Լևոն Գուլյանի սպանության գործի քննությունը

12 մայիսի 2007 թ. Լևոն Աշոտի Գուլյանի սպանության փաստով Երևան քաղաքի դատախազության կողմից հարուցվել է թիվ 63200707 քր. գործը: Ըստ դատախազության պաշտոնական վարկածի մայիսի 12-ին ժ. 15.00-ին ՀՀ ոստիկանությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ ժ. 14.30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության բակում հայտնաբերվել է արական սեռի դիակ: Գալով դեպքի վայր` դատախաության աշխատակիցները պարզել են, որ հանգուցյալը հանդիսանում է Եղբայրության փ. 14շ., 23 բն.-ի բնակիչ, Մանանդյան փողոցում տեղակայված ՙՊանդոկ՚ ռեստորանի սեփականատեր Լևոն Աշոտի Գուլյանը:
Դեպքի կապակցությամբ վարչության աշխատակիցները քննիչին հայտնել են, որ Գուլյանը ժ. 14.30-ի սահմաններում իրենց մոտ օպերատիվ հարցազրույցի է հրավիրվել դրանից երեք օր առաջ տեղի ունեցած Ստեփան Վարդանյանի սպանության կապակցությամբ, և մենակ մնալով ՔՀԳՎ 2-րդ վարչության առաջին բաժնի պետի` ոստիկանական վարչական շենքի երկրորդ հարկում տեղակայված աշխատասենյակում, պատուհանից փորձել է դիմել փախուստի, սակայն վայր է ընկել գետնին ու մահացել:
Սույն գործով քննիչ, Երևան քաղաքի դատախազության դատախազ Հրանտ Չախոյանի Լ. Գուլյանի նկատմամբ կատարված հանցագործության վերաբերյալ ներկայացրած պաշտոնական վարկածն իր մեջ հակասություն է պարունակում: Համաձայն դրա, միևնույն` ժամը 14.30-ի սահմաններում Լ. Գուլյանը գտնվել է միաժամանակ երկու վայրում`
ա/ վարչության ընդունարանում, որտեղ նրա անունով իբր անցագիր էին դուրս գրվել, որպեսզի դրանից հետո նա գնար երկրորդ հարկ, նշված սենյակը, որտեղ նրա հետ պետք է զրուցեին;
բ/ վարչության բակում արդեն մահացած: Այս հակասությունն էլ ավելի ակնառու և աղաղակող է դառնում, երբ մենք համեմատական վերլուծության ենք ենթարկում քննիչի պաշտոնական վարկածը և ՀՀ ոստիկանության 20.05.2007թ. հրապարակած հայտարարությունը: Հայարարության մեջ նշվում է, որ ՀՀ ոստիկանությունը ոստիկանապետի հրամանով կատարել է ծառայողական քննություն և պարզել. Լ. Գուլյանը Վարչություն է ՙհրավիրվել՚ /ըստ էության ապօրինի բերման է ենթարկվել/ ժ. 14.30-ին, ինչից հետո նրա հետ շուրջ 30 րոպե զրուցել են, զրույցի ավարտից հետո Գուլյանը ջուր է խնդրել, այդ պահին սենյակում գտնվող միակ ոսիկանը գնացել է ջուր բերելու, ինչից հետո Լ. Գուլյանը, օգտվելով նրա բացակայությունից, ժ. 15.20-ի սահմաններում ցած է նետվել պատուհանից:
Հերթական հակասությունների փունջ է առաջ գալիս սույն քր. գործի շրջանականերում առկա թիվ 402 դատաբժշկական եզրակացությունն /առ 30.05.2007թ./ ուսումնասիրելիս: Այսպես.
ա/ քննիչը եզրակացության հետևություններ բաժնի կետ 5-ում գրում է. ՙՀայտնաբերված վնասվածքներն իրենց բնույթով և ձևով առաջացել են կոշտ և լայն մակերես ունեցող առարկաններին համահարվածվելու հետևանքով: Ելնելով դեպքի վայրի տեղազննություննից, վերջիններս բնորոշ են բարձրությունից վայր ընկնելուն՚: Այս կետում դատաբժիշկ Ա. Դարբինյանը հիմնվում է մի փաստաթղթի վրա /տեղազննություն/, որը նրան չի տրամադրվել, քանզի նույն թիվ 402 եզրակացությունից պարզորոշ երևում է, որ փորձագետն ստացել է քննիչի որոշումը, քննիչի առաջադրված հարցերի փաթեթը և դեպքի վայրում դիակի արտաքին ուսումնասիրության արձանագրույթյունը: Այլ կերպ ասած փորձագետ Ա. Դարբինյանի այս հղումն ապօրինի է;
բ/ դատաբժշկական եզրակացությամբ Լ. Գուլյանի մարմնի վրա հայտնաբերվել են վնասվածքներ, որոնք, մեր համոզմամբ, չէին կարող առաջանալ վայր ընկնելու հետևանքով, քանզի դրանք պատճառվել են բութ, սահմանափակ մակերես ունեցող առարկաներով: Այս հակասությունը ՙհարթելու՚ նպատակով փորձագետը, հրաժարվելով իրերն իրենց անունով կոչել, նշում է թե վնասվածքների մի մասն առաջացել է ՙ…անկման ճանապարհին արգելքին /ներին/ հարվածվելու ընթացքում…՚: Ակնհայտ է, որ այստեղ փորձագետին ուղղորդել են, քանզի արգելքներ բառը ոչ թե բժշկական, այլ իրավաբանակ հասկացություն է: Քննիչն ինքը քննության ընթացքում պետք է պարզի, թե ինչ ճանապարհով է տուժողը նման վնասվածքներ ստացել` արգելքներին հարվածվելու, թե բութ առարկայով հարվածներ ստանալու պատճառով;
դ/ գործով քննիչ, դատախազ Հ. Չախոյանը փորձագետին ուղղված թիվ 6-րդ հարցում գրում է. ՙՎնասվածքներ ստանալուց հետո որքա±ն ժամանակ է կենդանի մնացել Լ. Գուլյանը և նա կարո±ղ էր վնասվածքներ ստանալուց հետո ակտիվ գործողություններ կատարել, թե ոչ՚: Փորձագետ Ա. Դարբինյանն, ըստ էության, խախտելով քր. դատ. օր.-ի 85-րդ հոդվածը, խուսափել է պատասխանել թիվ 6 կետի հարցի առաջին մասին: Նա չի նշում, թե ընկնելուց հետո որքան ժամանակ է կենդանի մնացել Լ. Գուլյանը, ինչն, ըստ մեզ, պատահական չէ: Դատելով Լ. Գուլյանի գլխուղեղի շրջանում ստացած ծանր վնասվածքներից` Գուլյանի մահը վրա է հասել անմիջապես: Աննուղղակիորեն այս մասին է վկայում 6-րդ կետի երկրորդ մասի պատասխանը, ըստ որի ՙԼ. Գուլյանը վնասվածքներ ստանալուց հետո ինչ-որ մի կարճ ժամանակահատված` ուղեղի ավտոմատիզմի հետևանքով, /ակնթարթ/ կարող էր կատարել գործողություններ՚: Խնդիրը նրանում է, որ Լ. Գուլյանի գլխի և մարմնի այլ շրջաններում հայտնաբերվել են արյունազեղումներ, այդ թվում նաև մուգ կարմիր գույնի, որոնց առաջացման համար ֆիզիոլոգիապես որոշակի ժամանակ է անհրաժեշտ, առնվազն 10-15 րոպե, իսկ առավել հավանական է` 25-30 րոպե: Եթե փորձագետը նշեր, որ Լ. Գուլյանի մահը վրա է հասել ակնթարթորեն, ապա դրանով իսկ նա ուղղակիորեն կփաստեր, որ վնասվածքների մի զգալի մասը նա ստացել է մինչև բարձրունքից վայր ընկնելը: Եվ հակառակը. եթե Ա. Դարբինյանը փորձեր նենգափոխել փաստերը և նշեր, թե իբր ընկնելուց հետո Լ. Գուլյանը որոշ ժամանակ ողջ է մնացել, ապա նա դրանով կհակասեր իր նույն եզրակացության նկարագրական մասին, որտեղ նշվում է Լ. Գուլյանի գլխի շրջանում ստացված այնպիսի վնասվածքների մասին /մասնավորապես գանգի հիմի և քունքոսկրի կոտրվածքները/, որոնք առաջ են բերում շատ արագ մահ:
Կան նաև այլ հակասություններ ու փաստեր, որոնք վկայում են, որ մինչ պատուհանից ինչ-որ անձանց օգնությամբ վայր ընկնելը, Լ. Գուլյանը մեզ անհայտ սենյակում գտնվելու պահին ստացել է նշված վնասվածքները: Այդուհանդերձ այժմ արդեն կարելի խոսել մի աղաղակող փաստի մասին: Ըստ հանգուցյալ Լ. Գուլյանի այրի Ջեմմա Գուլյանի ցուցմունքի, մասիսի 12-ի կեսօրին մոտ Լ. Գուլյանը կարճ ժամանակով գալով տուն` ժ. 12.00-12.40-ի սահմաններում սնվել է: Մինչդեռ փորձագետ Դարբինյանը եզրակացության հետևություններ բաժնի կետ 13-ում գրում է. ՙԼ. Գուլյանի դատաբժշկական փարձաքննության ժամանակ նրա ստամոքսում սննդի առկայություն չի հայտնաբերվել՚: Նշենք, որ եթե Լ. Գուլյանը նշված ժամանակահատվածում սնվել է, ապա նրա ստամոքսում անպատճառ պետք է հայտնաբերվեին սննդի մնացորդներ: Այս թվացյալ հակասությունն ունի մեկ հիմնավորում: Քանի որ սնվելուց անմիջապես հետո Լ. Գուլյանը մեկնել է Շենգավիթի ոստիկանություն, որտեղից ոստիկանները նրան տեղափոխել են ՀՀ ոստիկանության ՔՀ գլխավոր վարչություն, ապա կարելի է ասել, որ վարչության սենյակներից մեկում գլխի շրջանում ստացած ուժեղ հարվածից հետո Լ. Գուլյանն ստացել է ուղեղի ցնցում, ունեցել է գլխապտույտ, ընկել է և փսխել ստամոքսի պարունակությունը: Ինչպես նշում է Հելսինկյան ասոցիացիայի փորձագետ Ռ. Մարտիրոսյանը, տեղական փորձագետի տված եզրակացության նկարագրական մասը լիովին բավարար է կատարվածի մասին պատկերացում կազմելու համար: Լ. Գուլյանին ոստիկանները ծեծել են, խոշտանգել, իսկ երբ հասկացել են, որ ՙանցել են Ռուբիկոնը՚, և Գուլյանի գլխի շրջանուն հասցրել են կյանքի հետ անհամատեղելի ծանր մարմնական վնասվածքներ, որի համար անխուսափելիորեն պետք է քրեական պատասխանատվություն կրեին, նրան պատուհանից նետել են ցած` կատարվածը որակելով որպես փախուստի փորձ: Տեղական փորձաքննության էական թերությունն այն է նաև, որ դրա հետևություններ բաժինը չի արտացոլում այն, ինչ ներկայացված է նկարագրական մասում:
Խոսելով Լ. Գուլյանի գործի մասին` չի կարելի չանդրադառնալ այն փաստին, որ Լ. Գուլյանի հարազատների միջնորդությամբ կատարվել է դիակի կրկնակի փարձազննություն: Այդ զննության հեղինակներն են եղել Հարավդանիական համալսարանի գլխավոր դատական պաթոլոգոանատոմի տեղակալ Փիթեր Լեթը և Գերմանիայի Կոլոնի համալսարանի Դատաբժշկական ինստիտուտի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Մարկուս Ռոտշիլդը: ՙՀելսինկյան ասոցիացիայում՚ այս մասնագետներին տրվեց ՙդիվանագետներ-փորձագետներ՚ անվանումը, ինչն ակնհայտ է դառնում այս երկու դատաբժշկական եզրակացությունների համեմատությունից: Օտարերկրյա մասնագետները մանրամասնորեն տալով Լ. Գուլյանի վրա հայտնաբերված վնասվածքների նկարագիրը` ըստ էության, ձեռնպահ են մնում եզրակացություններ տալուց:
Քննության մասին կարող ենք ներկայացնել այսքանը, որովհետև արդեն 4 ամիս տևող այս գործընթացը շատ մութ է մնում տուժող կողմի համար, քանի որ քննիչ Հ. Չախոյանն ընդհանրապես չի ցանկանում կոնտակտի մեջ մտնել տուժող կողմի հետ և համագործակցել նրա հետ: Մասնավորապես, Մ. Դանիելյանը դիմել է գործով քննիչին, միջնորդելով տրամադրել գործով կատարված փորձաքննությունների արդյունքները, որով հնարավոր կլիներ ստանալ հանցագործության առավել պարզ պատկերը: Սակայն, ինչպես վերը նշվեց, բոլոր մեր միջնորդությունները մերժվեցին, և նախաքննական մարմինը հերթական անգամ ապացուցեց, որ քննությունը ՙպետք է գնա իրենց կողմից նախապես նշված ճանապարհով՚ (սրա մասին ավելի մանրամասն նայե`ք հաջորդ բաժնում):

Թարմացվել է 31.08.2007

  • Created on .
  • Hits: 2993
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

This web-site creation was made possible by the support of Counterpart International’s Civil Society and Local Government Support Program and the generous support of the American people through the United States Agency for International through “Helsinki Associaiton”. Content, views and opinions expressed herein are those of the author(s), and the responsibility of Helsinki Association and do not necessarily reflect the views of Counterpart Armenia, USAID or the United States Government.” 

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association