Բաց նամակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին
2018 թվականի հունվարի 10-ին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի ոստիկանության պետի առաջին տեղակալ, ՀՀ ոստիկանության խորհրդակցական մարմնի (Կոլեգիայի) անդամ Հունան Պողոսյանը Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է՝ «Հասարակությունում վխտող բոլոր ճիճուներին, ոջիլներին միշտ պատժել է ոստիկանությունը և շարունակում է պատժել ու շարունակելու է» և «միշտ ոստիկանությունը կոնկրետ էս վիժվածքներին պատժել է»: Հունան Պողոսյանին պաշտոնի նշանակել եք Դուք՝ Ձեր հրամանագրով:
Թեև անչափ կարևոր է, թե ում է ուղղված նրա այդ արտահայտությունները, այդուհանդերձ ցանկանում ենք հասկանալ՝ Դուք նրան պաշտոնի նշանակե՞լ եք այդ դատապարտելի բառապաշարի, թե՞ ոստիկանական գործառույթներ իրականացնելու համար: Ինչ վերաբերում է այդ խոսքերի հասցեատիրոջը կամ հասցեատերերին, ապա որևէ անձ, առավել ևս բարձր պաշտոնատար անձ, իրավունք չունի անձանց մասին նման արտահայտություններ թույլ տալ:
Սույն դեպքում անմեղության կանխավարկածի կամ սահմանադրությամբ երաշխավորված այլ իրավունքների մասին խոսելն ուղղակի ավելորդ է: Պետական բարձրաստիճան պաշտոնյան իր վարքով ու աշխատանքով պարտավոր է օրինակ ծառայել իր ենթականերին ու հանրությանը. դա՞ է Հ. Պողոսյանի օրինակն իր ենթակա ոստիկանության աշխատակիցների կամ հանրության համար: Պահանջում ենք ապահովել Նախագահի հրամանագրի սահմանադրական ինստիտուտի նկատմամբ հարգանքը և քննարկել Հունան Պողոսյանի հետագա պաշտոնավարման հարցը:
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ
Leave a Reply