Բռունցքային արդարադատություն: Հերթական խոշտանգման դեպքը ոստիկանությունում. Տեսանյութ

voskigevoryan1

31-ամյա Մհեր Անդրեասյանին կողոպուտ անելու կասկածանքով ձերբակալելով և Նոր Նորքի ոստիկանություն տեղափոխելով՝  ոստիկանության 7 աշխատակիցները նրան  դաժան ծեծի են ենթարկել: Մհերին ստիպել են չորեքթաթ կանգնել, գլուխը կախ պահել և ծեծել են քացիներով ու բռունցքներով: Այս մասին Մհերն արդեն կալանավայրում պատմել է իր պաշտպան Անի Թորոսյանին:
«Նման դաժան ծեծով ոստիկանները ոչ միայն հանցագործություն են կատարել, այլև անցել են բոլոր թույլատրելի սահմանները: Մենք այս գործով կբողոքենք մինչև Եվրոպական դատարան», – Epress.am-ին ասել է Հելսինկյան ասոցիացիայի անդամ, փաստաբան Անի Թորոսյանը:
   
Նա նշել է, որ ձերբակալվածին տեղափոխելով քննիչ Ավագյանի սենյակ՝ ոստիկանները շարունակել են ծեծը: Չկարողանալով կանգնած մնալ՝ Մհերը ընկել է պատուհանի վրա, այն ջարդվել է, և վնասվածքներ պատճառել երիտասարդին:
  
Մհերի հորաքույրը՝ Ռիտա Անդրեասյանը, Epress.am-ի հետ զրույցում պատմել է, որ տղան տանից դուրս է եկել նոյեմբերի 15-ին՝ երեխային դպրոց տանելու համար, և չի վերադարձել: Ամբողջ գիշեր տան անդամները զանգել են նրան, հեռախոսին ոչ ոք չի պատասխանել, հաջորդ օրը հարցուփորձերի արդյուքնում հարազատները պարզել են, որ նա Նոր Նորքի ոստիկանությունում է: Ընտանիքի անդամները գնացել են նրան տեսնելու:
«Ես խնդրում էի թույլ տային հանդիպել որդուս, երբ տեսա՝ վերևից մի 8 հոգի մեկին թևերից բռնած իջեցնում են: Ես չճանաչեցի որդուս, դեմքը ուռած էր, կարծես երկու դեմք լիներ, սպարտիվկայից ու «մամ, չես ճանաչո՞ւմ» ասելուց հետո հասկացա, որ ծեծվածը Մհերն է», – պատմել է Անդրեասյանի մայրը՝ Ոսկի Գևորգյանը (լուսանկարում):
  
Կինը որդուն տեսնելուց հետո վատ է զգացել, նրան հիվանդանոց տանելու համար ոստիկանները շտապ օգնություն են կանչել, պարզվել է՝ կնոջ մոտ նախակաթվածային վիճակ է:
Մհերը հետագայում պատմել է նաև, որ պահանջել է իր մոտ փաստաբան կանչել՝ ոստիկանները ասել են՝ «տո լավ է, ի՞նչ փաստաբան»:
 
  Թորոսյանի խոսքով՝ խախտումներով է կազմվել նաև դատաբժշկական փորձաքննությունը:
 
  «Մի քանի՝ ամենաշատը 1 սմ-ոց վերքեր են նշված այդ եզրակացության մեջ, իսկ Մհերի վնասվածքները շատ են: Կան մինչ օրս ցավացնող վերքեր, երիկամների ցավից չի կարողանում միզել: Մենք պահանջում ենք նոր փորձաքննություն»,- ասել է Թորոսյանը:
Նրա փոխանցմամբ՝ քննիչը հերքում է, որ Մհերին խոշտանգել են. նա ասում է, թե Մհերը փորձել է փախչել և ընկել է ապակու վրա:   Այժմ Թորոսյանը բողոքարկում է կալանք սահմանելու մասին վճիռը Վերաքննիչ դատարանում:
  
 
Լուսանկարը և տեղեկատվությունը` Epress.am-ի:

 

 Տեսանյութը` Հելսինկյան Ասոցիացիայի:

  • Created on .
  • Hits: 2375
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

This web-site creation was made possible by the support of Counterpart International’s Civil Society and Local Government Support Program and the generous support of the American people through the United States Agency for International through “Helsinki Associaiton”. Content, views and opinions expressed herein are those of the author(s), and the responsibility of Helsinki Association and do not necessarily reflect the views of Counterpart Armenia, USAID or the United States Government.” 

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association