Skip to main content

3126 դատական նիստերի մշտադիտարկում՝ 3070 քրեական գործերով․ մեկամյա ծրագրի ամփոփում

9813126 դատական նիստերի մշտադիտարկում՝ 3070 քրեական  գործերով։ Մոտ մեկ տարի շարունակ  60-ից ավելի երիտասարդ  մշտադիտարկողների խմբերը՝ ձեւավորված ուսանողներից, ավագ դպրոցի աշակերտներից,  Երեւան, Շիրակի մարզի Գյումրի եւ Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում  մուտք գործեցին դատարաններ, ինչպես նաեւ իրականացրեցին խաղաղ հավաքների ժամանակ ոստիկանական ուժերի գործողությունների մշտադիտարկում։ Միայն այսքանով, սակայն, նրանց աշխատանքը չի ավարտվել։ Մշտադիտարկման արդյունքները երիտասարդները գրանցել են  500-ից ավելի մշտադիտարկման թերթիկում։

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերից  ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն իրականացրեց «Երիտասարդները հանուն հիմնարար իրավունքների ճանաչման և հարգանքի» ուսուցողական ծրագիրը։ Այն նպատակաուղղված է խրախուսել  հիմնարար իրավունքների պաշտպանությունն ու հարգանքն ազգային օրենսդրությամբ և քաղաքականություններով, ինչպես նաև ՀՀ-ի կողմից միջազգային փաստաթղթերով ամրագրված իրավունքների և պարտավորությունների իրականացման առումով երիտասարդների իրավական գիտելիքի և կարողությունների զարգացման արդյունավետ մեխանիզմի գործարկման և քաղաքացիական հասարակության, մի կողմից, և մյուս կողմից, դատական ու ոստիկանության համակարգերի միջև արդյունավետ հաղորդակցման և փորձի փոխանակման հարթակի ստեղծման միջոցով՝ այդպիսով ներգրավելով երիտասարդներին քաղաքացիական մասնակցության, հանրային բանավեճի և հասարակական պատասխանատվության զարգացման գործընթացներում:

Ծրագրի իրականացման սկզբնական փուլում խմբերում ներգրավված երիտասարդները մասնակցեցին  թեմատիկ ուսուցողական դասընթացների՝ ձեռք բերելով գիտելիք և կարողություն դատաիրավական համակարգի, արդար դատավարության, խաղաղ հավաքների, դրանց ընթացքում ոստիկանական ուժերի՝ օրենքով թույլատրելի գործողությունների, հավաքների ընթացքում վարվելաձևի նորմերի, այլ հարակից իրավունքների և պարտականությունների վերաբերյալ։

Երիտասարդները նաեւ կիսվեցին, թե ինչ ակնկալիքներով են մասնակցում ծրագրին։

Լիանա Արսենյան․ «Ակնկալում եմ լինել տեղեկացված, ճանաչել իմ իրավունքները, լինել համարձակ եւ ձեռք բերել նոր գիտելիքներ։ Հետագայում պատրաստվում եմ ստացածս գիտելիքներն օգտագործել գործնականում, սակայն եթե առիթ էլ չլինի, համոզված եմ, որ դրանք ավելորդ չեն լինի։ Յուրաքնաչյուր ոք պետք է ծանոթ լինի իր իրավունքներին եւ կարողանա դրանք պաշտպանել»։

Արայիկ Գրիգորյան․«Մասնակցում եմ ծրագրին այն ակնկալիքով, որ ստանամ գիտելիքներ շատ կարեւոր հարցերի վերաբերյալ ոչ գրքային, ոչ ավանդական կրթական ձեւաչափով,  եւ գիտելիքները կլինեն ավելի գործնական եւ կիրառական։ Ընտրված թեմաները շատ կարեւոր են մեր հասարակության մեջ։ Գտնում եմ, որ յուրաքանչյուր անհատ պետք է տիրապետի իր հիմնարար իրավունքներին եւ ազատություններին»։

Վահան Թադեւոսյան. «Ծրագրին միանալու նպատակը եղել է իրավաբանական գիտելիքներ ձեռք բերելը։ Քանի որ ուզում եմ դառնալ ակտիվ քաղաքացի եւ ինչ-որ չափով  նպաստել մեր երկրի զարգացմանը։ Կարծում եմ,  որ  այս գիտելիքներ ունենալը շատ կարեւոր է։ Պատրաստվում եմ նաեւ դրանցով կիսվել իմ հասակակիցների հետ»։

Անի Ղազարյան «Ծրագիրը հետաքրքրել է  նրանով, որ ոչ միայն դատարաններում ենք անցկացնելու մշտադիտարկում, այլ նաեւ խաղաղ ցույցերի, հավաքների ժամանակ։ Իմ ներկայությունը որոշակի զգաստություն կտա թե դատարաններում, թե խաղաղ ցույցերի ժամանակ։ Ծրագրից ակնկալիքս՝ իմ փորձն ավելի ամրապնդելն է եւ օգնելը, որ ոստիկանությունն այնպես աշխատի,  որ իմանա՝ իրեն հետեւող աչք կա»։

Իսկ արդարացա՞ն արդյոք «Երիտասարդները հանուն հիմնարար իրավունքների ճանաչման և հարգանքի» ուսուցողական ծրագրի մասնակիցների  ակնկալիքները։ Բոլոր մասնակիցները միանշանակ պնդում են՝ դարձել են ավելի իրավագիտակից քաղաքացիներ, ինչն ամենակարեւորն է այս պարագայում։

Սիլվա Սամվելյան․ «Շատ եմ կարեւորում սեփական  իրավունքների ճանաչումն ու հարգումը, ինչը ծրագիրը տվեց մեզ։ Յուրաքանչյուր ոք պետք է ճանաչի իր իրավունքները եւ հարգի, քանի որ այժմ ականատես ենք լինում թմրամիջոցների օգտագործման կամ բռնության դեպքերի, որոնք կարող են պակասել միայն այսպիսի ծրագրերի մասնակցելու դեպքում»։

Կարինե Միքաելյան․ «Կարողացա ավելի լավ կողմնորոշվել ապագա մասնագիտության ընտրության հարցում․ ապագա իրավաբան եմ։  Ստացած գիտելիքներս կօգտագործեմ հետագայում»։

Միլենա Բաբայան․ «Որպես իրավաբանական ֆակուլտետի ուսանող՝ այս փորձն ինձ համար շատ արժեքավոր է։ Ծրագրի շնորհիվ ոչ միայն կարողացա պատկերացում կազմել ՀՀ դատական համակարգի մասին, այլ նաեւ հասկացա, թե որքան կարեւոր է դատարանի թափանցիկությունը եւ հրապարակայնությունը»։

Հարկ է նշել, որ ծրագրում ընդգրկված երիտասարդների մեծ մասն, նույնիսկ իրավաբանական ֆակուլտետի ուսանողները,  առաջին անգամ մուտք գործեցին  ինչպես դատարան, այնպես էլ ոստիկանության բաժին։

Ծրագրի շրջանակում հարցազրույցներ են անցկացվել նաեւ իրավական ոլորտի մասնագետների հետ։

Փաստաբան Արայիկ Պապիկյանը կարեւորում է մշտադիտարկումը, ինչպես  խաղաղ հավաքների, այնպես էլ  դատական նիստերի դահլիճում։ «Դա զգոնացնում  է հանրային մեղադրողին, եւ նիստերն ավելի կարգապահ են սկսում անցկացնել։ Խաղաղ հավաքների դեպքում էլ կարող է զսպաշապիկ լինել իրավապահ համակարգի ներկայացուցիչների, ոստիկանության այն ներկայացուցիչների համար, որոնք հավաքների ժամանակ քաղաքացիական հագուստով ներդրվում են որպես սադրիչներ։ Մտադիտարկումներն ավելի մեծ դեր ունեն, քան օրենքով սահմանված սահմանափակումներն ու կարգավորումները»,- ասում է Արայիկ Պապիկյանը։

«Իրավունքի ուժ» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը կարծում  է, որ մշտադիտարկում պետք է անցկացվի  բոլոր դատարաններում։ Դրա համար նա ունի իր հիմնավորումը․ «Երբեմն դատավորները դատարանը համարում են իրենց տունը եւ տնավարի նիստեր անցկացնում»։  Նա առավել կարեւորում է երիտասարդների կողմից իրականացվող մշտադիտարկումները։ «Երիտասարդներն ավելի պատրաստակամ են, ավելի ակտիվ ու համարձակ, քանի որ դիտորդությունը երբեմն համարձակություն է պահանջում։ Եւ կարեւոր է, որ երիտասարդներն իրենց աչքերով տեսնեն, թե ինչ է կատարվում դատական համակարգում»։

Փաստաբան Տիգրան Հայրապետյանի գնահատմամբ մշտադիտարկումն ունի զսպող մեխանիզմ․ դատական նիստի մշտադիտարկման ժամանակ դատավորն իրեն ավելորդություններ թույլ չի տալիս։ «Ձայնը չի բարձրացնում, գողական չի գնում նիստերի դահլիճում։  Դա մեծ բացթողումներից է․ դատավորին թվում է, թե ինքը ամեն ինչ կարող է անել»։

Իսկ «Իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամ»-ի իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը դատական մշտադիտարկումը կարեւոր գործիք է համարում  քաղհասարակության եւ ընդհանրապես հասարակության համար։ «Դրանով կկարողանանք  գնահատել դատարանների անաչառությունը, նիստերը վարելու որակը, և  ընդհանրապես՝ մարդու իրավունքների պաշտպանության եւ երաշխիքների պահպանության առումով ինչ խնդիրներ ունի մեր դատական համակարգը»։

Շիրակի պետական համալսարանի  Իրավագիտության ամբիոնի դասախոս Արտակ Հովհաննիսյանը մշտադիտարկումը համարում է փոխադարձ կապի ձեւ։ «Դրանով ոչ միայն  զգոնություն ենք թելադրում դատական համակարգին, այլ նաեւ որպես ակտիվ քաղաքացիներ օգնում ենք իրենց հասկանալու, տեսնելու այն սխալները, որոնք իրենց հայացքով հնարավոր չէ։ Իմ կարծիքով դա ոչ այլ ինչ է, քան օգնություն, ձեռք՝ մեկնված դատական համակարգին»։

Ուսուցողական ծրագրի մասնակիցների համար հատկապես կարեւոր էր այն, որ մշտադիտարկման ընթացքում ծագած  իրենց հուզող հարցերի պատասխանները կարողացան ստանալ հենց դատավորներից  եւ ոստիկանության ներկայացուցիչներից՝ փորձի փոխանակման և հանրային բանավեճի հանդիպումների ընթացքում։

Հանդիպման մասնակից դատաիրավական եւ ուժային կառույցների, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները բարձր գնահատեցին եւ մեծապես կարեւորեցին երիտասարդների իրավական գիտելիքների եւ կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերը, նաեւ այն առումով, որ դրանք ուղղված են քաղհասարակության եւ նշյալ համակարգերի միջեւ համագործակցության հարթակի ձեւավորմանը եւ զարգացմանը։ Նրանք նաեւ պատրաստակամություն հայտնեցին հետագայում ևս համագործակցել՝ առաջարկելով նոր ձեւաչափեր։

Խաղաղ հավաքների ազատության, ինչպես նաեւ արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ տպագրված տեղեկատվական թերթիկները երիտասարդները բաժանեցին Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում։ Անցորդները՝  հատկապես տղաները,  մեծ հետաքրքրությամբ էին լսում ծրագրի մասնակիցների կողմից թերթիկների տեղեկույթի ներկայացումները եւ պատրաստակամ վերցնում դրանք։

Ծրագրի վերջում ակտիվ մասնակիցներին շնորհվեցին մասնակցության հավաստագրեր։ Երիտասարդները մի կողմից ուրախ էին, մյուս կողմից տխուր՝ ծրագիրն ավարտվեց։ Այդուհանդերձ, նրանց մեծ մասը ցանկություն հայտնեց  շարունակել համագործակցոությունը կազմակերպության հետ՝ դատական և խաղաղ հավաքների մշտադիտարկման ոլորտներում։

Ի դեպ, մասնակիցներն իրենց ընկերների եւ հարազատների հետ կիսվել էին ծրագրի  հետաքրքրության եւ կարեւորության մասին, և արդեն կան երիտասարդներ, ովքեր ցանկություն են հայտնել ընդգրկվել հետագա ծրագրերում։

 

Սույն հոդվածը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հոդվածում արտահայտված է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության դիրքորոշումը, որի համընկնումն ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով