նորություններ

Աննախադեպ որոշումից մինչեւ անարդյունավետ դատաքննություն․ ամփոփում 2020

Աննախադեպ որոշում 2020 թ-ին։  Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մանուկյանը բացառիկ որոշում կայացրեց։ Դատավորը ճանաչեց  բանակում խաղաղ պայմաններում մահացած Արթուր Ղազարյանի մոր՝ Իրինա Ղազարյանի իրավունքների խախտման փաստը,  եւ պարտավորեցրեց  վարույթն իրականացնող մարմնին վերականգնել նրա խախտված իրավունքները՝  այսինքն կարող է ծանոթանալ նախաքննության ընթացքում գտնվող գործի նյութերին։ Սա բացառիկ որոշում էր, քանի որ մինչ այդ նախաքննության գաղտնիքի անվան տակ գործի նյութերը չէին տրամադրում տուժող կողմին։

Սակայն  10 տարի առաջ մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի վերաբացված գործով արդեն երկու տարի է քննչական մարմինն ու դատախազությունը իրականացնում են ձեւական եւ անարդյունավետ քննություն։ Չնայած դատարանն աննախադեպ որոշում է կայացրել, սակայն դա չի տարածվում այլ գործերի վրա։  Փաստաբան   Արայիկ Պապիկյանը չի կարողանում  ծանոթանալ   2018 թ մայիսի 6-ին սահմանամերձ Տավուշի «Մեհրաբներ» զորամասում սպանված զինծառայող, արմավիրցի Լևոն Թորոսյանի նախաքննության ընթացքում գտնվող գործի նյութերին։

Ըստ պաշտոնական վարկածի՝ Լեւոն Թորոսյանին  ինքնասպանության են դրդել։ Սակայն  հարազատները չեն հավատում այդ վարկածին։ Լեւոնի մարմնի վրա առկա են եղել բազմաթիվ վնասվածքներ, արյունազեղումներ, կապտուկներ։ Լեւոն  Թորոսյանի գործով այս պահին երեք բողոք է ներկայացվել դատարան՝ գործի նյութերը չտրամադրելու, փորձագետի եզրակացությունը ոչ թույլատրելի ապացույց չճանաչելու վերաբերյալ։ Մեկ դիմումով էլ փաստաբան Արայիկ Պապիկյանը խնդրել է Լեւոն Թորոսյանից առգրավված իրերն ու հագուստները,  որոնք  քննության համար անհրաժեշտ  չեն, տրամադրել զինծառայողի ընտանիքին։  Քննիչը, որքան էլ, որ տարօրինակ է, դիմումը  քննել է որպես միջնորդություն եւ որոշում է կայացրել այն մերժելու մասին։  Դատախազն էլ  վարվել է իր ստորադասի նման։  

Եթե Լեւոն Թորոսյանի գործով դեռեւս նախաքննություն է ընթանում, ապա 2019 թ մահացած կրտսեր սերժանտ Արարատ Խեչումյանի գործով արդեն հրապարակվել է դատական ակտը։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը դժգոհ է թե՛ նախաքննության ընթացքից, թե՛ դատաքննությունից։    Մեքենա վարելու կանոնները խախտելու համար մեղավոր է ճանաչվել մեքենայի վարորդը։ Գործում շատ են բացերը։  Արարարտ Խեչումյանը թոքաբորբով հիվանդ է եղել, սակայն  որեւէ  սպա պատասխանատվության չի ենթարկվել՝ առողջական խնդիրներ ունեցող զինվորին հավաքի տանելու համար։ Արայիկ Պապիկյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել, քանի որ  այլ հարթակ չունի գործում առկա աղաղակող փաստերը բարձրաձայնելու համար։

2020 թ․ կարեւոր որոշումներ կայացվեցին դեռ հինգ տարի առաջ Ագարակի զորամասում հրամանատարի կողմից խոշտագման ենթարկված  եւ դաժան վերաբերմունքի արժանացած Արթուր Հակոբյանի գործով։ Հիշեցնենք, որ միջադեպից հետո Արթուր Հակոբյանը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է ձեռք բերել։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է տուժողի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանի բողոքը։  Ըստ որի՝ Արթուր Հակոբյանի նկատմամբ  պետք է Ստամբուլյան արձանագրության հիման վրա փորձաքննություն նշանակվի։ Մինչ այդ երբեւէ նման որոշում չի կայացվել։   Իսկ Վերքննիչ դատարանը անդրադարձել է Արթուր Հակոբյանի կրկնազոհացմանը։կրկնազոհացմանն է անդրադարձել։ Ըստ Վերաքննիչի  որոշման՝  Արթուր Հակոբյանի իրավունքները եւ ազատությունները վերականգնելուց հետո նա հարցաքննվել է առանց հոգեբանի եւ բժշկի ՝ ենթարկվելով կրկնազոհացման։  Այս որոշումը եւս աննախադեպ է եղել։

Այս տարվա Մարտի 27-ին ոստիկանական մեքենայում, այնուհետեւ ոստիկանության բաժնում խոշտանգման ենթարկված Տիգրան Կարապետյանն ու նրա ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը չեն կարողանում ծանոթանալ գործի նյութերին։ Տիգրան Կարապետյանի խոշտանգման գործով կասեցման որոշում է կայացվել եւ  բռնություն գործադրողները պատասխանատվության չեն ենթարկվել։  Այս գործով երեք բողոք է ներկայացվել դատարան։

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ն զբաղվում է նաեւ դեռես 12  տարի առաջ  ոստիկանության բաժնում հակագազով եւ մահակով  ցուցմունք կորզելու գործով։ 2020 թ-ին գործը մտավ դատարան։ Ըստ մեղադրանքի՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին  պետ Վաչագան Ներսիսյանը եւ  նախկին ավագ օպերլիազոր Նարեկ Սիմոնյանը մեղադրվում են խմբով, դիտավորությամբ  բռնություն  եւ  հատուկ միջոց գործադրելով զուգորդված այնպիսի գործողություններ կատարելու մերջ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իրենց  լիազորությունների շրջանակից եւ  էական վնաս պատճառել անձի իրավունքներին ու պետության օրինական շահերին։ Գործով տուժող Արմեն Մարտիրոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղարագյոզյանը հույս ունի, որ դատարանը  կգնահատի նաեւ խոշտանգման փաստը, թեպետ այդ ժամանակ մենք չենք ունեցել օրենսդրություն։   

30-ամյա Արմեն Աղաջանյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում խոշտանգելու գործով արձանագրվել է հետընթաց; Փաստաբան Արա Ղարագյոզյանի խոսքերով՝ թե առաջին,  եւ թե Վերաքննիչ դատարանը  այդպես էլ չեն ճանաչել անձի  խոշտագման փաստը։ Մինչդեռ խոշտանգման եւ անմարդկային վերաբերմունքի ենթարկվելու ժամանակ Արմեն Աղաջանյանի հաստ աղին կողքից կախված է եղել։ Տուժող կողմն այժմ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ հույսով, որ դատարանը կճանաչի խոշտանգման փաստը։  

Ցանկալի ցուցունք կորզելու համար, ինչպես  նշել էր 4 երեխաների մայր  Հասմիկ Սարգսյանը, ոստիկանության բաժնում ենթարկվել էր խոշտանգման։  Նա մինչ այժմ էլ պնդում է, որ 4000 դրամի գողություն է կատարել, մինչդեռ խոշտագման պատճառով գրել է 10.000 դրամ։ Եթե գողոնի չափը կազմեր 4000 դրամ, ապա Հասմիկ Սարգսյանը քրեական պատասխանատվության չէր ենթարկվի, քանի որ նրան վերագրվող հոդվածով անձը ենթակա է քրեական պատասխանատվության, եթե գողոնի արժեքը 5000 դրամ եւ ավելի է: Հաղորդումից հետո հարուցվել էր քրեական գործ, այնուհետեւ կարճվել։ Առաջին ատյանը մերժել էր բողոքը, իսկ ահա Վերաքննիչը գտել, որ խոշտանգման փաստով արդյունավետ քննություն չի իրականացվել։ Սակայն դա էլ չի օգնել արդարության բացահայտմանը։ Հետագայում   քրեական գործը հարուցվել է ոչ խոշտանգման հոդվածով եւ թերրի քննության արդյունքում կարճվել է։ Այժմ էլ այդ մասով է բողոք ներկայացվել վերաքննիչ դատարան։

Յոթ տարի արդարության փնտրտուքներում։ Այսպես կարելի է բնութագրել անչափահաս Դավիթ Հովակիմյանի սպանության մեջ մեղադրվող   Կարեն Կունգուրցեւի գործը։ Հիշեցնենք, 31 ամիս անազատության մեջ գտնվելուց հետո Կարեն Կունգուրցեւին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանն անմեղ  ճանաչեց եւ 2016 թ ապրիլի 15-ին ազատ արձակեց, սակայն ազատության վայելումը երկար չտեւեց։  2017 թ հուլիսի 18-ին Վերաքննիչ դատարանը՝  Մանուշակ Պետրոսյանի նախագահությամբ,  Կարեն Կունգուրցեւին առաջադրված սպանության փորձի մեղադրանքը փոփոխեց, այն որակելով որպես անձին դիտավորությամբ մարմնական վնասվածք հասցնելը, որն առաջացրել է մահ։ Արդյունքում Կարեն Կունգուրցեւը  դատապարտվեց 7 տարվա ազատազրկման։ Վճռաբեկ դատարանն էլ  գրավի դիմաց 2018 թ ազատ արձակեց Կարեն Կունգուրցեւին եւ գործն ուղարկեց առաջին ատյան՝ նոր քննության։ Կարեն Կունգուրցեւի պաշտպան  Արայիկ Պապիկյանն այս  շրջափուլն համարում է   ամենաանարդյունավետն եւ ամենաանհեթեթը, որը երբեւէ իրականացվել է մեր դատարաններում։ Գործի լավագույն լուծումը Արայիկ Պապիկյանն համարում է դատախազության կողմից   մեղադրանքից հրաժարվելը եւ  նոր քննություն սկսելը՝ իրական մեղավորին բացահայտելու համար։ Ի դեպ, նույնիսկ տուժողի իրավահաջորդն ու նրա ներկայացուցիչն էլ  են համոզված, որ Կարեն Կունգուրցեւը չի սպանել Դավիթ Հովակիմյանին։

Նյութը կարող եք ունկնդրել՝ այցելելով այստեղ։

 

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 276
0
0
0
s2sdefault

Աջակցություն հիմնարար իրավունքների և ազատությունների զարգացմանը Հայաստանում․ հանդիպում-քննարկում

Ս․թ․ հունիսի 29-ին «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ը Հայաստանում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակներում կազմակերպել էր հանդիպում-քննարկում։

Երկրում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ հանդիպումն իրականացվեց հեռավար ձեւաչափով։ Հանդիպման հրավերն ուղարկվել  էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը, ԵԽ երևանյան գրասենյակին, Արդարադատության նախարարությանը, ԱԺ պատգամավորների, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին,Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, ՀՀ փաստաբանների պալատին, ՀՀ դատախազությանը, իրավապաշտպան ՀԿ-ների, այլն։ Հանդիպմանը մասնակցում էին միայն    ԱՄՆ դեսպանատան, ՀՀ հատուկ քննչական ծառայության  եւ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ներկայացուցիչներ։ 

Բավականին հետաքրքիր եւ բովանդակալից հանդիպման ընթացքում  «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության փաստաբաններ Արայիկ Պապիկյանը և Արա Ղարագյոզյանը մասնակիցներին ներկայացրին քրեական գործերով դատական մշտադիտարկման, իրենց վարույթներում գտնվող, մասնավորապես, խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների եւ  խոշտանգման գործերի պաշտպանության ընթացքում իրենց կողմից բացահայտված մի շարք օրենսդրական բացեր ու  թերություններ, ինչպես նաև ներկայացրին  դրանց կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների առաջարկներ։

ՀԿ փաստաբաններն օրենսդրական բաց են համարում այն փաստը, որ նախաքննության ընթացքում  դատախազներն ու քննիչները կարող են ծանոթանալ գործի նյութերին, իսկ տուժող կողմը՝ ոչ։  Այս բացը վերացնելու համար «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ փաստաբան Արայիկ Պապիկյանը դիմել էր դատարան։   Օրեր առաջ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորն աննախադեպ որոշում է կայացրել Արայիկ Պապիկյանի ներկայացրած բողոքով։ Նախաքննության ընթացքում գործի նյութերը կտրամադրվեն նաեւ տուժող կողմին։

Որոշումը կայացվել է 2010 թ․ դեկտեմբերի 17-ին Հադրութում, ըստ  պաշտոնական վարկածի,  հիվանդության պատճառով մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի գործով։

Իր բողոքում Արայիկ Պապիկյանը շեշտել էր, որ թեեւ  իրենք հանդես են գալիս մեղադրանքի կողմում, սակայն քննիչը եւ դատախազն իրավունք ունեն ծանոթանալ գործի նյութերին, իսկ տուժող կողմը՝ ոչ։

Ըստ Արայիկ Պապիկյանի՝  այս օրենսդրական  խնդիրը ձեւավորվել է տարիներ շարունակ։ «Քննիչը կարող է չնկատել այնպիսի մանրամասներ, որոնք կարող է նկատել կամ կանխազգալ տուժողը կամ իրավահաջորդը։ Նախաքննության նյութերին ծանոթանալ օրինակ հինգ տարի հետո, երբ ավարտ կհայտարարվի, կարող է տեղեկությունների հավաքման համար անհնարինություն լինել»,- ասաց Արայիկ Պապիկյանը։ Նա այս գործով դատական 6 տարբեր բողոքներ է ներկայացրել դատարան։ «Ակամայից ստացվել է, որ տուժողը եւ քննիչը հանդես են գալիս ոչ թե մեղադրանքի կողմում, այլ տարբեր կողմերում։  Սա պետք է օրենսդրական կարգավորում ստանա, եւ համակարգային մոտեցումը պետք է փոխվի։  Շատ հաճախ մենք գիտենք, որ սա է եղել պատճառը, որ տասնամյակներով գործերին լուծումներ չեն տրվել»,- ասաց Արայիկ Պապիկյանը։

«Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը նշեց, որ  միջազգային գործընկերներն ապշում են, երբ լսում են, որ տուժող կողմն ունի ներկայացուցիչ, եւ հարցնում են, թե վերջինս ինչի համար է պետք․ չէ՞ որ պետությունն է նրա թիկունքում կանգնած։

Հանդիպման-քննարկմանը ներկա Զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազ Վիգեն Հարությունյանը եւս սա լուրջ խնդիր է համարում․ «Մենք էլ ենք փորձում  հասկանալ, թե որն է խնդիրը»։

Քննարկման մասնակիցներն անդրադարձան նաեւ իրենց հուզող մյուս խնդիրներին՝  գործերի քննության ողջամիտ ժամկետին եւ իրեղեն ապացույցների ոչնչացմանը։ Արայիկ Պապիկյանը գործերի քննության ողջամիտ ժամկետի խախտման վառ օրինակ է համարում  Կարեն Կունգուրցեւի գործը։ Վերջինս մեղադրվում էր  Լոռու մարզում 2013 թ․ հոկտեմբերի 15-ին հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանի սպանության մեջ։  Սակայն 31 ամիս անազատության մեջ գտնվելուց հետո Կարեն Կունգուրցեւին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանն անմեղ էր ճանաչել եւ 2016 թ․ ապրիլի 15-ին նրան ազատ արձակել։  Սակայն  Կարեն Կունգուրցեւը երկար չմնաց  ազատության մեջ։ 2017 թ․ հուլիսի 18-ին Վերաքննիչ դատարանը՝  Մանուշակ Պետրոսյանի նախագահությամբ,  Կարեն Կունգուրցեւին առաջադրված սպանության փորձի մեղադրանքը փոփոխեց՝ այն որակելով որպես անձին դիտավորությամբ մարմնական վնասվածքի հասցնում, որն առաջացրել է մահ։ Արդյունքում դատավոր Պետրոսյանը  Կարեն Կունգուրցեւին   դատապարտեց  7 տարվա ազատազրկման։ Հետագայում Վճռաբեկ դատարանը 2018 թ․ հուլիսի 20-ին գործը կրկին ուղարկեց առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

«Վերջին երկու տարիներին կարելի է ասել իրականացվում է անարդյունավետ, զրոյական արժեքով քննություն, որից տուժում են  դատական  իշխանությունը, մեղադրանքի,  տուժող եւ պաշտպանական կողմերը։  Պետությունը հսկայական ռեսուրսներ է ծախսում»,- ասում է Կարեն Կունգուրցեւի պաշտպանը։

Ըստ Արայիկ Պապիկյանի,  հնարավոր չէ վերականգնել յոթ տարի առաջ տեղի ունեցած դեպքերի և իրողությունների հստակ պատկերը։ «13-14 տարեկան պատանիները, ովքեր դեպքից հետո վկայություն  են տվել, այսօր կամ հանրապետությունում չեն կամ մանրամասներ չեն հիշում։ Դատական ակտից հետո էլ  ելակետային տվյալներ չենք  ունենա, ապացույցները պահպանված չեն լինի,  վկաները կբացակայեն հանրապետությունից։ Սա անարդյունավետ քննության դասական օրինակ է»,- ցավով նշում է պաշտպանը։

Նրան  անհանգստացնում է նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների ոչ պատշաճ պահպանումը կամ կարճ ժամանակում դրանց վերացումը։ Դրա վառ ապացույցը  Արթուր Ղազարյանի գործն է։   Վերաբացված գործով չկան  ելակետային տվյալներ՝ միկրոպրեպարատները եւ դիակի դատաբժշկական լուսանկարները։ Մինչդեռ   վարույթն իրականացնող մարմինը նախաձեռնել է  կրկնակի  հանձնաժողովային փորձաքննություն։ «Այս դեպքում ի՞նչ եզրակացություն պետք է ստացվի, երբ գործը դեռ չի ավարտվել, սակայն ապացույցները ոչնչացվել են։ Օրենսդրական կարգավորումներ պետք է իրականացվեն»,- կարծում է Արայիկ Պապիկյանը։

Նինա Կարապետյանցնը համոզված է ՝ պետք է ստեղծվի  ապացույցների պահպանման պահուստ․ այլընտրանք չկա։

 «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը անդրադարձավ զինվորական ծառայության ընթացքում առողջական խնդիրներ ձեռք բերած Արթուր Հակոբյանի գործին։ Ծեծի եւ արժանապատվությունը նվաստացնելու հետեւանքով  այժմ տուժողը  հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի։ Դեպքից հինգ տարի է անցել, սակայն  տուժող կողմը  դրական արդյունք չի արձանագրել, ավելին՝ սայլը տեղից չի շարժվում։ Նույնիսկ  Վճռաբեկ դատարանի որոշումը չի նպաստել կրկին  քննչական գործողություններ կատարելու համար։ Գործը երեք անգամ փակվել է։ Վերաբացված գործը  կրկին ուղարկվել է Սյունքի մարզի դատարան՝ նոր քննության, սակայն տուժող կողմն այստեղ էլ է խնդրի բախվել։

«Դատավորը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է, սակայն դատական նիստերն անցկացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Այստեղ եւս կա օրենսդրական խնդիր։ Տուժողը ներկա պահին զրկված է լսված լինելու իրավունքից, քանի որ այդպիսի առողջական խնդիրներով ի վիճակի չէ գնալ ԼՂՀ եւ մասնակցել դատական նիստին»,- ասում է Արա Ղարագյոզյանը։

Ապացույցների ձեռքբերման խնդիրներ կան նաեւ 2018 թ․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում խոշտանգման ենթարկված,  այնուհետեւ  պաշտոնական վարկածով ինքնասպանություն գործած Արմեն Աղաջանյանի գործով։ Խոշտանգման գործով  դատահոգեբանական  փորձաքննություն չի անցկացվել,  այնուհետեւ դրա բացակայության հիմքով դատավորն ամբաստանյալի արարքը վերաորակել է։

ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ   Գերասիմ Մարդանյանն էլ մեղադրվում է 2017թ. հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջևանի բաժանմունքի շենքում 19-ամյա Ժորա Սիմոնյանին խոշտանգելու մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով), սակայն  առաջին ատյանի դատարանն արդարացրել է Գերասիմ Մարդանյանին։ Վերաքննիչ դատարանն էլ, թեեւ համաձայնվել է  տուժող կողմի բերած բոլոր հիմնավորումների հետ, սակայն չի հաստատել խոշտանգման փաստը՝ գործն ուղարկելով նոր քննության։ Փաստաբանը փաստում է, որ դատարանները խոշտանգման հոդվածը վերաորակում են կամ արդարացնում ամբաստանյալներին։

Քննարկման մասնակիցները պատրաստ են պատկան մարմինների հետ քննարկել խնդիրների լուծման  տարբերակներ։ 

  Այլ մանրամասների կարող եք ծանոթանալ տեսանյութում։

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 3175
0
0
0
s2sdefault

ՀԱՄԱՌՈՏ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թ. մարտի 16-ի 298-Ն որոշման հիման վրա արտակարգ դրության իրավական ռեժիմի ընթացքում, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ փաստաբանների աջակցությամբ քրեական գործերով կալանքից կամ արգելանքից ազատվել է 5 անձ։

Այսպես՝

ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղադրվող անձի նկատմամբ ընտրվել է ստորագրություն խափանման միջոցը։

ՀՀ քրեական օրենսգրքի 38-327-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մեղադրվող և կալանավորված անձի խափանման միջոցը փոփոխվել և անձը կալանքից ազատվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ (դատավոր Ս. Մարաբյան)։

ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրվող, հետախուզման մեջ գտնվող անձի նկատմամբ ընտրված խափանման միջոցի չի վերահաստատվել (կալանավորման միջնորդությունը մերժվել է)   Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից (դատավոր Ա. Հովհաննիսյան)։

2 տարի շարունակ   ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով  մեղադրվող և կալանավորված անձի խափանման միջոցը   փոփոխվել է  ստորագրություն չհեռանալու մասին  (դատավոր Հ. Մանուկյան)։

Գործով բողոք է ներկայացվել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։ Այն  ընդունվել է վարույթ  և ՀՀ կառավարությունն ընդունել է,  որ խախտել է  կալանավորված անձի իրավունքը՝ առաջարկելով   փոխհատուցում։

Դատարանը  հիմքում դրել է  (COVID 19)  համավարակի հետեւանքով  ԽԿԿ-ի որդեգրված սկզբունքը։ Դատարանը գտել է, որ գործի տվյալ փուլում այնքան է նվազել ամբաստանյալի կողմից ոչ պատշաճ վարքագծի դրսևորելու ռեալ հնարավորությունը, որ անձին շարունակական կալանքի տակ պահելը չի կարող համարվել արդարացված։

ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրվող անձի նկատմամբ ընտրվել է գրավ։ Դատարանը  հիմքում դրվել է  (COVID 19)  համավարակի հետևանքով  ԽԿԿ-ի որդեգրված սկզբունքը։

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1564
0
0
0
s2sdefault

Պետքարտուղարության զեկույց՝ Հայաստանում դատավորների շրջանում կոռուպցիան մտահոգիչ է

ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակեց Հայաստանում մարդու իրավունքերի ոլորտի խնդիրների մասին տարեկան զեկույցը, որում անդրադարձավ այս ոլորտում 2019 թվականի զարգացումներին

Հայաստանում չկան հաղորդումներ քաղաքական բանտարկյալների կամ կալանավորվածների մասին, ասված է օրերս հրապարակված ԱՄՆ պետքարտուղարության 2019 թվականի Հայաստանում Մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույցում: Որպես մարդու իրավունքների լուրջ խնդիրներ, զեկույցը մատնանշել է խոշտանգումները, ծանր բանտային պայմանները, կամայական ձերբակալությունները՝ չնայած դրա նվազեցման միտմանը, անկախ դատական համակարգի, սեռական փոքրամասնությունների նկատմամբ բռնաճնշումների, մարդու անձնական կյանքի մեջ ներխուժման, երեխաների շահագործման հետ կապված խնդիրներ: Զեկույցն ընդգծում է, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկում նախկին և ներկա պաշտոնյանների խախտումները բացահայտելու ուղղությամբ:

Հայաստանն ունի շարունակական կոռուպցիան ժառանգություն բազմաթիվ ոլորտներում, նշված է զեկույցում: Գործող իշխանությունները կոռոպցիայի դեմ պայքարը հռչակել են առաջնահերթություն և միջոցներ են ձեռնարկում այն վերացնելու ուղղությամբ: Չնայած բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին կոռուպցիայի վերացման վերաբերյալ, տեղական փորձագիտական շրջանակներն ընդգծում են հակակոռուպցիոն պայքարի հետագա իստիտուցիոնալիզացման անհրաժեշտության մասին: Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իրավական հետևանքներից խուսափելու համար պետությանը վերադարձված միջոցների կանոնակարգը պարզ չէ:

Պետքարտուղարությունը մտահոգություն է հայտնում անկախ դատական համակարգի հետ կապված խնդիրների ու ոլորտում առկա կոռուպցիայի վերաբերյալ: Դատական համակարգը զերծ է անկախությունից ու անաչառությունից, չի վայելում հանրային վստահություն: Զեկույցը հիշեցնում է տեղական հասարակական կազմակերպությունների մտահոգությունների մասին դատավորների վերահսկողության օբյեկտիվ չափանիշների բացակայության վերաբերյալ, հատկապես Բարձրագույն դատական խորհրդի ու Սահմանադրական դատարանի հարցում:

Պետքարտուղարության կարծիքով, ընդհանուր առմամբ գործող իշխանությունները հարգում են դատական համակարգի որոշումները, սակայն ըստ զեկույցի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 19-ին հանրությանը հնչեցրած կոչը դատարանների արգելափակման մասին, որոշ շրջանակների կողմից որակվել է որպես ճնշում դատական իշխանության հանդեպ:

Զեկույցում մատնանշված խնդիրների շարքում է կանանց հանդեպ բռնությունների բացահայտման ուղղությամբ իրավապահ մարմինների անարդյունավետ աշխատանքը: Զեկույցն ընդգծում է՝ կանանց նկատմամբ բռնությունները համատարած են, իսկ կանանց իրավունքների ու իրավահավասարության ոլորտի ակտիվիստները` դառնում ատելության խոսքի թիրախներ: Վերջիներս քննադատվում են ՛՛հայկական ավանդական ընտանիքի ՛՛ հիմքերը խարխլելու ու ՛՛արևմտյան արժեքներ՛՛ տարածելու համար:

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1156
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association