Կոնգրեսի ակտիվիստների գործով դատական նիստը կրկին հետաձգվել է
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 9-ին` Կոնգրեսի 7 ակտիվիստներ բերման էին ենթարկվել Երևանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի արդյունքում: Հաջորդ օրը ակտիվիստները ձերբակալվել էին, իսկ մի քանի օրվա ընթացքում նրանցից 6-ին ազատ էին արձակել` երկրից չբացակայելու ստորագրության դիմաց: Անազատության մեջ էր մնացել միայն Տիգրան Առաքելյանը: Նրան և Արտակ Կարապետյանին մեղադրում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, իսկ Սարգիս, Արեգ, Վահագն Գևորգյաններին, Սահակ Մուրադյանին և Դավիթ Քիրամիջյանին` խուլիգանության մեջ:Մեղադրյալները նախաքննության ընթացքում ցուցմունք են տվել` ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությունների ենթարկվելու վերաբերյալ:Այսօրվա դատական նիստին էլ բացակայում էր երիտասարդներից երեքի փաստաբան Ստեփան Ոսկանյանը:Նրա հետ կապ հաստատել չի հաջողվել և դատավորը որոշեց հետաձգել դատական նիստը` այն նշանակելով դեկտեմբերի 27-ին, ժամը 12.00-ին: Նշենք, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս դատական նիստն անցկացվում էր բավական փոքր դահլիճում, և այնտեղ մի կերպ տեղավորվում էին լրագրողները, մեղադրվող երիտասարդների մի քանի հարազատներ և մեծ թվով ոստիկաններ` կարմիր բերետավորներ և քաղաքացիական հագուստով ոստիկաններ, որոնք գործով անցնում են որպես վկաներ: Նրանց մի մասն էլ դահլիճում տեղ չլինելու պատճառով մնացել էին կանգնած:Տեղեկացնենք նաև, որ այս քրեական գործում որպես վկա հանդես եկող ոստիկանների թվում է նաև Կենտրոնի ոստիկանության աշխատակից Էրիկ Պողոսյանը, ով Տիգրան Առաքելյանի մեկ այլ գործում հանդես էր եկել որպես տուժող: Երբ հրապարակվեց նրա անունը` որպես գործում ներգրավված վկա, դահլիճում ներկաները սկսեցին ծիծաղել, լսվեց` «մշտական տուժող» արտահայտությունը:Նշենք, որ դատարանի դռների մոտ հավաքվել էին Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստները, որոնք ձեռքներին պահում էին Տիգրան Առաքելյանին անհապաղ ազատել արձակելու պահանջ պարունակող պաստառներ:
Տեսանյութը` Հելսինկյան ասոցիացիայի
Leave a Reply