Դատավորը բավարարեց դատախազի պահանջը. Տիգրան Առաքելյանին` 6 տարի

tigran1Անցյալ տարվա օգոստոսից անազատության մեջ գտնվող Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:Այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում նման վճիռ է կայացրել դատավոր Գագիկ Պողոսյանը:

Հիշեցնենք, որ մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանն Առաքելյանի համար հենց այդքան տարի էր պահանջել:

Մյուս երկու ակտիվիստի դեպքում դատավորը նույնպես բավարարել է դատախազի պահանջը:

Այսպիսով, Արտակ Կարապետյանը դատապարտվել է 3 տարի 5 ամիս 19 օրվա ազատազրկման, քանի որ անցյալ տարի Արտակ Կարապետյանը 11 օր անցկացրել է անազատության մեջ և հետո ազատ արձակվել չբացակայելու ստորագրության դիմաց:Դատավորի կարծիքով` Սարգիս Գևորգյանը պետք է անազատության մեջ գտնվի 1 տարի 11 ամիս 20 օր (10 օրն անցկացրել է անազատության մեջ անցյալ տարի):Ինչ վերաբերում է Դավիթ Քիրամիջյանին, ապա դատախազը նրա համար պահանջել էր  2 տարվա պայմանական ազատազրկում, սակայն դատավորը դատարանի դահլիճում պայմանական բառը չի ընթերցել` ասելով, որ Քիրամիջյանը դատապարտվում է 2 տարվա ազատազրկման: Փաստաբան Ստեփան Ոսկանյանն այդ առնչությամբ նշել է, որ կամ թյուրիմացություն է տեղի ունեցել, կամ դատավորը ավելի խիստ պատիժ է նշանակել: Դա հայտնի կդառնա վճռի տեքստը ստանալուց հետո:

 

Վճիռը ուժի մեջ է մտնելու 1 ամիս անց: Ակտիվիստների փաստաբաններն արդեն հայտարարել են, որ բողոքարկելու են վճիռը:

Դատարանի շենքի մոտ հավաքված ակտիվիստների աջակիցները վճռի հրապարակումից հետո վանկարկում էին «Ամոթ», «Ազատություն», «Խայտառակություն»:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել նախորդ տարվա օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտ: Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ Ազգային Կոնգրեսի 7 ակտիվիստներ` Տիգրան Առաքելյանը, Սարգիս Գևորգյանը, Արեգ Գևորգյանը, Արտակ Կարապետյանը, Սահակ Մուրադյանը, Դավիթ Քիրամիջյանը և Վահագն Գևորգյանը:

Երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր և ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռևս գտնվում է ՀՔԾ-ում: Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, Տիգրան Առաքելյանը մինչ այժմ գտնվում է անազատության մեջ:

Ըստ ոստիկանության միջադեպը սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով և Տիգրան Առաքելյանը միջամտել էր նրանց գործողություններին: Երիտասարդների պնդմամբ` միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետևանքով, իսկ իրենք ծեծի էին ենթարկվել:

Պաշտպանական կողմը մեղադրողների և դատարանի գործողությունները որակել է որպես խայտառակություն, իսկ մեղադրանքը` շինծու:


Տեղեկատվությունը` Epress.am-ի:

Տեսանյութը` Հելսինկյան Ասոցիացիայի:

  • Created on .
  • Hits: 3093
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

This web-site creation was made possible by the support of Counterpart International’s Civil Society and Local Government Support Program and the generous support of the American people through the United States Agency for International through “Helsinki Associaiton”. Content, views and opinions expressed herein are those of the author(s), and the responsibility of Helsinki Association and do not necessarily reflect the views of Counterpart Armenia, USAID or the United States Government.” 

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association