ահա դատավոր Հայարփի Զարգարյանը  փաստաբանի հայցադիմումը թողել է առանց քննության։  Արայիկ Պապիկյանը  նիստի օրը  ինքնաբերաբար գնացել է դատավորի նախկին նստավայրը՝  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարան։ «Նիստից րոպեներ առաջ պարզեցի, որ սխալ հասցեով եմ գնացել։ Զանգեցի դատարանի կազմ, խնդրեցի, եթե հնարավոր է, հետաձգեն։ Գրանցեցին զանգս, հետո «Դատալեքս»-ից  տեղեկացել եմ, որ  դատարանը հայցադիմումը  թողել է առանց քննության»,- ասաց Արայիկ Պապիկյանը։

            Փաստաբանը որոշումը ստանալուց հետո  պատրաստվում է բողոքարկել այն։ Արայիկ Պապիկյանը  ենթադրում է , որ դատարանը ձեւական ընթացակարգով է հայցադիմումը թողել առանց քննության․ «Եթե այդպես պետք է արդարադատություն իրականացնեն, ապա այդ դատավորին ես չեմ ցանկանում իմ հարկերով աշխատավարձ վճարել։ Ինքը ձեւական աշխատանք կատարելու համար իմ հաշվին  երաշխիքներ չպետք է ունենա»,- հավելեց նա։

            Քաղաքական աղմկահարույց գործերով փաստաբան Նինա Կարապետյանցն էլ մինչ օրս   6 կարգապահական պատասխանատվության է ենթարկվել։  Ընդհանուր իրավասության դատարան 5 բողոք է ներկայացվել։ 

Այդ գործերով կարգապահական պատասխանատվության են ենթարկվել նաեւ  փաստաբաններ Մուշեղ Շուշանյանը, Երվանդ Վարոսյանը, Լուսինե Սահակյանը,  Հայարփի Սարգսյանը, Արա Ղարագյոզյանը, Ինեսսա Պետրոսյանը, Գրիշա Բալասանյանը, Հարություն Բաղդասարյանը,  Լիպարիտ Սիմոնյանը, Տիգրան Հայրապետյանը, Արա Զաքարյանը, Հրանտ Գեւորգյանը, Դավիթ Գյուրջյանը։

            Բացի Արայիկ Պապիկյանից եւ Նինա Կարապետյանցից,  պալատի որոշումները դատական կարգով վիճարկում են նաեւ  Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը, Դավիթ Գյուրջյանը, Մուշեղ Շուշանյանը եւ Տիգրան Եգորյանը։

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 106
0
0
0
s2sdefault

Նամակ-առաջարկ ՀՀ Ազգային Ժողովին

121.png

ՀՀ Ազգային Ժողովին

Նամակ-առաջարկ

Հարգելի՛ ԱԺ նախագահ պարոն Միրզոյան,

Հարգելի՛ փաստաբան-պատգամավորներ,

Հարգելի՛ պատգամավորներ

2018 թվականի մարտի 23-ին ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի և ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունների, ինչպես նաև 2018 թվականի ապրիլի 9-ին ուժի մեջ մտած ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի մեջ սահմանվել են նորմեր, որոնց համաձայն դատավարության ընթացքում կարող է կիրառվել դատական տուգանք՝ առավելագույնը 100.000 ՀՀ դրամի չափով։ Այս օրենսդրական փոփոխություններն ուղղված են հատկապես փաստաբանների դեմ։ Օրենսդրական այսպիսի «մտրակի» առկայությունը փաստաբանի իրավապաշտպան գործունեության դեմ անընդունելի է ժողովրդավարական հասարակությունում։

Այս օրերին էլ ականատես ենք լինում փաստաբանների (իրավապաշտպան գործունեության) դեմ ուղղված մեկ այլ «մտրակի» նախաձեռնման գործընթացի՝ հարկային բեռի ավելացմանը։

Սույնով առաջարկում ենք Ձեզ՝ օրենսդրական փոփոխությունների միջոցով վերացնել վերը նշված օրենսգրքերի մեջ սահմանված տուգանքի կիրառման հնարավորությունը փաստաբանների նկատմամբ։

Այսկերպ նաև կհաստատեք, որ ՀՀ-ում կարևորվում է փաստաբանական (իրավապաշտպան) գործունեությունը։ Դա նաև ազդակ կլինի գործադիր իշխանությանը փաստաբանների նկատմամբ նոր և չհիմնավորված սահմանափակումներից ձեռնպահ մնալու հարցում։

Հարգանքով՝

Նինա Կարապետյանց (իրավապաշտպան-փաստաբան)

Արայիկ Պապիկյան   (իրավապաշտպան-փաստաբան)

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 263
0
0
0
s2sdefault
108.png

Մարդու իրավունքների պաշտպանները (իրավապաշտպանները) գենդերային, տարիքային և ինքնության խմբերի բոլոր այն մարդիկ են, ովքեր զբաղվում են մարդու իրավուքների պաշտպանությամբ խաղաղ ճանապարհներով: Նրանք անհատներ և խմբեր են, ովքեր մարտահրավեր են նետում խտրականության բոլոր դրսևորումներին, աշխատում են հիմնարար իրավունքների զարգացման և ավելի արդար ու ընդգրկուն հասարակություններ ստեղծելու ուղղությամբ:

Այսօր հակամարտությունն ու վախը գնալով ավելի են օգտագործվում ամբողջ աշխարհոում բռնություն, բաժանում տարածելու և քաղաքացիական հասարակությանը լռեցնելու համար: Երկրները մերժում են համերաշխությունն ու արդարությունը, իսկ իրավապաշտպաններն ավելի հաճախ են հայտնվում հարձակումների, ոտնձգությունների, ահաբեկման, հսկողության, գրաքննության, կամայական կալանքի, բռնի անհետացման և նույնիսկ սպանությունների թիրախում, պարզապես արդարությունը պաշտպանելու համար:

Իրավապաշտպանների վրա գործադրվող ճնշումների ներկայիս ծավալների լույսի ներքո գագաթնաժողովը կոչված է ապահովելու միջազգային հարթակ իրավապաշտպանների՝ իրենց ձայնը լսելի դարձնելու համար, խթանելու իրավապաշտպանների ջանքերը ուղղված նոր գործողությունների ռազմավարություն կազմելուն և մշակելուն, տարածելու իրավապաշտպանների կոչը միջազգային հանրության և նրա շահագրգիռ կողմերի լայն շրջանակներում՝ ամբողջ աշխարհում զգալիորեն բարձրացնելու իրենց պարտավորությունները իրավապաշտպանների աշխատանքը պաշտպանելու և խրախուսելու համար:

Իրավապաշտպանների պաշտպանության համաշխարհային կոչին միացեք՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://hrdworldsummit.org/:

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 251
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association