Skip to main content

Բանակային գործով անցնող վկան պատմել է՝ ինչպես են իրեն շանտաժի ենթարկել ՌՈ-ում

«Մեհրաբ» զորամասում 3 զինծառայողների կողմից լեյտենանտ Դավիթ Մկրտչյանին ծեծի ենթարկելու գործով դատավարության ընթացքում շարունակում են ցուցմունք տալ վկաները: Երեկ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվել է երկու վկա՝ զորմասում դեպքի ժամանակ ծառայած, իսկ այժմ զորացրված շարքային Արմեն Նազարյանը և զորամասի հրամանատարի տեղակալ Մանվել Թևանյանը:
Նազարյանը, ինչպես  նախորդ նիստին ցուցմունք տված վկաները, հայտնել է, որ իրեն ռազմական ոստիկանությունում ստիպել են ցուցմունք տալ ամբաստանյալների դեմ: Նազարյանի խոսքով՝ իրեն շանտաժի են ենթարկել՝ ասելով, որ  եթե իրենց ուզած ցուցմունքը չտա, ապա իր դեմ հարուցված մեկ այլ գործով կդատեն:
Վկան նշել է, որ իր ծառայության ժամանակ՝ մինչև միջադեպը, իրեն ծեծի են ենթարկել սպաները, այդ թվում՝ այս գործում որպես տուժող անցնող Մկրտչյանը:
Հարցաքննված մյուս վկան՝ Թևանյանը ասել է, որ Դավիթ Մկրտչյանն իրեն պատմել են, թե երկու զինվորներ ծեծել են իրեն: Նա նաև գովել է Մկրտչյանին՝ նշելով, որ վերջինս լավ սպա է: Թևանյանը նաև նշել է՝ տեղյակ չի եղել, թե Մկրտչյանը այլ գործով պայմանական ժամկետ է ստացել զինվորներին ծեծի ենթարկելու համար:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ զինծառայող եղբայրներ Կառլեն և Արտակ Սարգսյանները ու Մանուկ Մարգարյանը ծեծի են ենթարկել լեյտենանտ Դավիթ Մկրտչյանին: Մեղադրյալները պնդում են, թե Մկրտչյանն առաջինն է հարվածել, որից հետո Կառլենը մեկ պատասխան հարված է հասցրել, իսկ մյուս երկու զինծառայողները փորձել են հաշտեցնել նրանց:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Տեղեկատվությունը՝ Epress.am-ի
Տեսանյութը՝ Արման Վեզիրյանի, Հելսինկյան Ասոցիացիա

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով