Աննախադեպ որոշումից մինչեւ անարդյունավետ դատաքննություն․ ամփոփում 2020

Աննախադեպ որոշում 2020 թ-ին։  Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մանուկյանը բացառիկ որոշում կայացրեց։ Դատավորը ճանաչեց  բանակում խաղաղ պայմաններում մահացած Արթուր Ղազարյանի մոր՝ Իրինա Ղազարյանի իրավունքների խախտման փաստը,  եւ պարտավորեցրեց  վարույթն իրականացնող մարմնին վերականգնել նրա խախտված իրավունքները՝  այսինքն կարող է ծանոթանալ նախաքննության ընթացքում գտնվող գործի նյութերին։ Սա բացառիկ որոշում էր, քանի որ մինչ այդ նախաքննության գաղտնիքի անվան տակ գործի նյութերը չէին տրամադրում տուժող կողմին։

Սակայն  10 տարի առաջ մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի վերաբացված գործով արդեն երկու տարի է քննչական մարմինն ու դատախազությունը իրականացնում են ձեւական եւ անարդյունավետ քննություն։ Չնայած դատարանն աննախադեպ որոշում է կայացրել, սակայն դա չի տարածվում այլ գործերի վրա։  Փաստաբան   Արայիկ Պապիկյանը չի կարողանում  ծանոթանալ   2018 թ մայիսի 6-ին սահմանամերձ Տավուշի «Մեհրաբներ» զորամասում սպանված զինծառայող, արմավիրցի Լևոն Թորոսյանի նախաքննության ընթացքում գտնվող գործի նյութերին։

Ըստ պաշտոնական վարկածի՝ Լեւոն Թորոսյանին  ինքնասպանության են դրդել։ Սակայն  հարազատները չեն հավատում այդ վարկածին։ Լեւոնի մարմնի վրա առկա են եղել բազմաթիվ վնասվածքներ, արյունազեղումներ, կապտուկներ։ Լեւոն  Թորոսյանի գործով այս պահին երեք բողոք է ներկայացվել դատարան՝ գործի նյութերը չտրամադրելու, փորձագետի եզրակացությունը ոչ թույլատրելի ապացույց չճանաչելու վերաբերյալ։ Մեկ դիմումով էլ փաստաբան Արայիկ Պապիկյանը խնդրել է Լեւոն Թորոսյանից առգրավված իրերն ու հագուստները,  որոնք  քննության համար անհրաժեշտ  չեն, տրամադրել զինծառայողի ընտանիքին։  Քննիչը, որքան էլ, որ տարօրինակ է, դիմումը  քննել է որպես միջնորդություն եւ որոշում է կայացրել այն մերժելու մասին։  Դատախազն էլ  վարվել է իր ստորադասի նման։  

Եթե Լեւոն Թորոսյանի գործով դեռեւս նախաքննություն է ընթանում, ապա 2019 թ մահացած կրտսեր սերժանտ Արարատ Խեչումյանի գործով արդեն հրապարակվել է դատական ակտը։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը դժգոհ է թե՛ նախաքննության ընթացքից, թե՛ դատաքննությունից։    Մեքենա վարելու կանոնները խախտելու համար մեղավոր է ճանաչվել մեքենայի վարորդը։ Գործում շատ են բացերը։  Արարարտ Խեչումյանը թոքաբորբով հիվանդ է եղել, սակայն  որեւէ  սպա պատասխանատվության չի ենթարկվել՝ առողջական խնդիրներ ունեցող զինվորին հավաքի տանելու համար։ Արայիկ Պապիկյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել, քանի որ  այլ հարթակ չունի գործում առկա աղաղակող փաստերը բարձրաձայնելու համար։

2020 թ․ կարեւոր որոշումներ կայացվեցին դեռ հինգ տարի առաջ Ագարակի զորամասում հրամանատարի կողմից խոշտագման ենթարկված  եւ դաժան վերաբերմունքի արժանացած Արթուր Հակոբյանի գործով։ Հիշեցնենք, որ միջադեպից հետո Արթուր Հակոբյանը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է ձեռք բերել։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է տուժողի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանի բողոքը։  Ըստ որի՝ Արթուր Հակոբյանի նկատմամբ  պետք է Ստամբուլյան արձանագրության հիման վրա փորձաքննություն նշանակվի։ Մինչ այդ երբեւէ նման որոշում չի կայացվել։   Իսկ Վերքննիչ դատարանը անդրադարձել է Արթուր Հակոբյանի կրկնազոհացմանը։կրկնազոհացմանն է անդրադարձել։ Ըստ Վերաքննիչի  որոշման՝  Արթուր Հակոբյանի իրավունքները եւ ազատությունները վերականգնելուց հետո նա հարցաքննվել է առանց հոգեբանի եւ բժշկի ՝ ենթարկվելով կրկնազոհացման։  Այս որոշումը եւս աննախադեպ է եղել։

Այս տարվա Մարտի 27-ին ոստիկանական մեքենայում, այնուհետեւ ոստիկանության բաժնում խոշտանգման ենթարկված Տիգրան Կարապետյանն ու նրա ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը չեն կարողանում ծանոթանալ գործի նյութերին։ Տիգրան Կարապետյանի խոշտանգման գործով կասեցման որոշում է կայացվել եւ  բռնություն գործադրողները պատասխանատվության չեն ենթարկվել։  Այս գործով երեք բողոք է ներկայացվել դատարան։

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ն զբաղվում է նաեւ դեռես 12  տարի առաջ  ոստիկանության բաժնում հակագազով եւ մահակով  ցուցմունք կորզելու գործով։ 2020 թ-ին գործը մտավ դատարան։ Ըստ մեղադրանքի՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին  պետ Վաչագան Ներսիսյանը եւ  նախկին ավագ օպերլիազոր Նարեկ Սիմոնյանը մեղադրվում են խմբով, դիտավորությամբ  բռնություն  եւ  հատուկ միջոց գործադրելով զուգորդված այնպիսի գործողություններ կատարելու մերջ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իրենց  լիազորությունների շրջանակից եւ  էական վնաս պատճառել անձի իրավունքներին ու պետության օրինական շահերին։ Գործով տուժող Արմեն Մարտիրոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղարագյոզյանը հույս ունի, որ դատարանը  կգնահատի նաեւ խոշտանգման փաստը, թեպետ այդ ժամանակ մենք չենք ունեցել օրենսդրություն։   

30-ամյա Արմեն Աղաջանյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում խոշտանգելու գործով արձանագրվել է հետընթաց; Փաստաբան Արա Ղարագյոզյանի խոսքերով՝ թե առաջին,  եւ թե Վերաքննիչ դատարանը  այդպես էլ չեն ճանաչել անձի  խոշտագման փաստը։ Մինչդեռ խոշտանգման եւ անմարդկային վերաբերմունքի ենթարկվելու ժամանակ Արմեն Աղաջանյանի հաստ աղին կողքից կախված է եղել։ Տուժող կողմն այժմ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ հույսով, որ դատարանը կճանաչի խոշտանգման փաստը։  

Ցանկալի ցուցունք կորզելու համար, ինչպես  նշել էր 4 երեխաների մայր  Հասմիկ Սարգսյանը, ոստիկանության բաժնում ենթարկվել էր խոշտանգման։  Նա մինչ այժմ էլ պնդում է, որ 4000 դրամի գողություն է կատարել, մինչդեռ խոշտագման պատճառով գրել է 10.000 դրամ։ Եթե գողոնի չափը կազմեր 4000 դրամ, ապա Հասմիկ Սարգսյանը քրեական պատասխանատվության չէր ենթարկվի, քանի որ նրան վերագրվող հոդվածով անձը ենթակա է քրեական պատասխանատվության, եթե գողոնի արժեքը 5000 դրամ եւ ավելի է: Հաղորդումից հետո հարուցվել էր քրեական գործ, այնուհետեւ կարճվել։ Առաջին ատյանը մերժել էր բողոքը, իսկ ահա Վերաքննիչը գտել, որ խոշտանգման փաստով արդյունավետ քննություն չի իրականացվել։ Սակայն դա էլ չի օգնել արդարության բացահայտմանը։ Հետագայում   քրեական գործը հարուցվել է ոչ խոշտանգման հոդվածով եւ թերրի քննության արդյունքում կարճվել է։ Այժմ էլ այդ մասով է բողոք ներկայացվել վերաքննիչ դատարան։

Յոթ տարի արդարության փնտրտուքներում։ Այսպես կարելի է բնութագրել անչափահաս Դավիթ Հովակիմյանի սպանության մեջ մեղադրվող   Կարեն Կունգուրցեւի գործը։ Հիշեցնենք, 31 ամիս անազատության մեջ գտնվելուց հետո Կարեն Կունգուրցեւին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանն անմեղ  ճանաչեց եւ 2016 թ ապրիլի 15-ին ազատ արձակեց, սակայն ազատության վայելումը երկար չտեւեց։  2017 թ հուլիսի 18-ին Վերաքննիչ դատարանը՝  Մանուշակ Պետրոսյանի նախագահությամբ,  Կարեն Կունգուրցեւին առաջադրված սպանության փորձի մեղադրանքը փոփոխեց, այն որակելով որպես անձին դիտավորությամբ մարմնական վնասվածք հասցնելը, որն առաջացրել է մահ։ Արդյունքում Կարեն Կունգուրցեւը  դատապարտվեց 7 տարվա ազատազրկման։ Վճռաբեկ դատարանն էլ  գրավի դիմաց 2018 թ ազատ արձակեց Կարեն Կունգուրցեւին եւ գործն ուղարկեց առաջին ատյան՝ նոր քննության։ Կարեն Կունգուրցեւի պաշտպան  Արայիկ Պապիկյանն այս  շրջափուլն համարում է   ամենաանարդյունավետն եւ ամենաանհեթեթը, որը երբեւէ իրականացվել է մեր դատարաններում։ Գործի լավագույն լուծումը Արայիկ Պապիկյանն համարում է դատախազության կողմից   մեղադրանքից հրաժարվելը եւ  նոր քննություն սկսելը՝ իրական մեղավորին բացահայտելու համար։ Ի դեպ, նույնիսկ տուժողի իրավահաջորդն ու նրա ներկայացուցիչն էլ  են համոզված, որ Կարեն Կունգուրցեւը չի սպանել Դավիթ Հովակիմյանին։

Նյութը կարող եք ունկնդրել՝ այցելելով այստեղ։

 

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 283
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association