Skip to main content

Կարեն Կունգորցեվի կալանքի ժամկետը կրկին երկարացվեց

Ինչպես տեղեկացրեց Կունգուրցևի պաշտպան` Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը Կունգուրցևին կալանավորելու կամ դրա ժամկետը երկարացնելու մասին քննիչի կողմից արդեն ներկայացվել է 5 միջնորդություն և դրանք բոլորն էլ բավարարվել են: Ինչպես և նախորդ միջնորդությունները, այս անգամ ևս քննիչը ոչ մի հիմնավոր փաստ կամ ապացույց չէր ներկայացրել դատարանին՝ կալանքի ժամկետի երկարացման հիմնավորման մասին, սահմանափակվել էր բացառապես օրենսդրական ձևակերպումներով: Ըստ էության քննիչը փոփոխում է միայն միջնորդության ամսաթիվը և copy-paste-ի միջոցով յուրաքանչյուր երկու ամիսը մեկ ներկայացնում նույն միջնորդությունը: Սկսած 2013 թվականի դեկտեմբերի սկզբից միջնորդության միակ հիմնավորումը` փորձագիտական եզրակացության ստացումը մնացել է անփոփոխ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանը լիովին բավարարում է քննիչի միջնորդությունները, տպավորություն է ստեղծվում, որ այսպես կարող է շարունակվել անվերջ: Խնդիրը նրանում է, որ քննիչի որոշմամբ նշանակվում է փորձաքննություն, մի քանի ամիս անց ստացվում է դրա եզրակացությունը, քննիչը պարզում է, որ դրանով չեն պարզվել որոշ հանգամանքներ, նշանակում է նոր (կրկնակի) փորձաքննություն, ևս մի քանի ամիս անց ստացվում է նոր եզրակացությունը, հիմա էլ կարիք է առաջանում մեկ այլ փորձաքննություն նշանակել … և այսպես շարունակ: Փաստացի 2013 թվականի դեկտեմբերից մինչև օրս այս հունով ընթանում է գործի նախաքննությունը: Պաշտպանական կողմի ներկայացրած որևէ առարկություն (նաև` գրավ կիրառելու միջնորդությունը) դատարանի կողմից հաշվի չի առնվում: Միակ փոփոխությունը, որը տեղի էր ունեցել այսօրվա նիստի ժամանակ, դա այն էր, որ ի տարբերություն նախորդ 4 դեպքերի, այսօր միջնորդությունը քննեց ոչ թե դատավոր Վ. Հովնանյանը, այլ` դատավոր Ս. Բաղդասարյանը:

Լուսանկարում՝ փաստաբան Ա.Պապիկյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *