Երիտասարդին «Զվարթնոցում» 2-րդ անգամ շփոթել են հետախուզվող անվանակցի հետ


Ռուսաստանի քաղաքացի 21-ամյա Մաքսիմ Պոպովին այսօր «Զվարթնոց» օդանավակայանում հերթական անգամ շփոթել են հետաւխուզման մեջ գտնվող իր անվանակցի հետ և փորձել են արգելել նրա ելքը Հայաստանից:


Հելսինկյան Ասոցիացիայի ներկայացուցիչ, փաստաբան Գայանե Խաչատրյանը պատրաստվում է դիմում-բողոք ներկայացնել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանին՝ իրազեկելու այդ կառույցների աշխատակիցների ցուցաբերած բացահայտ անգործություն ու ոչ պատշաճ աշխատանքի վերաբերյալ: Epress.am-ի հետ զրույցում Խաչատրյանն ասել է, որ նշված գերատեսչությունների աշխատակիցներն անտեսում են դատարանի կայացրած վճիռները՝ ոտնահարելով քաղաքացիների իրավունքները:
Դիմում-բողոքի առիթ է հանդիսացել Վրաստանում ծնված ՌԴ քաղաքացի 21-ամյա Մաքսիմ Գենադիի Պոպովի նկատմամբ ոստիկանության ու ԱԱԾ-ի աշխատակիցների իրականացրած գործողությունները, ինչի արդյունքում խախտվել է վերջինիս ազատ տեղաշարժման և հանրապետությունից դուրս գալու իրավունքը:
Դեռևս 2012 թվականի հուլիսի 21-ին Միներալնիե Վոդի մեկնող Պոպովին (նա սովորում է Երևանի Բժշկական համալսարանում) «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն իրականացնող ՀՀ ԱԱԾ սահմանապահները Երևան-Միներալնիե Վոդի չվերթի ուղևորների ցուցակից հանել և ոստիկանության աշխատակիցներին են փոխանցել՝ պատճառաբանելով, որ հետախուզման համակարգչային բազայում կենսագրական տվյալները համընկնում են Մոլդովայի իրավապահ մարմինների կողմից հետախուզվող Մաքսիմ Պոպովի տվյալների հետ:
Խաչատրյանը պատմել է, թե նշված օրը՝ ժամը 8:15-ից մինչև 11:40 Պոպովին ապօրինի պահել են սկզբից «Զվարթնոց» օդանավակայանի ՀՀ ԱԱԾ սահմանապահների, այնուհետև ոստիկանության աշխատակիցների մոտ:
«Դեռևս «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ ԱԱԾ սահմանապահները և ոստիկանության աշխատակիցները արդեն իսկ Պոպովի տվյալները ստուգելու առաջին պահից, ունենալով նրա բոլոր կենսագրական տվյալները, տեղյակ են եղել, որ Պոպովի և հետախուզվող անձի հայրանուններն ու ծննդավայրը տարբեր են, սակայն անհիմն նրան հանել են չվերթից», – ասել է մեր զրուցակիցը:
Փաստաբանը նշել է, որ ապօրինի գործողությունների հետևանքով Պոպովը կրել է թե նյութական, թե բարոյական վնաս, խախտվել են նրա ՀՀ Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայով ամրագրված իրավունքները:
Երիտասարդը դիմել է դատարան և պահանջել է իրավապահներից որպես պատճառված վնասի փոխհատուցում բռնագանձել 2 039 000 ՀՀ դրամ, որից` 35000 ՀՀ դրամ որպես պատճառված նյութական վնասի հատուցում, 4000 ՀՀ դրամ` պետական տուրքը և 2 000 000 /երկու միլիոն ՀՀ դրամ՝ որպես բարոյական վնասի հատուցում: Չվերթից դուրս մնալու հետևանքով Պոպովին փոխհատուցվել է 39000 դրամը, իսկ 2 միլիոն դրամի մասով դատարանը բացասական որոշում է կայացրել:
«2012 թվականի սեպտեմբերից գործը գտնվել է «Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, դատական նիստերին մասնակցել են ոստիկանության և ԱԱԾ-ի իրավաբանները ու դատավորը հարցրել է՝ «արդյո՞ք թարմացվել է բազան ու հնարավո՞ր է, որ օդանավակայանում տվյալ անձին նորից թույլ չտան հանրապետությունից դուրս գալ», ինչին ի պխատասխանը իրավաբանները ժպիտով ասել են, թե՝ «չէ, այդպիսի բան անհնար է»», -պատմել է Խաչատրյանը:
Սակայն այսօր օդանավակայանում կրկնվել է նույնը՝ տվյալ քաղաքացուն կրկին թույլ չեն տվել օդանավ նստել:
«Եթե ես, անվտանգությունից ելնելով, Պոպովին փոխանցած չլինեի դատարանի վճիռը, նրան կրկին տանելու էին: Միայն թռիչքը հայտարարելու պահին են նրան թույլ տվել ազատ տեղաշարժվել և հաշվառման անցնել: Փաստորեն ոստիկաններն ու ԱԱԾ աշխատակիցները այս ողջ ընթացքում անգործություն են ցուցաբերել և անգամ դատական պրոցեսի հետո որևէ բան չի փոխվել», – ասել է փաստաբանը:

 

Տեղեկատվությունը՝ Epress.am-ի

  • Created on .
  • Hits: 2195
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

This web-site creation was made possible by the support of Counterpart International’s Civil Society and Local Government Support Program and the generous support of the American people through the United States Agency for International through “Helsinki Associaiton”. Content, views and opinions expressed herein are those of the author(s), and the responsibility of Helsinki Association and do not necessarily reflect the views of Counterpart Armenia, USAID or the United States Government.” 

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association