Դատահոգեբուժական փորձաքննությունը դեռևս չի կատարվել, ո՞ վ Է պատասխանատու ձգձգման համար

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մ.Մակյանի նախագահությամբ  շուրջ մեկ տարի է, ինչ քննվում է քրեական գործը ըստ մեղադրանքի` ներկայացված  Խաչիկ Արամայիս Հովսեփյանին ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 2.1 կետերով,  266 հոդվածի 4-րդ մասով և 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

17.12.2010 թ-ին, բավարարելով պաշտպան Գ.Խաչատրյանի միջնորդությունը, դատարանը կայացրել էր որոշում ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին, որի իրականացումը հանձնարարվել էր ՀՀ առողջապահության նախարարությանը կից “Միջգերատեսչական ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովին”: 

17.12.2010 թ-ին կայացված որոշման հիման վրա  ամբաստանյալ Խ.Հովսեփյանը ստացիոնար ԴՀԲ տեղափոխվել է  03.02.2011 թ-ին. փորձաքննության արդյունքում  24.02.2011 թ-ին տրվել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացություն, համաձայն որի Խ.Հովսեփյանի մոտ առկա է հոգեկան հիվանդություն, ինչի հետևանքով, վերջինս չի կարող ղեկավարել իր գործողությունները, հաշիվ տալ դրանց համար և մասնակցել դատավարական գործողություններին և խորհուրդ է տրվել հարկադիր բուժում հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում մինչ ժամանակավոր հիվանդագին խանգարված վիճակից դուրս գալը:

 

Նշված եզրակացությունը հաջորդ դատական նիստում պարզաբանել է նաև նիստին հրավիրված փորձագետը, որը հրավիրվել էր մեղադրողներ Յու.Բաղյանի և Գ.Խանզադյանի միջնորդությամբ: Սակայն, դա էլ չբավականացրեց մեղադրողներին, և վերջիններս 18.04.2011թ-ին միջնորդեցին լրացուցիչ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակել, որի իրականացումը հանձնարարվեց  ՀՀ “Փորձաքննությունների ազգային բյուրո” ՊՈԱԿ-ին:

Դատարանի որոշման կայացման օրվանից մեկ ու կես  ամիս հետո ՀՀ “փորձաքննությունների ազգային բյուրո” ՊՈԱԿ-ը վերադարձրել է քրեական գործը` հոգեբուժ չունենալու պատճառով նման փորձաքննություն իրականացնելու լիազորություն չունենալու պատճառաբանությամբ:“

Փորձաքննությունների ազգային բյուրո” ՊՈԱԿ-ից քրեական գործը վերադարձնելուց հետո, 08.06.2011թ-ի դատական նիստին դատարանը, անտեսելով պաշտպանական կողմի առարկությունները, որոշեց ՀՀ առողջապահության նախարարությանը հանձնարարել ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության իրականացումը: 

Սակայն մինչ օրս, երբ արդեն մեկ ու կես ամիս անցել է, այդպես էլ փորձաքննություն չի իրականացվել: Անգամ պարզվել է, որ ՀՀ Առողջապահության նախարարությունը կրկին հետ է ուղարկել քր. գործը` որոշման մեջ անճշտություններ լինելու պատճառով:

Փաստացի 2010 թվականի դեկտեմբերի 17-ից մինչ օրս դատաքննությունը չի ընթանում. անջատված մասով քրեական գործի քննությունը վաղուց ավարտվել է և քրեական գործով մյուս դատապարտյալները արդեն ազատության մեջ են, իսկ ամբաստանյալ` Խ.Հովսեփյանը, ով ունի առողջական  լուրջ խնդիրներ և բուժման կարիք, գտնվում է “Նուբարաշեն” ՔԿՀ-ի գերբնակեցված խցերում: 

Հարց է առաջանում` 

Ո՞վ է պատասխանատու դատահոգեբուժական փորձաքննության անհիմն ձգձգելու համար: 

Ի՞նչ նպատակ են հետապնդում դատավոր Մ.Մակյանը և մեղադրողներ Յու.Բաղյանն ու Խանզադյանը` քրեական գործի քննությունը անհիմն հետաձգելով:

Մի գուցե այս ձգձգումը նրանց անհրաժեշտ էր զրպարտչական ցուցմունք տվողների մասով քրեական գործը անջատելու համար:

Եթե այլ նպատակ չեն հետապնդում, ուրեմն պատշաճ չեն տիրապետում իրենց պաշտոնական լիազորություններին:

Ի դեպ դատավոր Մ.Մակյանը ՀՀ Արդարադատության խորհրդի անդամ է:

  • Created on .
  • Hits: 2866
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

This web-site creation was made possible by the support of Counterpart International’s Civil Society and Local Government Support Program and the generous support of the American people through the United States Agency for International through “Helsinki Associaiton”. Content, views and opinions expressed herein are those of the author(s), and the responsibility of Helsinki Association and do not necessarily reflect the views of Counterpart Armenia, USAID or the United States Government.” 

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association