Ինչու են մարդկանց օրենքի խախտմամբ պահում բանտերում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
| Penitentiary Institutions | No Comments on Ինչու են մարդկանց օրենքի խախտմամբ պահում բանտերում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ակցիայի մասնակիցների դժգոհությունը կապված էր դատական համակարգի գործելաոճ դարձած մի քանի խնդիրների հետ. Հայաստանում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման օրենքը չի կիրառվում, քրեական գործերի վերանայումը դատարանի կողմից գրեթե միշտ մերժվում է, քրեական գործերի գերակշիռ դեպքերում կալանքը որպես խափանման միջոց է կիրառվում, մինչդեռ դա որոշ հոդվածների դեպքում է տեղին:
Բողոքի մասնակից կանայք ցույց են տվել դատական վճիռների փաստաթղթերը, որոնցում երևում է վաղաժամ ազատման ամսաթիվը, որը բոլորի դեպքերում վաղուց անցել է, սակայն դատապարտյալները պահվում են ՔՀԿ-ներում:
Դատապարտյալներից շատերը, օրենքի չկիրառման դեմ բողոքելով, կտրել են երակները, կարել են բերանը և այլ ինքնավնասումների են դիմել, սակայն շարունակում են ՔՀԿ-ներում պահվել:
«Հանձնաժողովը անհիմն մերժում է և չի ազատում մեր տղաներին, եթե ուղղելու համար եք դատապարտել, արդեն ուղղվել են, ինչո՞ւ եք պահում, որ կյանքները խորտակե՞ք: Օրենքը ինչո՞ւ կա, եթե չի գործում: Երկու երրորդից շատ են նստել, ինչո՞ւ համաներում չի հայտարարվում»,- ասել է բողոքող մայրերից մեկը:
Ծնողների մի մասը պնդում էր, որ իրենց որդիները անարդար են դատապարտվել: Այդ դեպքերի մեծ մասը վերաբերում էր Զինված ուժերում հանցագործություններով դատական վճիռներին:
«Եթե իմ որդին մեղավոր է, թող ապացուցեն, թող հրապարակային գնդակահարեն: Բայց իրական հանցագործները արևի տակ ման են գալիս, իմ տղային ցմահ են տվել, թող վերանայեն, ինչո՞ւ են մերժում»,- ասել է բանակում սպանություն կատարելու մեջ մեղավոր ճանաչված և ցմահ դատապարտված երիտասարդի մայրը, ով չի ցանկացել ներկայանալ:
Ակցիային մասնակցում էր նաև իրավապաշտպան, «Հելսինկյան ասոցիացիա»-ի նախագահ Միքայել Դանիելյանը, ով Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ վաղաժամկետ ազատման օրենքը վաղուց չի գործում:
«Վաղաժամ ազատելու հարցով հանձնաժողովը շուտվանից չի աշխատում, մենք այդ խնդրի մասին նամակներ ենք ստանում, սակայն ոչ մի բանով չենք կարող օգնել, քանի որ ստանում ենք «հանձաժողովը որոշել է մերժել» պատասխանը, հաճախ՝ առանց հիմնավորման: Մեծ գումարներով մարդիկ ազատվում են, մեծ կոռուպցիա կա այդտեղ: Ուրիշներն էլ լավ պահում են իրենց, սակայն չեն ազատում: Հետո զանգում են մեզ ու ասում՝ ինչի՞ եմ աշխատում, եթե պետք է նստեմ մինչև վերջ»,- կարծիք է հայտնել Դանիելյանը:
Նրա խոսքով՝ հանձնաժողովի աշխատանքներին պետք է մասնակցեն քաղաքացիական հասարակության անդամներ, սոցիոլոգներ, հոգեբույժներ, իսկ ներկա կառույցը պետք է ցրվի:
Նշենք, որ, ըստ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի անցկացրած ուսումնասիրության, 2010 թվականի տվյալներով՝ վաղաժամկետ ազատվել է դատապարտյալների ընդամենը 7%-ը:
Ակցիային մասնակցում էին նաև մարդիկ, ովքեր բողոքում էին արդարադատության համակարգի մեկ այլ հիմնախնդրից՝ կալանք խափանման միջոցի օգտագործման դեպքերից:
Նատալիա Քրմոյանը Epress.am-ի հետ զրույցում պատմել է, որ իր ամուսնու նկատմամբ քրեական գործ են հարուցել գողության մեղադրանքով և գրավի դիմաց էլ ամիսներ շարունակ հրաժարվում են խափանման միջոցը փոխել:
«Քրեական գործերի 90 տոկոսի դեպքում կալանք են կիրառում, մինչդեռ դա ծայրահեղ միջոց է: Արդյունքում ամիսներով մարդիկ նստում են, ու էդ ընթացքում էլ ոչ մի քննչական գործողություններ չեն կատարվում»,- անդրադառնալով այս խնդրին՝ ասել է Դանիելյանը:
Views 421
Leave a Reply