Զինվորին դիտավորյալ սպանել են. փորձագետը բողոքարկում է դատարանի վճիռը

sarukhanyan12011 թվականին ԼՂՀ զորամասերից մեկում մահացած Գյումրի քաղաքի բնակիչ Թորգոմ Սարուխանյանի գործն առաջին ատյանի դատարանի կողմից քննվել է դատավարական նորմերի խախտմամբ, դատարանը լրիվ և օբյեկտիվորեն չի հետազոտել գործում առկա ապացույցները: Այս մասին ասված է Վերաքննիչ դատարանին ուղղված բողոքում, որը կազմել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը: Բողոքը Վերաքննիչ քրեական դատարանում ներկայացվելու է այսօր:
Անցյալ տարի Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը (դատավոր` Համլետ Դավթյան) կայացրել է մեղադրական վճիռ, համաձայն որի Վիլհելմ Ենգիբարյանը, Հրանտ Կարապետյանն ու Ռոբերտ Բադալյանը 2011 թվականի հունվարի 23-ին և դրան հաջորդող օրերին հարվածել, հայհոյել ու նվաստացրել են իրենց գումարտակի զինծառայող Թորգոմ Սարուխանյանին, ինչի հետևանքով վերջինս փետրվարի 12-ին իրեն ամրակցված ինքնաձիգով ինքնասպան է եղել: Երեք զինծառայողներ դատապարտվել են ինքնասպանության հասցնելու համար: Մարտիրոսյանը պնդում է, որ զորամասում տեղի է ունեցել դիտավորյալ սպանություն: Վերաքննիչ բողոքում իր պնդումն ապացուցելու համար ռազմական փորձագետը մի շարք փաստարկներ է բերում: Նա, մասնավորապես, նշում է, որ դատարանում որպես վկա հարցաքննված Սևակ Ավանեսյանը հրաժարվել է իր նախաքննական ցուցմունքից` հայտարարելով, որ դրանք իրենից կորզվել են բռնության և ահաբեկման ճանապարհով: Համաձայն Ավանեսյանի ցուցմունքի` Ստեփանակերտի ՌՈ բաժին են տարվել Սարուխանյանի դասակի բոլոր 24 ժամկետային զինծառայողները: Իրեն և իր ծառայակից ընկերներին 10 օր պահել են ՌՈ-ում` կալանքի տակ: Առաջին 4-5 օրերի ընթացքում իրեն հարցաքննել են 8-10 իրեն անհայտ անձինք, ստիպել են կեղծ ցուցմունք տալ իր անմեղ ընկերների դեմ: Մարտիրոսյանի խոսքով՝ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Ավանեսյանը հրաժարվել է նախաքննական ցուցմունքից:
Փորձագետը նաև ընդգծում է, որ քրեական գործում չկա որևէ ուղղակի կամ թեկուզ անուղղակի ապացույց, որը վկայում է Թորգոմ Սարուխանյանի ինքնասպանության մասին: Վկաներից և ոչ մեկը չի տեսել Թորգոմ Սարուխանյանին ինքնասպանություն գործելիս: Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ Թորգոմի կողքին ընկած են եղել նրա ձմեռային ձեռնոցները, ձախ ոտքի տակ՝ ինքնաձիգը, իսկ աջ ձեռքի տակ նրա սվին դանակը: Ըստ փորձագետի՝ այս բոլոր փաստերը վկայում են այն մասին, որ կրակոցից առաջ Թորգոմի ձեռքին եղել է ոչ թե ինքնաձիգը, այլ սվին դանակը, որով զինվորը փորձել է պաշտպանվել հարձակվող(ներ)ից:
«Միաժամանակ հասկանալի է, որ եթե սպանությունից առաջ Սարուխանյանի աջ ձեռքին սվին դանակ էր, ուրեմն նա ոչ մի կերպ չէր կարող ինքնասպան լինել: Նշենք նաև, որ նա աջլիկ էր», – բողոքում նշում է Մարտիրոսյանը:
Փորձագետը չափազանց կարևորում է այն փաստը, որ համաձայն դատաձգաբանական փորձագիտական եզրակացության՝ ո՛չ սպանության գործիք հանդիսացող Սարուխանյանի ինքնաձիգի, ո՛չ ամրացված փամփշտատուփի և ո՛չ էլ սվին դանակի վրա մատնահետքեր չեն հայտնաբերվել: Մարտիրոսյանը դրանից հետևություն է անում, որ այդ 2 զենքերի վրայից մատնահետքերը ոչնչացրել է կամ մարդասպանը, կամ նախաքննական մարմինը՝ սպանությունը «ինքնասպանություն» որակելու նպատակով: 
Լուսանկարում՝ Թորգոմ Սարուխանյանը մոր՝ Լենա Սարուխանյանի հետ
 
Տեղեկատվույունը՝ Epress.am-ի
  • Created on .
  • Hits: 1941
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

This web-site creation was made possible by the support of Counterpart International’s Civil Society and Local Government Support Program and the generous support of the American people through the United States Agency for International through “Helsinki Associaiton”. Content, views and opinions expressed herein are those of the author(s), and the responsibility of Helsinki Association and do not necessarily reflect the views of Counterpart Armenia, USAID or the United States Government.” 

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association