Կոնգրեսի ակտիվիստի պաշտպանի միջնորդությունը 2.5 ժամ քննարկվելուց հետո մերժվել է

| | Leave a Comment

Օգոստոսի 9-ին Կոնգրեսի 7 ակտիվիստներ բերման էին ենթարկվել Երևանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի արդյունքում: Հաջորդ օրը ակտիվիստները ձերբակալվել էին, իսկ մի քանի օրվա ընթացքում նրանցից 6-ին ազատ էին արձակել` երկրից չբացակայելու ստորագրության դիմաց: Անազատության մեջ էր մնացել միայն Տիգրան Առաքելյանը:Այսօրվա դատական նիստի ժամանակ երիտասարդներից Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը միջնորդություն է  ներկայացրել իր պաշտպանյալների նկատմամբ հարուցված քրեական գործը կարճել և  դադարեցնել քրեական հետապնդումը, քանի որ այս գործով նախաքննությունը կատարվել է ոչ օբյեկտիվ, իսկ միջադեպի օրը ոստիկանների կողմից կատարված ապօրինի գործողությունները քողարկվել են այդ գործում և իր պաշտպանյալների նկատմամբ անհիմն մեղադրաքներ են ներկայացվել:Բացի դրանից, պաշտպանը միջնորդության մեջ նշել է, որ իր պաշտպանյալները  ծեծի են ենթարկվել ոստիկանության մի խումբ աշխատակիցների և կարմիր բերետավորների կողմից, նրանց ծեծել են  ոչ միայն բերման ենթարկելիս, այլ նաև ոստիկանական բաժանմունքում:Պաշտպանը հավելել է, որ  միջադեպի օրը ոստիկանների թիվը շատ մեծ է  եղել, և դա արվել է  նպատակային` երիտասարդների քաղաքական հայացքների համար:Տիգրան Առաքելյանը միջնորդել է, որպեսզի միջնորդությունը իրեն ևս վերաբերվի և որևէ մեկը դա չի առարկել: Դատավորը այս միջնորդության որոշումը հետաձգել է:Այնուհետև  Տիգրան Առաքելյանի պաշտպան Վահե Գրիգորյանը միջնորդել է փոխել Առաքելյանի խափանման միջոցը կամ նրան գրավի դիմաց ազատ արձակել: Գրիգորյանը նաև նշել է, որ Առաքելյանին կալանքի տակ պահելու համար չկան բավարար փաստեր, և մեղադրողը չի կարող բերել անգամ մեկ փաստ, որը կապացուցի, որ իր պաշտպանյալը, լինելով ազատության մեջ, կարող է  խոչընդոտել քննությանը կամ թաքնվել նախաքննական մարմնից:Մեղադրողը, սակայն, փորձել է բերել մի փաստ, որն առաջացրել է  դահլիճում ներկա գտնվողների ծիծաղը: Նա նշել է, որ միջադեպի օրը իրենց ունեցած տեսնյութում երևում է, որ Տիգրան Առաքելյանը արյունոտ վերնաշապիկով է, այնուհետև նա երևում է  մերկ, իսկ քիչ անց` մաքուր վերնաշապիկով: Եվ դա մեղադրող դատախազ Մարտիրոսյանին հիմք է տալիս կարծելու, որ Առաքելյանը ազդեցություն կարող է  ունենալ իր ընկերների վրա և խոչընդոտել քննությանը: Բացի դա, դատախազը  նշել է, որ կա այս գործից անջատված մաս: Փաստաբանը հարցրել է, թե ինչ կապ ունի դա անջատված մասի հետ, և հավելել, որ այն, ինչ ասում է  դատախազը, ոչ մի տեղ նշված չէ: Դատախազը իր առարկությունը չի հիմնավորել:Միջնորդության որոշում կայացնելու համար դատավոր Գագիկ Պողոսյանը երկու ժամից ավել գտնվել է խորհրդակցական սենյակում, այնուհետև հայտարարվել է կես ժամ ընդմիջում: Ընդմիջումից հետո դատավորը մերժել է միջնորդությունը: Այնուհետև  հարցաքննվել է առաջին տուժողը: Հաջորդ դատական նիստը կկայանա   2012 թվականի հունվարի 24-ին, ժամը 14.00-ին:

 

Տեսանյութը` Հելսինկյան ասոցիացիայի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *


© HAHR. All rights reserved.
Designed by Hakob Jaghatspanyan.

Էջի սկիզբ