Հերթական խոշտանգման դեպքը (Տեսանյութ)

Արմեն Մարտիրոսյանը մեղադրվում է Կարեն Կարապետյանի և Պետրոս Հակոբյանի հետ 2009թ կատարած մի շարք ավազակային հարձակումների մեջ: Արմեն Մարտիրոսյանին ձերբակալել են 2010 հունվարի 19ին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 235 հոդվածի 3-րդ մաս և 236 հոդվածի 3-րդ մասով, այն բանի համար, որ նա ավազակություններ կատարելու դիտավորությամբ 2009թ. նոյեմբերին իր հորաքրոջ որդի, Երևան քաղաքի բնակիչ Կարեն Կարապետյանի առաջարկով ներգրավվել է կազմակերպված կայուն խմբի կազմում, պլանավորել են հանցագործությունների կատարումը, Կ.Կարապետյանը Ա. Մարտիրոսյանին տրամադրել է զենք` գազային ատրճանակ, որի գործադրմամբ վերջինս 2009թ. նոյեմբերի 30-ին, ապօրինի մուտք գործելով, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով ավազակություն է կատարել Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի 3 շենքի 44 բնակարանի բնակիչների /ամուսիններ Արսեն Լալայանցի և Ելենա Վարդազարյանի/ նկատմամբ: Դրանից հետո, կազմակերպված հանցավոր խմբի կազմում Կ. Կարապետյանը ընդգրկել է նաև Արմեն Մարտիրոսյանի ընկերոջը` Պետրոս Մնացականի Հակոբյանին, որի հետ կազմակերպված խմբով ապօրինի կերպով ձեռք է բերել, պատրաստել և պահել հրազեն հանդիսացող կարճեցված փողով հրացան: Դրա և գազային ատրճանակի գործադրմամբ (2009 թ. դեկտեմբերի 12-ին /Սամվել Սուրենի Շահգալդյանին պատկանող` Երևան քաղաքի Դավիթաշեն Ձոր-1 թաղամասի 89 տուն/, դեկտեմբերի 26-ին /ամուսիններ Մանվել Բադալյանի և Երազիկ Ալեքսանյանին պատկանող` Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի 31/26 տուն/ և  2010թ. հունվարի 16-ին / “Արայ” ՍՊ ընկերության սեփականատեր Արմեն Արայի Պետրոսյանին պատկանող` Երևան քաղաքի Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի 101 տուն/) Կ Կարապետյանի ղեկավարմամբ Ա. Մարտիրոսյանը և Պ. Հակոբյանը  ապօրինի մուտք գործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու նպատակով, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով և սպառնալիքներ տալով ավազակություններ են կատարել Երևան քաղաքում գտնվող ևս երեք բնակիչների նկատմամբ:  Արմեն Մարտիրոսյանի մայրը` Օֆելյա Մարտիրոսյանը, դիմել է Հելսինկյան ասոցիացիա և հայտնել է իր որդու նկատմամբ կատարված խոշտանգումների մասին: Նա հայտնել է, որ իր որդու ցուցմունքները կորզվել են խոշտանգումների միջոցով: Մոր խոսքերով՝ ոստիկանները գիշերը ժամը մեկից հետո, քաղաքացիական հագուստով, մոտ 10-15 հոգով առանց դուռը ծեծելու և ներկայանալու մտել են իրենց տուն և սկսել խուզարկել բնակարանը: Արմեն Մարտիրոսյանին ձերբակալել են այն ժամանակ երբ նա գտնվում էր Գյումրիում և, համաձայն մոր խոսքերի, ամբողջ ճանապարհը՝ Գյումրիից Երևանի Արաբկիր համայնքի ոստիկանական բաժանմունք, նրան ենթարկել են ծեծի և խոշտանգումների: Դրանից 2-3 օր հետո Արմեն Մարտիրոսյանին (անչափահաս) տեղափոխել են մանկական գաղութ, որտեղ և մայրը տեսել է իր որդու մարմնի վրա առկա կապտուկները: Մայրը հայտնեց, որ որդու երիկամները մոտ երկու ամիս արունահոսում էին: Արմեն Մարտիրոսյանը հայտնել է, որ խոշտանգումների ժամանակ նա շատ է վատացել և նրան տարել են պատուհանի մոտ ու ասել, որ իրեն պատուհանից  դուրս կնետեն: Խոշտանգումներից փրկվելու համար Արմեն Մարտիրոսյանը գաղութում ինքնասպանության փորձ է կատարել՝ կտրելով երակները: Հելսինկյան ասոցիացիան տեղեկություններ ունի նաև մյուս մեղադրյալների նկատմամբ կատարված խոշտանգումների մասին, սակայն ստույգ տվյալներ դեռևս չենք կարող ներկայացնել:

Արմեն Մարտիրոսյանի գործով դատավարությունը սկսվել է 2010թ. օգոստոսին: Դատավարությունը ընթացքի մեջ է: Հաջորդ դատական նիստը նշանակված է 2011թ. օգոստոսի 29-ին, ժամը՝ 15:00-ին, Արաբկիր վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

  • Created on .
  • Hits: 4050
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

This web-site creation was made possible by the support of Counterpart International’s Civil Society and Local Government Support Program and the generous support of the American people through the United States Agency for International through “Helsinki Associaiton”. Content, views and opinions expressed herein are those of the author(s), and the responsibility of Helsinki Association and do not necessarily reflect the views of Counterpart Armenia, USAID or the United States Government.” 

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association