Ռուզաննա Ադանալյանի կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում

Adanalyan_Ruzanna.jpg

Ռուզաննա Ադանալյանն արդեն  չորս տարի պայքարում է 25-ամյա որդու՝ Արտյոմ Ադանալյանի սպանության իրական մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և արդարադատության կայացման համար:

Շիրակի մարզի  ընդհանուր իրավասության դատարանում ավարտին է մոտենում Արտյոմ Ադանալյանի սպանության գործով դատավարությունը։
Դատավարության ընթացքում դատավոր Աշոտ Մանուկյանը արդյունավետ կերպով չի իրացրել, բազմիցս խախտել և սահմանափակել է կնոջ արդար դատաքննության իրավունքը՝ թույլ չտալով նրան անգամ միջնորդություններ ներկայացնել դատաքննության ընթացքում։ Արդյունքում՝ դատավարության ողջ ընթացքում կոծկվել են բազմաթիվ խախտումներ, որոնք տեղի են ունեցել  Արտյոմ Ադանալյանի սպանության գործի քննության ընթացքում։
Որդեկորույս մայրն իրականացրել է  սեփական հետաքննությունը, ուսումնասիրել դատական բժշկություն, օրենսդրությունը, հայտնաբերել աղաղակող խախտումներ։
Ռուզաննա Ադանալյանը պնդում է, որ որդու սպանությունը եղել է խմբակային և ոչ թե մեկ անձի կողմից, ինչպես ներկայացվում է քրեական գործում: Նրա համոզմամբ որդու սպանությանը նպաստել և  օժանդակել են իրավապահ մարմնի բարձաստիճան պաշտոնյաներ: Ավելին՝ տուժողի իրավահաջորդը տվյալներ է ձեռքբերել, համաձայն որոնց` որդուն դանակով հարվածելուց հետո նաև թունավորել են շտապօգնության աշխատակիցները: Ըստ փորձաքննության արդյունքների` դեպքի վայրում հայտնաբերվել է շտապօգնության կողմից ներարկված «Ատրոպին» դեղամիջոցի սրվակ, որի փորձաքննությամբ պարզվել է, որ սրվակում առկա է եղել նաև թունավոր նյութ։
Ռուզաննա Ադանալյանը համոզված է, որ որդու սպանությունը եղել է պատվիրված՝ անձնական թշնամության դրդապատճառով: Ռուզաննա Ադանալյանը որդու սպանության պատվիրված լինելու և իրավապահների մասնակցության մասին ահազանգել է համապատասխան պետական մարմիններին, պատվիրատուի մասին հայտնել է նաև Ոստիկանության 6-րդ վարչությանը, սակայն ապարդյուն։

Բացի պետական մարմինների ճնշումներից՝ կնոջը անընդհատ հալածում և սպառնում է նաև նրա ամուսինը, որը ներկա է եղել որդու սպանությանը, սակայն այժմ սպառնում և պահանջում է, որ կինը չպայքարի արդարության համար։
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան ահազանգում է  Ռուզաննա Ադանալյանի կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի մասին։ Կինը հայտնվել է սպառնալիքների թիրախում, նրան բազմիցս ծեծի են ենթարկել այդ թվում պետական տարբեր մարմիններում և դատարանում։ Նրա նկատմամբ կազմակերպվել է վրաերթ, որի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ։ Կինն այժմ գտնվում է խիստ խոցելի և անպաշտպան վիճակում։  Ուստի՝
Պահանջում ենք
Դատարանից՝ վերականգնել կնոջ արդար դատաքննության իրավունքը։
ՀՀ դատախազությունից՝ ուղղակի վերահսկողություն սահմանել Շիրակի մարզի ընդանուր իրավասությունների դատարանում քննվող Արտյոմ Ադանալյանի սպանության վերաբերյալ գործի արդար քննության և դեպքի իրական հանգամանքների բացահայտման նպատակով։
ՀՀ իրավապահ համակարգից՝ ապահովել Ռուզաննա Ադանալյանի անվտանգությունն ու նրա ներկայացրած ապացույցների վերաբերյալ իրականացնել բազմակողմանի, օբյեկտիվ և սպառիչ քննությունը։

Կոչ ենք անում իրավապաշտպան խմբերին միանալ  ի պաշտպանություն Ռուզաննա Ադանալյանի արված հայտարարությանն ու կազմակերպվելիք հանրային միջոցառումներին։

 «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա

«Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ
Աննա Շահնազարյան
«Կանանց իրավունքների տուն» ՀԿ
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
«Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
Ծովինար Նազարյան
«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ
«Էկոլուր» ՀԿ
Լիդա Մինասյան
«Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ
«Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ
«Սոսե կանանց հիմնահարցեր» ՀԿ
«Իրավունքի ուժ» ՀԿ
«Ռեգիոնալ զարգացման համագործակցություն» ՀԿ
«ՀԿԿԱ  Էջմիածնի մասնաճյուղ» ՀԿ
«Սոցիալ աջակցություն» ՀԿ
  • Դիտումներ: 1413
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association